×

Spirit of Armenia փառատոն. հայկական ջին, տնական օղի, ուսանողական գինի

Հայկական ալկոհոլային խմիչքներ արտադրողները հավաքվել են Երեւանի Անգլիական այգում՝ մասնակցելու Spirit of Armenia համահայկական փառատոնին։


Առաջին անգամ անցկացվող փառատոնի 200 մասնակիցները ներկայանում են Հայաստանում եւ Արցախում արտադրվող 1 500 տեսակի խմիչքով։ Տաղավարներում կարելի է համտեսել եւ գնել գինիներ, տարբեր եղանակներով պատրաստված օղիներ, կոնյակ, գարեջուր եւ ալկոհոլային այլ խմիչքներ՝ ճանաչելի եւ լայն սպառման համար դեռևս անծանոթ անուններով։


Փառատոնի կազմակերպիչները Prom Expo ընկերությունն ու Azd production-ն են։ Prom Expo ընկերության հիմնադիր Արման Զաքարյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ Spirit of Armenia-ն կազմակերպությունների համագործակցության առաջին փորձը չէ, նրանք համատեղ անցկացնում են նաեւ «Սուրճի եւ թեյի փառատոն»-ը։

Արման Զաքարյանը


«Spirit of Armenia-ի միջոցով փորձել ենք մեկ հարթակում հավաքել հայկական արտադրության ամենահետաքրքիր խմիչքները։ Յուրաքանչյուր արտադրող ունի իր տեխնոլոգիան, սարքավորումն ու հետաքրքիր ձեռագիրը։ Կարելի է ասել, որ փառատոնը մեկտեղել է ավանդականն ու մեքենայացվածը։


Այս ընթացքում ինքներս մեզ համար բացահայտել ենք ալկոհոլային տարբերվող եւ հետաքրքիր հայկական խմիչքներ»,- ասել է Արման Զաքարյանը։

Օղու թորում

Որոշ արտադրողներ ոչ միայն պատրաստի արտադրանքով են ներկայացել, այլեւ այն սարքերով, որոնց միջոցով պատրաստում են ալկոհոլային խմիչքները, իսկ տաղավարներից մեկում էլ որոշել են ցույց տալ թորման պրոցեսը։ Հյուրերը մոտենում են թորման սարքին, բաժակների մեջ լցնում փոքրիկ ծորակից հոսող օղին ու համտեսում։


Տաղավարի «տերերը» Արթուր Մկրտչյանն ու Սուսաննա Հակոբյանն են: Եթե առաջինը փորձում է հյուրերին տալ ջրի պես հոսող օղուն վերաբերող հարցերի պատասխանները, ապա Սուսաննան ներկայացնում է արդեն պատրաստի եւ շշալցված արտադրանքն ու իր պատրաստած չրերը։

Սուսաննան ասում է, որ մրգային «տնական օղի» սկսել են արտադրել երեք տարի առաջ, շշերը դեռ «մերկ» են, նաեւ անվանում չունեն, բայց կարճ ժամանակ անց կավարտեն բրենդավորման պրոցեսը եւ օղիները վաճառքի կհանվեն պիտակներով։

Սուսաննա Հակոբյանը


«Խմիչքը պատրաստում ենք հատուկ սարքավորման միջոցով՝ Արարատյան դաշտավայրի եւ Հայաստանի մյուս մարզերից բերված մրգերից։ Օղու համն ու բույրը կախված է նրանից, թե որքանով է հասունացած միրգը։ Տաղավարում ներկայացնում ենք ծիրանի, դեղձի, սալորի, արքայանարնջի եւ թթի օղիներ։ Մեզ մոտ տեղի է ունենում նաեւ մրգային օղիների հնեցում եւ մեզ հետ բերել ենք նաեւ մեր առաջին արտադրանքներից մեկը՝ ծիրանի երեք տարեկան օղին»,- ասել է նա։

Ուսանողական տաղավար

«Տնական օղու» տաղավարից մի փոքր հեռու՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տաղավարում, ներկայացված են «Սերունդ» կարմիր անապակ եւ կարմիր անապակ ռեզերվ գինիները, որոնք պատրաստվել են 2018 թվականի բերքից, շշալցվել 2020 թվականին, իսկ հնեցումը կատարվել է կաղնու տակառներում։

Մարիամ Միրանյանն ու Աննա Մելքոնյանը


Տաղավարի հյուրերին դիմավորում են «Գինու տեխնոլոգիա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Մարիամ Միրանյանն ու Աննա Մելքոնյանը, նրանք՝ ինչպես համալսարանի շատ այլ ուսանողներ, արտադրական պրակտիկայի ընթացքում մասնակցել են «Սերունդ» գինիների պատրաստման գործընթացներին։

Լուսինե Մնացականյանը


Ուսանողները մասնակցել են բերքահավաքին, մթերմանը եւ համալսարանի տեխնոլոգների ղեկավարությամբ պատրաստել գինին, տեղեկացնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։


«Սերունդ» գինիների պիտակի վրա պատկերված է վարպետի ձեռքից աշակերտի ձեռքին փոխանցվող խաղողի ճյուղ, որը խորհրդանշում է գիտելիքի հավերժությունը, գինեգործության վեցհազարամյա վարպետության եւ լավագույն ավանդույթների շարունակականությունը։

Հայկական ջին

Spirit of Armenia-ի տաղավարներից մեկում «117» անվանմամբ հայկական ջինն է։ Ստեղծողները պատմում են, որ գաղափարը եղել է դեռ մի քանի տարի առաջ, բայց վերակենդանացել է 44-օրյա պատերազմից հետո։ Հեղինակները ընկերներ են, ովքեր պատերազմի օրերին եղել են Մարտակերտի 117 մարտական դիրքում։ Վերադարձից հետո որոշել են իրագործել ջին ստեղծելու գաղափարը եւ հենց մարտական հենակետի անունով էլ կոչել այն։


Հեղինակներից Վրեժ Անտոնյանը պատմել է, որ հայկական ջինի հումքը բերվել է Արցախից, այն պատրաստված է ցորենի 99 տոկոսանոց սպիրտով, 7 տեսակի համեմունքով ու հետաքրքիր այլ բաղադրիչներով։


«117»-ը արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ Spirit of Armenia փառատոնին ներկայացնելու համար։ Ստեղծողներն ասում են, որ այն ամբողջությամբ «ձեռքի աշխատանք է»՝ շշալցնելուց մինչեւ պիտակ եւ խցան։

Վարպետաց դասեր

Spirit of Armenia ալկոհոլային խմիչքների առաջին համահայկական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կավարտվի սեպտեմբերի 12-ին։


Ոլորտի մասնագետներն այս օրերի ընթացքում կանցկացնեն անվճար վարպետաց դասեր գինու մատուցման արվեստի, գարեջրի նոր մշակույթի ձեւավորման եւ այլնի մասին։

Կազմակերպիչները մտադիր են փառատոնը դարձնել ամենամյա։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին