×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայկական սիդր, ազնվամորու լիկյոր եւ գինիներ՝ Spirit of Armenia-ում

Սեպտեմբերի 9-11-ը Երեւանի Անգլիական այգում անցկացվել է Spirit of Armenia ալկոհոլային խմիչքների համահայկական երկրորդ փառատոնը։ Այս տարի փառատոնին մասնակցել է 42 տաղավար՝ մոտ 500 արտադրատեսակով։

Փառատոնի մասնակիցները տաղավարներում ներկայացրել են գինի, օղի, կոնյակ, լիկյոր, գարեջուր, վիսկի, սիդր եւ այլ խմիչքներ։

Villa Armos-ի «Քրաֆթ Սիդրը»

Villa Armos-ի արտադրանքը նոր է, կազմակերպությունը փառատոնին մասնակցում է առաջին անգամ։ Տաղավարը ներկայացնող Դավիթ Դավթյանը պատմել է, որ եղբայրների հետ միասին այս տարվա գարնանից սիդր են արտադրում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Սիդր պատրաստելու տեխնոլոգիան պապինս է, նա տարիներ շարունակ այդ եղանակով պատրաստել եւ սերնդեսերունդ փոխանցվել է սիդրի իր տարբերակը։ Խմիչքը պատրաստում ենք մեր այգիներում աճող «Սիբիրենկո», «Այդորեդ» տեսակի կարմիր եւ «Գոլդեն» տեսակի քաղցր խնձորից։ Առայժմ ունենք երեք տեսակի սիդր՝ Traditional Dry, Medium եւ Golden Delicious»,- ասել է նա։

Դավիթ Դավթյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դավիթ Դավթյանը պատմել է, որ սիդրը պատրաստվում է նույն եղանակով, ինչ գինին, այս դեպքում, սակայն, խնձորի գինին գազավորվում է հատուկ սարքերով։ Նրա խոսքով՝ «Քրաֆթ Սիդրի» խմորումն անցնում է առանց հավելյալ շաքարի եւ այլ հավելումների, ստացվում է 6% ալկոհոլայնությամբ խմիչք։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Արտասահմանցիներն առայժմ ավելի շատ են խմում սիդր, ոմանք նաեւ հետաքրքրվում են արտահանմամբ։ Ծավալներն ավելանալու են, բայց փորձում ենք նախ հայկական շուկայում լավ ներկայացված լինել, հետո մտածել երկրից դուրս հանելու մասին։ «Քրաֆթ Սիդրը» այժմ վաճառվում է Երեւանի մի քանի սուպերմարկետում, բարերում ու փաբերում, նաեւ մարզեր ենք ուղարկում։ Այս տարի պլանավորում ենք ունենալ եւս մեկ՝ պրեմիում տեսակի տանձի սիդր»,- ասել է Դավիթ Դավթյանը։

Ընտանեկան արտադրություն

Palanjyan wine-ի ընտանեկան տաղավարում կա ծիրանի կոնյակ, բալի լիկյոր եւ գինի, ազնվամորու եւ մուսկատի մաճար, գինի, ազնվամորու եւ մոշի օղիներ։

Պետրոս Փալանջյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ընտանեկան արտադրանքը ներկայացնում է Պետրոս Փալանջյանը. «Երեսուն տարի է՝ զբաղվում եմ գինեգործությամբ, իսկ որդիներս պրոֆեսիոնալ կոնյակագործներ են։ Ամեն ինչ սկսեց նրանից, երբ «Սովետը քանդվեց»։ Երկու բարձրագույն կրթություն ունեմ, բայց անգործությունից սկսեցի զբաղվել գինեգործությամբ։ Խմիչքների հումքը գնում եմ մրգագործներից, մասսայական վաճառք չունենք, արտադրանքը մեծ քանակներով չէ։ Վերջերս թոռնիկ եմ ունեցել եւ նրա պատվին նոր օղի եմ պատրաստել՝ «Աստղիկ» անունով, որոշել եմ ամեն թոռնիկիս անունով նոր եւ յուրահատուկ խմիչք պատրաստել»,- ասել է Պետրոս Փալանջյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նա նաեւ նշել է, որ Երեւանում մառան ունեն, որտեղ տուրեր, վարպետաց դասեր ու համտեսեր են անցկացնում։

WineDoor-ի տաղավարը

WineDoor-ը երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին եւ հանդես գալիս որպես գլխավոր հովանավոր։ Ընկերության մարքեթինգի մենեջեր Ռաֆայել Հախնազարյանը պատմել է, որ այս տարի տաղավարը ներկայացել է 5 տեսակի գինով՝ երկու կարմիր, մեկ օրանժ, սպիտակ եւ նռան։

Ռաֆայել Հախնազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռաֆայել Հախնազարյանը պատմել է տաղավարում ներկայացված «Դուռ» կարմիր անապակ գինու մասին․«Այն 60%-ով կազմված է ծովի մակարդակից մոտ 1750 մետր բարձրության վրա գտնվող Խաչիկ գյուղում աճող Արենիից եւ 40%-ով՝ Վայոց Ձորում աճող Սիրայից։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինին ունի վառ արտահայտված կարմիր հատապտուղների, դաղձի, մանուշակների եւ պղպեղային բույրեր, պղպեղի արտահայտիչ համ: Այն վառ, բյուրեղյա մաքուր, հագեցած սուտակագույն է, պատրաստված է ձեռքով հավաքած եւ մանրակրկիտ ընտրված խաղողից»։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Տաղավարում նաեւ կան 3-30 տարեկան կոնյակներ, «eau de vie»-ներ՝ մրգային օղիներ, ունենք վայրի տանձի, հոնի, դեղձի եւ խաղողի»,- ասել է նա։

Spirit of Armenia N2

Փառատոնի հիմնադիր Արման Զաքարյանը պատմել է, որ այս տարի կան եւ նոր, եւ նախորդ տարի փառատոնին ներկայացած մասնակիցներ, որոնք նոր տեսականիով են հանդես գալիս։

Արման Զաքարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Փառատոնի ընթացքում խաղող է ճզմվում, որի հյութը հանձնելու ենք մեր գործընկեր գինեգործներից մեկին եւ նա դրանից գոնե մեկ շիշ պրոդուկտ է պատրաստելու, հետո այն շշալցնելու ենք եւ պահեստավորենք որպես Spirit of Armenia N2»,- ասել է նա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Spirit of Armenia փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականին եւ ունեցել է 200 մասնակից, որոնք ներկայացել են Հայաստանում եւ Արցախում արտադրվող 1 500 տեսակի ալկոհոլային խմիչքով։
 
Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին