Հայկական գինիներն առաջին անգամ London Wine Fair-ին մասնակցում են միասնական տաղավարով։ Հայկական արտադրանքը նախկինում կամ ներկայացրել են ներկրողները, կամ առանձին արտադրողներ։
Հունիսի 7-ին մեկնարկած միջոցառման հայկական տաղավարում ներկայացված է 13 արտադրող՝ Koor, Kataro, Karas, Armenia Wine, Tus, Tushpa, Voskeni, Aryats, Jraghatspanian, Keush Noa, Maran (Malahi, Noravank), Stork (Cascara LLC)։
Stork գինու համահեղինակներից Կարեն Ճարակյանը GastroVino-ին պատմել է հայկական տաղավարի մասին.
«Ոչ բոլոր ընկերությունների ներկայացուցիչներին է հաջողվել գալ Լոնդոն, բայց իրար օգնելով ներկայացնում ենք նաեւ մեր գործընկերների գինիները։ Առաջին անգամ է, որ Հայաստանը՝ որպես երկիր, ներկայացված է միասնական տաղավարով։ Հայ մասնակիցները միջոցառմանը մասնակցում են Vine and Wine Foundation of Armenia-ի եւ USAID ֆինանսավորմամբ CARD հիմնադրամի կողմից իրականացվող RED-NEO ծրագրի հովանավորությամբ, որոնք օգնել են ինչպես հայկական տաղավարի, այնպես էլ՝ մասնակիցներ ճանապարհածախսի հարցում»,- ասել է նա։
London Wine Fair-ն ավանդական միջոցառում է, առաջին անգամ անցկացվել է 1981 թվականին, 2019-ից հետո՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, դադար է եղել։
«Այն կարեւոր միջոցառում է, քանի որ Մեծ Բրիտանիան մեծ, կարեւոր շուկա է գինու սպառման առումով։ Այստեղի գնորդները թե անհատներն են, թե HoReCa սեգմենտի ներկայացուցիչներ։ Մեծ Բրիտանիայի սպառողին հետաքրքրում են նոր երկրները, նոր գինիները, խաղողի նոր տեսակները։ Փորձում ենք հետաքրքրել նրանց, «գայթակղել» մեր գինիներով»,- ասել է Կարեն Ճարակյանը։
Կարեն Ճարակյանը
Հայկական տաղավարը տեղակայված է անմիջապես ցուցահանդեսի մուտքի մոտ, հարեւանությամբ Հունաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի տաղավարներն են։
London Wine Fair-ում ոչ միայն տաղավարներ են. կան հատուկ առանձնացված գոտիներ, որտեղ դասախոսություններ, շնորհանդեսներ, վարպետության դասեր են անցկացվում։
Կարեն Ճարակյանը London Wine Fair-ին ներկայանում է ե՛ւ որպես արտադրող, ե՛ւ որպես ներկրող-վաճառող, քանի որ Մեծ Բրիտանիայում ունի ընկերություն, որը ներկրում է Հայաստանում արտադրվող Stork գինին։
«Փորձում եմ երկու կողմից էլ աշխատել ու գտնել կոմերցիոն հնարավորություններ։ London Wine Fair-ը կշարունակվի մինչեւ հունիսի 9-ը, իսկ հունիսի 10-ին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը եւ Լոնդոնում հայ համայնքը կկազմակերպեն գինու համտես, որին բոլորս կմասնակցենք։ Սպասվում է հետաքրքիր միջոցառում»,- ասել է Կարեն Ճարակյանը։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: