×

Սոնա Միքայելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայկական գինիների վեց անուն՝ Vino & Vino-ի պորտֆելում

Vino & Vino ընկերությունը Հայաստանում ներկայացնում է ներմուծված գինիների եւ ալկոհոլային խմիչքների շատ մեծ պորտֆել, բայց ընկերությունը նաեւ հայկական մի քանի գինու պաշտոնական ներկայացուցիչ է:

GastroVino-ի հետ զրույցում Vino & Vino-ի մարքեթինգի ղեկավար Սոնա Միքայելյանը ներկայացրել է հայկական 6 գինի եւ նշել, որ դրանք շուկայում շատ սիրված են սպառողների կողմից:

Yacoubian-Hobbs

Yacoubian-Hobbs-ը մեր պորտֆելի ամենայուրահատուկ հայկական գինիներից մեկն է: Yacoubian-Hobbs-ը աշխարհահռչակ գինեգործ Պոլ Հոբսի եւ Յակուբյան ընտանիքի համատեղ նախագիծն է, որոնց համագործակցությունը սկսվել է դեռ 2008 թվականից:

Փոլ Հոբսն անձամբ է մասնակցում գինու պատրաստման գործընթացին, հետեւում բերքահավաքին, փորձում կարգավորել արտադրման բոլոր պրոցեսները: Փոլ Հոբսի եւ Վիգեն Յակուբյանի ծանոթության մասին հետաքրքիր պատմություն կա: Վիգեն Յակուբյանը Փոլ Հոբսի գինիներից մեկը համտեսելիս շատ է հավանել, իսկ Փոլը այդ ժամանակ իր հեռախոսի համարը գրել է խցանների վրա (գերազանց մարքեթինգային լուծում), Վիգեն Յակուբյանը զանգահարել է հայտնելու իր հիացմունքը, այդպես նրանք ծանոթացել են, շփվել եւ սկսել է իրենց ընկերությունը, ինչի արդյունքում էլ ծնվել են Yacoubian-Hobbs գինիները:

Սոնա Միքայելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Yacoubian-Hobbs-ից մեզ մոտ ներկայացված են Areni, Sarpina կարմիր եւ սպիտակ բլենդ գինիները: Sarpina (Սարպինա) են անվանել գինիների ռեզերվ տարբերակը, որը, կարծում եմ, նույնպես հիանալի որոշում է, քանի որ «սարպինա» բառը հիշատակվում է գինու մասին հին հայկական մատյաններում: Այսպես են անվանել այն փայտե ձողերը, որոնց վրա խաղողի վազը փաթաթվել է:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Yacoubian-Hobbs սպիտակ բլենդ գինին պատրաստվել է Ոսկեհատ, Խաթունի, Քրդի եւ Գառան դմակ խաղողի տեսակների համադրությունից:

Z’art

Հայկական բուտիկային գինեգործությունը ներկայացնող Z’art գինիները մեզ մոտ ներկայացված են արտադրման օրվանից՝ ավելի քան երեք տարի: Այս արտադրողը երիտասարդական, թեթեւ, համեղ գինիներ է ներկայացնում՝ կրկին գին/որակ շատ լավ համադրությամբ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Z’art-ը երեք տեսակ գինի է արտադրում՝ կարմիր, սպիտակ եւ վարդագույն: Կարմիրը եւ վարդագույնը պատրաստվում են Արենի եւ Կախեթ խաղողի տեսակների համադրությունից, իսկ սպիտակը՝ Ոսկեհատ եւ Լալվար:

Moukh

Մեզ մոտ ներկայացված հայկական գինիներից հաջորդը Moukh-ն է, որն առաջին հայացքից անմիջապես տարբերվում է իր մինիմալիստական պիտակով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այն ընտանեկան գինեգործության արտադրանք է, որն իր անունը ստացել է Վայոց ձորում Փափազյան ընտանիքի խաղողի այգիները հսկող շան պատվին: Այս գինին եւս պատրաստվել է Արենի խաղողի տեսակից: Այն գինիներից է, որը կատարյալ  գին/որակ համադրություն ունի:

Caprae Wines

Caprae-ն նորություն է շուկայում: Այն այս տարի է մտել շուկա, բայց արդեն հասցրել է գրավել գինեսերների ուշադրությունը եւ սիրվել: Caprae-ի կարմիր եւ սպիտակ գինիները պատրաստվել են Արմավիրի մարզի Ազատափ գյուղում աճող Արենի եւ Կանգուն խաղողի տեսակներից:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս գինիները որակական հատկանիշներից բացի՝ առանձնանում են իրենց գեղեցիկ պիտակով, որին պատկերված խոյը հին լեգենդի մասին է պատմում: Ըստ այդ լեգենդի՝ մարդիկ գինին հայտնաբերել են հենց խոյերի միջոցով, որոնք արեւի տակ թափված, ֆերմենտացիա անցած ու «գինի» դարձած խաղողը կերել եւ «ուրախացել» են:

Կոտոշ

Կոտոշ գինու բրենդը հետաքրքիր է նրանով, որ այն տարբեր արտադրողների մոտ ստեղծում է տարբեր գինիներ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կոտոշն իր գինիների համար Արենիից, Կանգունից Ոսկեհատից բացի՝ օգտագործում է նաեւ հին հայկական Տիգրանի, Չարենցի, Կարմրահյութ խաղողի տեսակները, որոնց համադրությունից ստանում է Կոտոշ ռեզերվ գինին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կոտոշը նաեւ բալի կիսաքաղցր գինի ունի, որը շատ լավ համադրվում է աղանդերի հետ:

Nor Areni

Այս արտադրողը եւս մեզ մոտ ներկայացված է երեք՝ կարմիր, վարդագույն եւ սպիտակ գինիներով, որոնք պատրաստվում են Արենի եւ Ոսկեհատ խաղողի տեսակներից:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Nor Areni-ն եւս երիտասարդ արտադրող է, ընկերության առաջին շշալցումը կատարվել է 2020 թվականին: Բերքահավաքի ժամանակ 15 հա խաղողի այգիներից ընտրվում են միայն լավագույն պտուղները, որոնք եւ հետագայում դառնում են գինի։

Հայկական գինիների պորտֆելին կարող եք ծանոթանալ այստեղ:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին