Երեւանի կոնյակի գործարանն ավարտել է շենքի արտաքին տեսքի բարելավման աշխատանքները, որոնք միտված են առավել ընդգծելու Երեւանի համայնապատկերի վառ եւ անքակտելի մաս հանդիսացող շինության հմայքը։
Հիմնական աշխատանքներն ուղղված էին գլխամասային շենքի կամարաձեւ հատվածի, ինչպես նաեւ գագաթային հատվածում տեղակայված տարբերանշանի արդիականացմանը։
Մշտապես օրակարգում պահելով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը` նոր լուսավորությունն աշխատում է բացառապես էներգախնայողական համակարգերով։
Անվանի հայ ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված Երեւանի կոնյակի գործարանի շենքը տարիներ շարունակ հանդիսանում է Երեւանի խորհրդանիշերից մեկը եւ մարմնավորում է ճարտարապետական բացառիկ լուծումներ։ Այս իմաստով արդիականացված լուսավորությունը նպատակ ունի ընդգծելու Երեւանի կոնյակի գործարանի անկրկնելի դիմագիծը եւ առանձնահատուկ հմայք հաղորդելու գիշերային Երեւանին։
«Երեւանի կոնյակի գործարանն ընկերության յուրաքանչյուր աշխատակցի համար ոչ միայն աշխատավայր է, այլեւ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը, ուստի նրա պահպանումն ունի թե՛ աշխատանքային, թե՛ էմոցիոնալ կարեւորություն։
Հետեւապես, հայկական կոնյակագործության հոբելյանական այս տարում մենք իրականացրեցինք ընկերության արտաքին տեսքի եւ նրա հարակից տարածքների բարելավման մի շարք աշխատանքներ՝ կանաչապատումից մինչեւ լուսավորում, ինչը, կարծում եմ, կնպաստի կոնյակագործական անկրկնելի ժառանգության առավել գունեղ ներկայացմանը թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների համար։ Երեւանյան երեկոները շատերիս համար յուրատեսակ վայելք են, որոնց նոր շունչ կհաղորդեն ARARAT-ի նոր լույսերը», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: