×

Վլադ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Եթե մարդը սովորի գինուն ճիշտ մոտենալ՝ «Մեյրոնը» նրան հաստատ դուր կգա

Ապրիլի 22-ին Երեւանի ամենագինեշատ Սարյան փողոցում համտեսում էին ծովի մակարդակից 1250-1550 մ բարձրության վրա աճող խաղողի այգիներից ստացվող «Մեյրոն» գինին։

«Մեյրոն» գինիների «բրենդ ամբասադոր» Վլադ Խաչատրյանը գինու անհիմն գովազդի կողմնակից չէ, նախընտրում է սովորեցնել մարդուն ճիշտ ճանաչել, ճիշտ խմել ու շփվել գինու հետ, որ գինեսերն ինքնուրույն հասկանա՝ լա՞վն էր գինին, թե՝ ոչ։

«Մեյրոնի» սպիտակը, կարմիրն ու «թարմ-գարնանայինը»

Քանի որ մեր պորտֆոլիոն դեռ սպիտակ եւ կարմիր «Մեյրոնից» է բաղկացած, այսօրվա համտեսին ներկայացնելու ենք այս գինիները, բայց, առանց անակնկալի չէր կարող լինել։ Այսօր ներկայացնելու ենք եւս մեկ սպիտակ գինի, որն ինչպես «Մեյրոնի» շշալցված ու շուկայում առկա սպիտակը պատրաստված է «Ոսկեհատ» խաղողի տեսակից։ Բայց, ի տարբերություն շշալցվածի, որի դեպքում օգտագործված է 2020 թվականի բերքը, անակնկալ գինին ստացված է 2021 թվականի բերքից ու համտեսողների դատին է ներկայացվելու առանց որեւէ ֆիլտրացիայի։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այն շատ է տարբերվելու` ավելի թարմ է, ավելի գարնանային։ Ինքս շատ եմ սիրում տանկից՝ ոչ ֆիլտրված գինի խմել, եւ կարծում եմ՝ մեր ոչ բոլոր գինեսերներն ունեն այդ հնարավորությունը։ Շատ լավ կլիներ, որ մարդիկ պարբերաբար կարողանային իրենց բաժակի մեջ տեսնել այդ գինին, զգալ տարբերությունները։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսօրվա համտեսը նաեւ փոքր անոնս կլինի՝ ինչ է սպասվում մեր գինու սիրահարներին։

Ոչ ոք չի ասի՝ «գինիս լավը չէ, բայց խնդրում եմ՝ խմե՛ք»

Վաղուց եմ աշխատում այս ոլորտում ու հասկացել եմ՝ որպեսզի մարդիկ սիրեն գինին, պետք է ճիշտ մշակույթ ձեւավորել, սովորեցնել նրանց։ Մարդը պետք է ինքնուրույն կարողանա գնահատել գինին։ Հավատացեք՝ չկա այնպիսի արտադրող, որը գինի կստեղծի ու կասի՝ «կներեք, այս տարի գինիս չի ստացվել, շատ վատն է, բայց խնդրում եմ՝ խմե՛ք»։ Բոլորը, միանշանակ, գովելու են իրենց գինին, հետեւաբար գինեսերն ինքն էլ պետք է կարողանա կողմնորոշվել։ 

Վլադ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ես արհեստական գովազդի կողմնակից չեմ ու որոշել եմ մարդկանց հնարավորության սահմաններում սովորեցնել ճիշտ հասկանալ, ճիշտ համտեսել ու գնահատել գինին։ Այսպիսով, մարդն ինքնուրույն կկարողանա որոշել՝ որքանով է այս կամ այն գինին իր համար լավը։ Եթե մաքսիմալ օբյեկտիվ սովորեցնես, մարդը հետագայում կկարողանա այդ ճանապարհն ինքնուրույն անցնել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ես վստահ եմ գինիների վրա, որոնց հետ աշխատում եմ, այնպես որ վստահ եմ՝ եթե մարդը սովորի գինուն ճիշտ մոտենալ՝ «Մեյրոնը» նրան հաստատ դուր կգա։ Գինին գովել պետք չէ, մարդուն պետք է սովորեցնել ճանաչել ու սիրել լավ գինին։

Մարդիկ տարբերում են մեր գինին

«Մեյրոն» գինիներն իսկապես առանձնանում են շուկայում։ Եթե խոսում ենք սպիտակ «Մեյրոնի» մասին, այն առանձնահատուկ է որպես խիտ «Ոսկեհատ», խաղողի այս տեսակի համար բավականին խիտ գինի է ստացվել։ Այս խտությունը տվել են տակառները, որոնցում խմորում ենք գինին։ Խիտ լինելուն զուգահեռ, այս գինին շատ հետաքրքիր է բացվում, դառնում է թարմ, հանքային գինի։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեյրոնի» կարմիրը սկզբում շատ թեթեւ է, իսկ բացվելուց հետո մարմին է ստանում, դառնում թավշյա՝ չկորցնելով իր թարմությունը։ Մաքսիմալ փորձել ենք պահպանել «Արենիին» բնորոշ հատկանիշները՝ թարմ, ոչ շատ խիտ, թեթեւ։ Ինձ թվում է՝ մեզ մոտ ստացվել է։

Շուկա դուրս գալուց 4 ամիս անց արդեն ներկայացված ենք քաղաքի լավագույն ռեստորաններում ու խոշոր սուպերմարկետներում։ Ու ամենակարեւորը՝ շատ գինեսերներ են ասում, որ արդեն տարբերում են մեր գինին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


***

Համտեսի մեկնարկին «Մեյրոնի» «բրենդ ամբասադորը» ներկայացնում է գինու ստեղծման պատմությունը, անվան ծագումն ու խաղողի տեսակները, որոնցից այն ստանում են։ Երբ գինեսերների բաժակներում հայտնվում է առաջին՝ անակնկալ ու դեռեւս շուկա դուրս չեկած սպիտակ գինին, Վլադ Խաչատրյանը խնդրում է չպտտել այն բաժակում, չհագեցնել թթվածնով, քանի դեռ չես գնահատել գինու չբացված բույրն ու համը։  

Գինու բույրը

Գինու բույրը ճիշտ զգալու համար բաժակը պետք է ճիշտ դիրքով պահել՝ հորիզոնական։ Ուղղահայաց բաժակի դեպքում դուք, ամենայն հավանականությամբ, զգալու եք միայն սպիրտային բույր՝ կորցնելով բոլոր նոտաները։ Գինուն պետք է նուրբ մոտենալ ու բույրը զգալ այնպես, ինչպես կփորձեիք զգալ ծաղկի բույրը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հիմա փորձեք հասկանալ՝ ինչ եք զգում։ Ձեր բաժակներում լցված գինին սպիտակ ծաղիկների, տրոպիկական մրգերի ու շատ նուրբ՝ գարնանը նոր բացվող կանաչի բույր ունի։

Գինու համը

Հիմա փորձենք համտեսել գինին։ Սա եւս պետք է անել ճիշտ տեխնիկայով։ Գինի խմելու ճիշտ ձեւը շատ նման է գդալով մեղր կուլ տալուն։ Երբ գինին հայտնվում է ձեր բերանում, դուք դիմավորում եք այն լեզվի վերին մասով, փորձեք այնպես անել, որ այն չտարածվի, չհոսի ամբողջ բերանով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պահեք այն փոքրիկ գնդիկի տեսքով՝ փորձելով պտտել բերանում, որպեսզի բոլոր ռեցեպտորները ծանոթանան համի հետ, հետո միայն կուլ տվեք։ Երբ գինին Ա կետից հասել է Բ կետ, շատ դանդաղ արտաշնչեք բերանով։

Վլադ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ահա այս առաջին ծանոթացումից հետո միայն կարելի է պտտել գինին բաժակում ու հագեցնել այն թթվածնով։ Սկզբում ծանոթացեք գինու նախնական, «չարթնացած» վիճակին ու հետո միայն արթնացրեք թթվածնով։

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին