×

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

«Հայաստանի գինիներ» կույր-համտեսի արդյունքները կամփոփվեն մեկ ամսից

«Հայաստանի գինիներ» կույր համտես-մրցույթի փորձագետները ապրիլի 28-ին եւ 29-ին համտեսել ու գնահատել են 43 հայկական գինեգործական ընկերության 147 անուն գինի։

«Իրականացնելով այս մրցույթն առաջին անգամ 2020 թվականին, մենք, նախեւառաջ, ներդրեցինք հայկական գինիների որակի ստուգման մեխանիզմները եւ սահմանեցինք որակի նոր չափանիշներ հայկական արտադրության գինիների համար: Հաղթած գինիները միջազգային ասպարեզում կարող են ներկայանալ «Հայաստանի գինիներ» հովանոցային ապրանքանիշի ներքո՝ այդպիսով դառնալով երկրի հարուստ գինեգործական ժառանգության եւ մշակույթի այցեքարտն ամբողջ աշխարհում»,- ասել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։


Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ



Կույր համտես-մրցույթն անց է կացվել Mundus Vini, OIV եւ այլ հեղինակավոր միջազգային մրցույթների ձեւաչափով՝ 100 բալանոց համակարգով: Գինիներից միայն որակի չափանիշներին համապատասխանող եւ անցողիկ շեմը (85 եւ ավել միավոր) հաղթահարած գինիները կստանան «Հայաստանի գինիներ» (Wines of Armenia) որակի հավաստման տարբերանշանը: Բացի այդ, մրցույթում հաղթած գինիները կներկայացվեն Եվրոպայում գործող` հայկական գինիների առցանց վաճառքի միասնական հարթակում` նախապես տեղափոխվելով Բեռլին` հայկական գինիների լոգիստիկ պահեստ:

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ



GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈւ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանն էլ նշել է, որ հարթակը հնարավորություն կտա կույր համտես-մրցույթի միջոցով ընտրված փոքր եւ միջին արտադրողներին ներկայացված լինել ԵՄ-ում, ինչը հաճախ բարդությունների հետ է կապված լինում:


Արամ Բաբայանը Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ



«Մյուս կողմից, հարթակը կօգնի Եվրոպայում բնակվող գինու սիրահարներին բացահայտել նոր համեր կամ իրենց սիրելի հայկական գինին առաքել ուղիղ տուն: Եվ, վերջապես, լոգիստիկ պահեստի շնորհիվ հայկական գինի արտադրողներն ավելի հեշտությամբ կարող են մասնակցել Եվրոպայում միջազգային առեւտրային եւ ոչ-առեւտրային ցուցահանդեսների»,- ասել է նա։

Մրցույթը կազմակերպել էր Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ GIZ) աջակցությամբ:


Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ



Որոշ ժամանակ անց մրցույթի մասնակից գինիները եւս մեկ անգամ կհամտեսվեն եւ կգնահատվեն` արդեն անկախ փորձագետների կողմից, լավ գինիների վատ գնահատականները եւ հակառակը բացառելու համար։

«Հայաստանի գինիներ» կույր համտես-մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի երկրորդ կեսին, այնուհետեւ մասնագետները կկազմեն գինիների բույրերի եւ համերի բնութագիրը` տալով գինու արտադրողներին համապարփակ նկարագիր նրանց գինիների վերաբերյալ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին