×

Արսեն Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Դրամի արժեւորումն ու լոգիստիկ խնդիրները խանգարում են հայ գինեգործներին

Արտարժույթի փոփոխությունները գյուղատնտեսության եւ գինեգործության համար նոր խնդիրներ են ստեղծել, արտադրողների շատ ծրագրեր դադարել են գործել։

Noah of Areni ընկերության համասեփականատեր եւ տնօրեն Արսեն Մկրտչյանն այսօր «Մանթաշյանց» գործարարների միությունում լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ դրամի անկայուն վարքագիծը դոլարի, եվրոյի եւ մյուս կայուն արժույթների նկատմամբ ծանր ազդեցություն է ունենում իրենց գործունեության վրա։

«Խնդիրները ոչ միայն մեզ են վերաբերում, այլ նաեւ մեր գործընկերներին, մյուս արտադրողներին, ովքեր հիմնականում արտահանում են իրենց ապրանքը։ Մենք՝ որպես գինեգործական ընկերություն, երկրորդ տարին է, ինչ մեծ ներդրումներ ենք անում, ժամանակակից այգիներ հիմնում Վայոց Ձորի մարզում, գործարան կառուցում։ Այս ամենը պլանավորել ենք նախորդ տարի կամ այս տարվա սկզբին՝ արտարժույթի որոշակի մակարդակում, մտածելով, որ ունենալու ենք արտահանումներ, քանի որ ի սկզբանե մեր բիզնեսը հակված է եղել դեպի դրսի շուկաներ»,- ասել է նա։

Լուսանկարը՝ «Մանթաշյանց» գործարարների միություն


Արսեն Մկրտչյանը նշել է, որ հիմք են ընդունել ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած տարեկան արտարժույթի փոխարժեքով՝ մեկ դոլարի դիմաց 480-490 դրամ, բայց հունիսի 14-ի դրությամբ դոլարի առքի գինը եղել է 420 դրամ։

«Մեզ ոչ թե դոլարի բարձրացումը, այլ կայունությունն է հետաքրքրում։ Այս խնդրին գումարվել են նաեւ լոգիստիկ հարցերը։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով համաշխարհային շղթաների խզում է տեղի ունեցել, տրանսպորտային ծախսերի աննախադեպ աճ է առաջացել, եթե նախկինում որոշակի գնով մեկ կոնտեյներ ապրանք էինք արտահանում ԱՄՆ, ապա այժմ գինը բարձրացել է մոտավորապես 50 տոկոսով»,- ասել է Noah of Areni-ի տնօրենը։

Նա նշել է, որ հայկական գինիներն արտասահմանում լուրջ մրցակցություն ունեն ոչ ավանդական շուկա ձեւավորող գինիների հետ՝ վրացական, մոլդովական, հունական, կիպրական, լիբանանյան։

«Այդ գինիները հետաքրքրում են դրսի դիստրիբյուտորներին նույն չափով, որքան հայկականը։ Լիբանանյան գինիներն այժմ թրենդային են, շատերը Եվրոպայում գնում են հենց այս գինիները։ Հայկական գինին մենք կարողացել ենք թրենդի մեջ դնել, բայց այս պահին գնի առումով կարող ենք խնդրի առաջ կանգնել։

Լուսանկարը՝ «Մանթաշյանց» գործարարների միություն


Արտասահմանյան մեկ դիստրիբյուտորի հետ մոտ երկու տարվա աշխատանք ենք տանում, առաջին գործոններից մեկը, որ քննարկվում է ապրանքը հավանելուց հետո, գինն է, որը ֆիքսում ենք՝ փոքր տատանում ենթադրելով։ Այս պարագայում գրեթե անհնարին է գին փոխել եւ տրամադրված գնի պայմաններում նոր գին առաջարկել»,- ասել է նա։

Արսեն Մկրտչյանը նշել է, որ դժվարությունների պայմաններում պետք է ավելի ակտիվ լինել տեղական շուկայում։

«Պետք է հասկանալ արտադրողների ցավը, մեր կատարած աշխատանքը դժվարանալու է, պատկան մարմինները պետք է լուծումներ առաջարկեն։ Պետք է փորձել այս դժվար ժամանակներում գոյատեւել՝ լավ օրերի սպասումով»,- ասել է նա։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին