×

Կարեն Ճարակյանը եւ Սյունե Բարսեղյանը

Stork`Տափերականի Կանգունից ծնված եւ բնակարանում պատրաստված գինին

Գինու բաժակի շուրջ ոչ միայն հետաքրքիր զրույցներ ու կենացներ են ասվում, այլեւ նոր գինի ստեղծելու գաղափար է ծնվում: Հենց այդպիսի զրույցներից մեկի ժամանակ էլ սկիզբ է դրվել Կարեն Ճարակյանի ու Սյունե Բարսեղյանի հեղինակած Stork գինու պատմությանը:

Այն տնային պայմաններում ստեղծված, բայց արտադրական գինեգործության միջազգային չափանիշներին համապատասխանող գինի է:

GastroVino-ի հետ զրույցում Stork-ի համահեղինակներից Կարեն Ճարակյանը պատմել է գինեգործությամբ զբաղվելու ոգեշնչման, Stork-ի ստեղծման ու գինեսեր սպառողին ներկայանալու հեռանկարների մասին:

Հայրենիքում ոգեշնչումն ու Stork-ի սկիզբը

Միջազգային բիզնեսի զարգացման մասնագետ Կարենը, ով ավելի քան 18 տարի հայրենիքից դուրս է ապրել ու աշխատել, մինչեւ վերջերս էլ գինու արտադրությամբ զբաղվելու հավակնություններ չի ունեցել՝ չնայած ոլորտի նկատմամբ օր օրի ավելացող սիրուն ու հետաքրքրությանը:

«Գինեգործության հետ առնչությունս միշտ եղել է միայն որպես սպառող, յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ ամենատարբեր երկրների գինիներին եմ ծանոթացել: Հարավային Աֆրիկայում, Չիլիում, Արգենտինայում, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում ծանոթացել եմ նրանց գինեգործության սեկտորին, այգիներ այցելել, մասնակցել համտեսների, այդտեղից էլ սկսվել է սերը գինեգործության նկատմամբ»,- ասում է նա:

Կարեն Ճարակյանը


Հեղինակային գինին ստեղծելու գաղափարը ծնվել է 2015 թվականից, երբ սկսել է ավելի հաճախ Հայաստան գալ.

«Ամեն անգամ այստեղ ծանոթանում էի մի նոր որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքի: Սկսեցի ավելի սերտ ուսումնասիրել Հայաստանի բնակլիմայական առանձնահատկությունները, հայկական գինու պատմությունը, սորտերն ու դերը միջազգային շուկայում:

Սյունե Բարսեղյանը


Գործընկերս՝ Սյունեն ոլորտում էլ ավելի մասնագիտացած է, սովորել է Երեւանի գինու ակադեմիայում, գինեգործարաններից մեկում էլ աշխատել որպես էքսկուրսավար: Մի օր գինու հերթական բաժակի շուրջ քննարկումների ժամանակ հասկացանք՝ կա գիտելիք ու ցանկություն, մնում է սկսել: Այդպես էլ 2019 թվականի ապրիլին Stork գինու գաղափարի սկիզբը դրվեց»,- պատմում է Կարենը:

Միայն Կանգունից

Stork-ը սպիտակ չոր գինի է՝ պատրաստված միայն Կանգուն խաղողի տեսակից, որն աճեցվել է Արարատի մարզի Տափերական գյուղի այգիներում:

«Գինեգործության մեջ շատ կարեւոր մի պայման կա՝ գրեթե բոլոր գինեգործները ցանկանում են վերահսկողություն ունենալ այգիների վրա, քանի որ գինու որակի 70%-ը կախված է խաղողի որակից: Մեզ համար էլ կարեւոր էր, որպեսզի վերահսկեինք խաղողի աճեցման ողջ պրոցեսը եւ բերքահավաքի ժամանակ ստանայինք այն խաղողը, որն ուզում էինք»,- ասում է Կարենը:


Նա նշում է, որ մինչ խաղողի քաղը կազմակերպելը, ամեն անգամ նմուշներ են վերցրել, լաբորատոր անալիզներ արել, ստուգել՝ երբ պետք է քաղ սկսել, քաղն էլ ընտրովի են կազմակերպել. «Անալիզների միջոցով կարողացանք հասկանալ՝ թե այգու կոնկրետ որ հատվածից քաղ կատարել, որ համապատասխանի պահանջվող թթվայնությանը, ֆիզիկական ու քիմիական պարամետրերին»:


Նա նաեւ նկատում է, որ տեղանքում աճեցված Կանգունն ավանդաբար օգտագործվել է կոնյակի արտադրության մեջ. «Հաճախ ասում են, որ խաղողի այս սորտը կամ ընդհանրապես չպիտի օգտագործել գինեգործության մեջ, կամ օգտագործել միայն բլենդի մեջ: Մենք փորձեցինք ստանալ մոնոսորտ գինի, առանց խառնուրդների՝ փորձելով բացահայտել Կանգունի պոտենցիալը գինեգործության մեջ»:

Արտադրական եւ տնային գինեգործության սահմանում

«Գինեգործությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ արտադրական եւ տնային: Մեր նպատակն էր գտնել դրանց միջին սահմանը: Հայաստանի գյուղական շրջաններում շատ ընտանիքներ են պատրաստում իրենց սեղանի գինին, որը շատ համեղ է ստացվում, սակայն սահմանված որակական չափանիշներ կան, որոնց տնային պայմաններում դժվար է բավարարել՝ հատկապես սպիտակ գինի ստանալու դեպքում:

Հենց այստեղից էլ առաջ է գալիս լավ, համեղ եւ որակյալ գինու տարբերությունը: Լավ գինին այն է, որ խմում ենք ու մեզ դուր է գալիս, որակյալի դեպքում ավելանում են նաեւ որոշակի ստանդարտներ՝ խաղողի հիվանդությունների բացակայություն, մշակման ու համահոտային որոշակի առանձնահատկություններ»,- մանրամասնում է Կարենը։

Այս ամենից ելնելով էլ գործընկերները փորձել են տնային պայմաններում, առանց գործարանային բարձրակարգ սարքավորումների՝ ստանալ բարձրորակ, միջազգային չափանիշներին համապատասխանող գինի:


«Գինեգործության մեջ նման տերմին կա՝ «garage winery», որը ծնվել է Ֆրանսիայի Բորդո քաղաքում, երբ ոչ շատոներում կամ գինեգործարաններում, այլ ավտոտնակի չափերի հասնող տարածքում գինեգործները ստեղծել են իրենց յուրօրինակ գինիները՝ խիստ սահմանափակ քանակությամբ, սակայն դրանց որակն այնքան բարձր է եղել, որ իր սպառողն ու տեղն է ունեցել գինեգործական մեծ շուկայում: Մենք սկսել ենք աշխատել հենց այս փիլիսոփայությամբ: Stork-ը պատրաստվել է չորրորդ հարկում գտնվող մեկ սենյականոց բնակարանում՝ գինեգործությանը հատուկ բոլոր հիգիենիկ եւ լաբորատոր պահանջներին համապատասխան»,- ասում է Կարենը:

Կարեն Ճարակյանը


Ինչ վերաբերում է բուն պատրաստման գործընթացին՝ ամբողջ պրոցեսը լաբորատոր վերահսկում է ունեցել:

«Խմորումն իրականացրել ենք 20 լիտրանոց ապակե տարաներում: Ամենաբարդ պրոցեսներից մեկը շշալցումն է եղել, քանի որ սպիտակ գինու դեպքում պետք է կանխել թթվածնի հետ շփումը, եթե թթվածին եղավ շշի մեջ, գինին շշում հասունանալու հնարավորություն չի ունենա եւ կօքսիդանա: Թասակների ամրացումն ու պիտակավորումն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է եղել»,- նշում է գինու հեղինակն ու հավելում, որ նախագիծն իրագործելու համար իրենց շատ է օգնել գինեգործական համայնքը՝ գինեգործարաններն ու ընկեր գինեգործները:

Անվան ընտրությունը

Կարենն ասում է՝ ով գոնե մեկ անգամ եղել է Տափերականում անմիջապես կգուշակի, թե ինչու են այդ անունն ընտրել:


«Ինչպես խաղողի այգիները, այնպես էլ արագիլները հարյուրամյակներ շարունակ տեղանքի կենսաբազմազանության անբաժան մասն են կազմում: Արագիլները ոչ միայն ականատեսն են լինում այգիներում մեր աշխատանքին, սպասումներին, այլեւ իրենց բները պատրաստում են խաղողի վազի ճյուղերից: Այսինքն՝ կապը շատ խորն է: Հենց այսպես էլ որոշվեց, որ գինին կստանա Stork (արագիլ) անունը»,- պատմում է Կարենը:


Stork-ը գինեսերներին հասանելի կլինի 2021-ին

2019-ի բերքահավաքը Կարենի ու Սյունեի համար փորձնական է եղել: Առաջին արտադրանքը (ընդամենը 150 շիշ) կոմերցիոն նպատակ չունի, այն ընկերների, հարազատների, գինեգործության ոլորտի ներկայացուցիչների համար է: Բայց արդեն 2020-ի բերքից արտադրվող գինին 2021-ին կհայտնվի շուկայում ու հասանելի կլինի սպառողին, սակայն միշտ սահմանափակ քանակով, «քանի որ մեր արտադրանքի համար միշտ կգործի «garage winery» տարբերակը»։

Կարեն Ճարակյանը եւ Սյունե Բարսեղյանը


«Stork-ի արտադրության համար առանձին տարածք կհատկացնենք, չենք շարունակի բնակարանում, բայց արտադրման փիլիսոփայությունը կմնա նույնը՝ «տնային պայմաններում» բարձր որակի գինի արտադրելը»,- ասում է Կարեն Ճարակյանը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Կարեն Ճարակյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին