×

Լուսանկարը՝ «Հայաստանի գինիներ» ՀԿ

Ապրիլի 15-ին կանցկացվի «Զատիկ» գինու փառատոնը

Ապրիլի 15-ին, ժամը 12:00-22:00-ը «Սիզընս» այգում (Մաշտոց 15/5) առաջին անգամ կանցկացվի «Զատիկ» գինու փառատոնը։

Փառատոնի կազմակերպիչը «Հայաստանի գինիներ» գինու ոլորտի խթանման հասարակական կազմակերպությունն է՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ։

Լուսանկարը՝ «Հայաստանի գինիներ» ՀԿ


«Հայաստանի գինիներ» ՀԿ գործադիր տնօրեն Աշոտ Մուրադյանը GastroVino-ին ասել է, որ նպատակը գինեգործության ոլորտի խթանումն է, գինու մշակույթի առաջխաղացումը Հայաստանում եւ հայկական գինիների ճանաչելիությունը։

«Փառատոնը կազմակերպում ենք Զատկի տոնին ընդառաջ եւ այն ունի ինչպես մշակութային, այնպես էլ հոգեւոր արժեքների լուսաբանման նպատակ։ Այցելուները հնարավորություն կունենան շփվելու գինեգործների հետ, արտադրողներն էլ կներկայացնեն իրենց կատարած աշխատանքը, գինիների պատմությունն ու առանձնահատկությունները։ Արտադրողի հետ շփման արդյունքում այցելուները հնարավորություն կունենան Զատկի տոնին ընդառաջ իրենց նախընտրած գինիները ձեռք բերել շուկայականից ցածր՝ գործարանային գնով։ Փառատոնի ընթացքում գինու համտես չի նախատեսվում»,- ասել է նա։

Աշոտ Մուրադյանը Լուսանկարը՝ «Հայաստանի գինիներ» ՀԿ


Աշոտ Մուրադյանը նշել է, որ փառատոնի նպատակներից մեկն էլ զբոսաշրջային գրավչության խրախուսումն է։

«Քանի որ այս պահին Ռուսաստանից դեպի Հայաստան մարդկանց հոսք կա, ուզում ենք նաեւ զբոսաշրջիկներին ներգրավվել միջոցառմանը, որպեսզի հետագայում նրանք դառնան մեր սպառողները»,- ասել է «Հայաստանի գինիներ» ՀԿ գործադիր տնօրենը։

Լուսանկարը՝ «Հայաստանի գինիներ» ՀԿ


«Զատիկ» գինու փառատոնն ունենալու է 30 տաղավար՝ նախատեսված գինեգործական ընկերությունների համար, գրեթե բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են, բայց ցանկը կամբողջանա առաջիկա օրերին։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին