×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Հաղթանակից» ծնվող Galar Vines-ը եւ վիճակահանության «գաղտնիքը»

Երբեմն, լինում է այնպես, որ ոչ թե գինեգործն է ընտրում խաղողի տեսակը, այլ հակառակը՝ խաղողն է ընտրում գինեգործին: Այդպես էլ եղել է Galar Vines-ի հեղինակ Հակոբ Կազանջյանի դեպքում, բայց մի փոքր «խարդախությամբ»:

Հակոբը Հայաստան է տեղափոխվել Սիրիայից, Galar գինիների արտադրությունը սկսել է կնոջ՝ Գոհար Շահինյանի հետ, բայց մինչեւ այդ, ինչպես ինքն է նշում՝ գալար ճանապարհներով է անցել, ինչի մասին էլ պատմել է GastroVino-ի հետ զրույցում:

Կրթությունը հայրենիքում

Հակոբը ծնվել եւ մինչեւ 18 տարեկանն ապրել է Սիրիայում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2006 թվականին, տեղափոխվել է Հայաստան՝ բարձրագույն կրթություն ստանալու եւ Հայաստանում մշտական մնալու հեռանկարով:

«Կրթության համար Հայաստան տեղափոխվելու ավանդույթն արդեն ընտանիքում կար՝ ինձնից առաջ քույրս էր Հայաստանում սովորել: Ծնողներիցս է եկել այդ դրվածքը, որ առնվազն բարձրագույն ուսումը պետք էր ստանալ հայրենիքում: Տեղափոխվեցի եւ ընդունվեցի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարան, երկու տարի սովորեցի շինարարության ֆակուլտետում: Հայրս ինժեներ է, մտածում էինք` կսովորեմ եւ հորս հետ Հայաստանում գործ կսկսենք: Կարճ ժամանակ անց հասկացա, որ դա իմ մասնագիտությունը չէ: Ժամանակակից պատմությունը, քաղաքականությունը, Միջին Արեւելքն ինձ ավելի հոգեհարազատ էին այդ ժամանակ եւ տեղափոխվեցի ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետ: Ուսմանը զուգահեռ սկսեցի աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- պատմում է նա:

Հակոբ Կազանջյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ավելի քան տասը տարի ծրագրավորմամբ զբաղվելու ընթացքում Հակոբը որոշել է բաց չթողնել նաեւ գինեգործության ոլորտում գիտելիքներ ստանալու հնարավորությունը:

«2019թ.-ին տեղեկացա, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) սիրիահայ եւ տեղացի խոցելի խմբերի համար տնտեսական ինտեգրման ծրագրի շրջանակում գինու բիզնեսի եւ գինեգործության մասին խտացված դասընթացներ է անցկացնում: Դասընթացը հաջողությամբ ավարտող 6 լավագույն մասնակից ինկուբացիոն փուլ պետք է անցնեին եւ արտադրեին իրենց սեփական գինին: Որոշեցի մասնակցել, չնայած որ մինչեւ այդ առնչությունս գինու հետ սպառողից այն կողմ չէր անցել: Դե սիրիահայերը մոտ են արհեստագործությանը, խոհարարությանը, բայց ոչ գինեգործությանը: Դասընթացին որպես տեղացի մասնակից միացավ նաեւ կինս, բայց այն ավարտող լավագույնի 6 մասնակցի մեջ ընդգրկվեցի միայն ես, որպեսզի շահերի բախում չլինի»:

Գոհար Շահինյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գոհարը ծնվել է Հայաստանում, բայց 11 տարեկանում ընտանիքի հետ միասին տեղափոխվել ԱՄՆ: Նա 2013թ,-ին «Դեպի Հայք» նախագծի միջոցով վերադարձել է Հայաստան, կամավոր աշխատանքի անցել գյուղական համայնքներում պասիվ արեւային ջերմոցներ հիմնող կազմակերպությունում, ինչից հետո էլ հիմնական աշխատանքի անցել: Գոհարն այժմ աշխատում է Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամում:

«Խաղողի այգիների ռեգիստրի ծրագիրն ենք իրականացնում, քարտեզագրում ենք Հայաստանի այգիները: Մասնագիտությամբ աշխարհագրական տեղեկատվական համակարգի հեռահար զոնդավորող եմ, ինչն էլ ինձ օգնում է ավելի մանրակրկիտ մոտենալ քարտեզագրման ծրագրին»,- ասում է Գոհարը:

«Ես գինի խմել սովորեցի, Հակոբը՝ պատրաստել»

Գոհարը կես կատակ, կես լուրջ անկեղծանում է՝ դասընթացները Հակոբին գինի պատրաստել են սովորեցրել, իրեն՝ գինի խմել.

Գոհար Շահինյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս



«Ես գարեջրի սիրահար էի, երեւի Ամերիկայից էր այդպես ձեւավորվել ինձ մոտ: Գինի խմել չէի կարողանում, հատկապես կարմիր գինուց քացախային համեր էի զգում եւ չէի հավանում: Դասընթացների ժամանակ դեգուստացիայի հատված կար, երկու շաբաթ ամեն օր 6 տեսակի գինի էինք համտեսում: Վերջին օրերին զգացի, որ արդեն վայելում եմ գինին: Փիլիսոփայության պես բան կա, պետք է հասկանալ՝ բաժակի մեջ ինչ ես ուզում գտնել, քացախային համերը կամաց-կամաց անհետացան ու սկսեցի համի հիշողություններ գտնել բաժակի մեջ, միտքս սկսեց կենտրոնանալ դրանց վրա»:

Հակոբն էլ լրացնում է՝ ծրագրի բոլոր փուլերը Գոհարի հետ միասին են անցնել, գինեգործական բուն պրոցեսներից բացի՝ ծանոթացել նաեւ այգեգործությանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Դասընթացի ավարտին եւս 5 սիրիահայ մասնակցի հետ ինկուբացիոն փուլ անցա եւ սկիզբ դրվեց Galar-ի բրենդավորմանը»,- ասում է գինեգործը՝ նշելով, որ չնայած Գոհարն ինկուբացիոն փուլի մասնակիցների թվում չէր, բայց Galar-ն իրենց համատեղ աշխատանքի արդյունքն է:

Վիճակահանության գաղտնիքը

Galar-ի առաջին գինիները պատրաստվել են Հաղթանակ տեսակի խաղողից, ինչը մի փոքր «խարդախությամբ» է ընտրվել:

«Ծրագիրն այնպես էր նախատեսված, որ ինկուբացիոն փուլ անցած մասնակիցներից յուրաքանչյուրը մեկ ոճի գինի էր պատրաստելու: Խաղողի տեսակները եւ դրանից պատրաստվող գինու ոճը պետք է ընտրեինք վիճակահանությամբ: Տեսակներն էին Կանգունը, Հաղթանակը եւ Արենին, որոնցից պետք է պատրաստվեին սպիտակ հնեցված, չհնեցված, վարդագույն Արենի, վարդագույն Հաղթանակ, կարմիր Արենի եւ կարմիր Հաղթանակ գինիներ: Այդ տարբերակն էր ընտրվել նրա համար, որ մասնակիցներով հետագայում նաեւ համագործակցության եզրեր ունենայինք»,- ասում է Հակոբը:

Հակոբ Կազանջյանը եւ Գոհար Շահինյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Վիճակահանությամբ ի սկզբանե Կանգունից սպիտակ հնեցված գինի պետք է պատրաստեի, մեկ այլ մասնակից՝ Հաղթանակից կարմիր գինի: Նախքան վիճակահանության թղթերը քաշելը զրույցի ժամանակ ես նրան ասել էի, որ Հաղթանակն իմ ամենասիրելի խաղողի սորտն է, իմ նախընտրած գինիները պատրաստված են այդ խաղողից, ինքն էլ ասել էր, որ կնախընտրեր Կանգունից հնեցված գինի պատրաստել: Տարբերակները քաշելուց իրար հայացքից հասկացանք, որ թղթերը պետք է փոխենք»,- անկեղծանում է Հակոբը:

Նրա խոսքով՝ Հաղթանակը խաղողի այն տեսակներից է, որ շատ քիչ է մոնոսորտ վիճակում օգտագործվել գինիների համար, հիմնականում եղել է բլենդների մեջ. «Հաղթանակն ավելի շատ օգտագործել են գույնի համար, նրա համահոտային պոտենցիալը նոր է բացահայտվում, մի քանի արտադրողների միջոցով»:

«Գալար վազեր»

Հակոբն ասում է, որ իրենց անվանում են «պատահական գինեգործներ». «Մինչ Հայաստանում հաստատվելն ու գինեգործությանը հասելը մենք առանձին-առանձին անցել ենք ոլոր-մոլոր, գալար ճանապարհներով: Մեզ համար էլ անակնկալ ու անկանխատեսելի էր, որ մեր ունեցած մասնագիտություններով ու աշխատանքով մի օր կզբաղվենք գինեգործությամբ, այդ պատճառով էլ որոշեցինք գինին կոչել «Գալար», ինչ խորհրդանշում է թե իրենց անցած ճանապարհը, թե խաղողի վազերը»:

Հակոբ Կազանջյանը եւ Գոհար Շահինյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Galar-ի առաջին գինիները պատրաստվել են 2019 թվականի բերքահավաքի խաղողից:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Նախատեսված էր, որ արտադրության ընթացքում Հաղթանակից պատրաստվող կարմիր գինին չի հնեցվելու, բայց խմորումից հետո հասկացանք, որ այս պոտենցիալով խաղողի գինին նաեւ պետք է հնեցվի եւ դասականից բացի ստացանք 2019 թվականի «Գալար»-ի Հաղթանակ ռեզերվը: 2020 թվականին որոշեցինք արտադրական քանակներն ավելացնել եւ ավանդական, էնդեմիկ Ոսկեհատ տեսակի խաղողից պատրաստեցինք մեր սպիտակ Galar-ը: Երկու գինուց էլ ունենք դասական եւ սահմանափակ քանակությամբ ռեզերվ տեսակներ: Դասական տեսակների արժեքը 5-6 հազար դրամ է, 2020-ի ռեզերվների արժեքը՝ 6-7 հազար, իսկ 2019-ի ռեզերվը՝ 7 հազարից բարձր: Մասմարքեթային վաճառքի հնարավորություններ եւ մտադրություն դեռեւս չունենք: Դրանք կարելի է գտնել In Vino-ում, Greenpoint սրճարանում եւ Accent ռեստորանում»:

Հակոբ Կազանջյանը եւ Գոհար Շահինյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինիները պատրաստվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն»-ի գործարանում: Հակոբը եւ Գոհարն իրենց գինու համար անհրաժեշտ խաղողը դեռեւս գնում են եւ այդպես կշարունակեն՝ մինչեւ սեփական այգու բերքը կունենան:

«Սեփական հողը, այգին մշակելու ցանկությունն ինձ մոտ ավելի է մեծացել Գոհարին միանալուց հետո, հողի հետ նրա կապն ու աշխատանքն ինձ համար վարակիչ էր: Մեր այգում խաղողի վազեր տնկեցինք, ցավոք, ջրի սակավության պատճառով վազերը չորացան, բայց նորից կտնկենք: Մինչ այդ կարմիր գինու խաղողը կշարունակենք ձեռք բերել Ագրարային համալսարանի այգիներից, իսկ Ոսկեհատը՝ Աղավանձոր գյուղից»,- ասում է Հակոբը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին