×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նորքի 150 տարեկան մառանն ու բուտիկային գինին

Նորքի հին ու նեղլիկ փողոցները պատմություններ են պատմում մեկ դար առաջ այնտեղ բնակված բրուտագործների, կաշվեգործների, դարբինների, այգեգործների ու  գինեգործների մասին: Հին նորքեցիների ճարտարապետությամբ տարբերվող տներն աչքի են ընկնում ձեռագործ փայտաշեն դռներով ներս տանող մառաններով:

Ժամանակին ամեն երկրորդ տուն իր մառանն է ունեցել, որտեղ մարդիկ սեփական այգու խաղողից գինի են պատրաստել հսկայական կավե կարասներում: Այսօր այդ մառաններից քչերն են պահպանել իրենց նախկին տեսքը, շատերը ձուլվել են տներին, դարձել բնակելի տարածքներ:

Մեր օրեր հասած պատմական արժեքավոր մառաններից է Դերձակյանների ընտանիքին պատկանող 150-ամյա մառանը, որտեղ մինչ օրս շարունակում են գինի արտադրել: 2019 թվականից Դերձակյանները որոշել են մառանը վերածել «Նորքի Մարանի» ընկերության եւ արտադրանքը՝ «Նորքի կեղար» գինին ներկայացնել շուկայում:

Մեկուսկեսդարյա մառանի պատմությունը GastroVino-ին ներկայացրել է «Նորքի մարանի» ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Արծրուն Պետրոսյանը:

Գետնափոր Մառանը

Հովհաննես Դերձակյանից որդուն եւ թոռներին ժառանգություն մնացած մառանը հիմնադրումից ի վեր երբեք չի դադարել աշխատել: Այստեղ այսօր էլ շարունակում են ավանդական ձեւով գինի պատրաստել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինեհոտ պատերով մառանի դռներից ներս բացվող հնձանը եւ հորած կարասն անմիջապես խոսում են ավանդական գինեգործության մասին ու փաստում, թե որքան խորն են գնում հայկական գինեգործության արմատները:

«Դեռեւս 1800-ականների կեսից հետո կառուցված մառանը ի սկզբանե պատկանել է Իսահակյանների ընտանիքին: Պապը՝ Հովհաննես Դերձակյանը՝ Եղեռնի ժամանակ բաժանվել է ընտանիքից եւ կորցրել նրանց, հետո, երբ հասել է Երեւան, Նորքի հայտնի չինարի ծառի հրապարակում՝ Սուրբ Սեմյոն եկեղեցու մոտ, որտեղ պարբերաբար հաց են բաժանել որբ երեխաներին, Իսահակյանների ընտանիքը գտել է նրան եւ որդեգրել: Իսահակյաններին զավակ դարձած Հովհաննեսը շարունակել է նրանց գինեգործության ավանդույթները»,- պատմում է Արծրուն Պետրոսյանը:

Արծրուն Պետրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


1 մետրից ավելի պատերի հաստություն ունեցող մառանում այս տարիների ընթացքում գրեթե ոչ մի փոփոխություն չի կատարվել, միայն քարերն են ամրացվել ու լաքապատվել: Մառանի պատերի հաստության ու 1,5 մետր գետնափոր լինելու շնորհիվ գինու արտադրության համար հատուկ ջերմային ռեժիմ է պահպանվում:

«Պատերի հաստությունն ու գետնափոր լինելն իրենց ուղիղ ազդեցությունն ունեն գինու պատրաստման ընթացքի վրա: Սա թույլ է տալիս, որ մենք կայուն ջերմաստիճան պահպանենք: Չնայած այստեղ կա նաեւ օդափոխության համակարգ, բայց օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ զբոսաշրջային խմբեր են մառան գալիս եւ ստիպված ենք լինում հավելյալ սառեցնել տարածքը»,- նշում է ընկերության համահիմնադիրը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արծրուն Պետրոսյանի խոսքով՝ մառանն անդադար աշխատել է, պարզապես խորհրդային կարգերի ժամանակ, երբ հողերը, խաղողի այգիները օտարվել են, գինու արտադրությունը որոշ չափով նվազել է. «Եթե մինչեւ այդ մոտ 18 կարաս ամեն տարի լցվում էր, ապա խորհրդային տարիներին՝ մինչեւ 90-ականները, դարձել էր 1-2 կարաս: Այս պահին 150-ամյա կարասներից միայն 11 է պահպանվել, որոնցում հիմա Արենի գինի է հնեցվում»:

Քրաֆթային գինու հնեցման տեխնոլոգիան

Մառանում գինու հնեցման տեխնոլոգիայի փոփոխություն գրեթե չի եղել:

Արծրուն Պետրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մենք համարվում ենք բուտիկային կամ քրաֆթային գինի արտադրող, քանի որ այստեղ աշխատանքի մեծ մասը ձեռքով է կատարվում: Թե այսօր, թե այն ժամանակ գրեթե նույն տեխնոլոգիայով է անցնում գինին: Թոռները շարունակում են պապից, հորից ստացած գիտելիքներով աշխատել, ուղղակի դրանց ավելացվել է անընդհատ ստուգումը լաբորատորիաներում՝ գինու որակն ապահովելու համար: Ժամանակին այստեղ Նորքի այգիներում աճեցված Խարջի եւ Խաչաբաշ սորտերից է գինի պատրաստվել: Մենք հիմա պատրաստում ենք սպիտակ եւ կարմիր գինի՝ Կանգուն, Ոսկեհատ, Արենի եւ Կարմրահյութ տեսակի խաղողներից: Կարմիր գինու հնեցումը կատարում ենք եւ կարասներում, եւ տակառներում, իսկ սպիտակինը՝ միայն տակառներում, բայց շուտով կարասներում եւս սպիտակ գինի կհնեցնենք»,- ասում է Արծրուն Պետրոսյանն եւ ներկայացնում խաղողից գինի ստանալու իրենց շղթան:

Արծրուն Պետրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Խաղողը քաղելուց հետո դրա ֆերմենտացիան անցնում է Արենիի եւ Արմավիրի այգիներին մոտ վարձակալվող տարածքներում, հետո որպես արդեն երիտասարդ գինի տեղափոխում ենք այստեղ, որտեղ էլ գինին ստանում է իր վերջնական տեսքը: Գինին հնեցնելու համար կարասների մեջ ջերմաստիճանը պետք է լինի 4 աստիճանից ոչ ցածր: Կարասում կարմիր գինին մնում է մինչեւ 14 ամիս: Ընդհանրապես կարասի գինիները յուրահատուկ համ ունեն, ոչ բոլորն են սիրում կարասի գինի: Կարասում գինին ծածկում են մեղրամոմով եւ ճրագուով (կենդանիների փորի ճարպ), իսկ մենք միայն մեղրամոմով ենք պատում։

Ժամանակին Դերձակյանները այստեղ մեղվաբուծությամբ են զբաղվել եւ մեղրամոմը մնացել է դեռ այն ժամանակից։ Քանի որ կավի համը երբեմն հաղորդվում է գինուն, մեղրամոմը մեղմում է կավի համը եւ շատ հաճելի դարձնում»,- նշում է Արծրուն Պետրոսյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սպիտակ գինին հնեցնում ենք Իջեւանի եւ Արցախի կաղնու տակառներում: Հնեցումը տակառներում տեւում է 4-4,5 ամիս, կախված նրանից, թե տվյալ տակառը որերորդ անգամ է օգտագործվում:

«Տակառների օգտագործման հետ կապված տարբեր կարծիքներ կան, բայց մեկ տակառը կարելի է օգտագործել 3-4 տարի, տարվա մեջ՝ միջինում 3 անգամ: Մեզ մոտ հիմա եւ Իջեւանի տակառ կա, եւ Արցախի», - ասում է Արծրուն Պետրոսյանը:

«Նորքի Կեղար» գինիները

«Նորքի մարանի» ընկերությունը ներկայում է արտադրում կարմիր եւ սպիտակ «Նորքի Կեղար» գինիները: Գինին կեղար անունը ստացել արեւմահայերենից, որը եւս մառան, գինու պահոց է նշանակում:

«Որպես ընկերություն՝ առաջին բերքահավաքն ունեցել ենք 2019 թվականին: «Նորքի կեղար» սպիտակ գինին պատրաստել ենք շատ փոքր քանակությամբ տնամերձի, պապական այգու Խաչաբաշ տեսակի խաղողից, իսկ քանի որ մեծ այգին օտարված էր, կարմիր գինու համար Արենի տեսակի խաղող մթերեցինք Արենի գյուղից: 2020-ին արդեն ընդլայնեցինք եւ այս երկու տեսակին գումարվեցին Արենիի Ոսկեհատ խաղողը, Կանգունը եւ Կարմրահյութը՝ Արմավիրի մարզից»,- նշում է Արծրուն Պետրոսյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Նորքի կեղար» գինիները մոնո են: Գինեգործն ասում է, որ այս տարի արդեն առաջին բլենդը կներկայացնեն շուկայում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինիներն արժեն 10-ից 14 հազար դրամ եւ ներկայացված են In Vino, «Կտուր», «Ջիվան», «Gouroo» եւ մի քանի այլ ռեստորաններում ու խանութներում:

Գաստրոզբոսաշրջիկներն ու ռեստորանը

Մառանը գինու արտադրամաս ու պահոց լինելուն զուգահեռ՝ իր դռները միշտ բաց է պահում զբոսաշրջիկների, հին Նորքի «լեգենդների» սիրահարների եւ գինեսերների համար:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեզ մոտ սովորական զբոսաշրջիկներից բացի՝ գալիս են նաեւ գաստրոտուրիստներ։ Հյուրեր ենք ունեցել Ռուսաստանից, Գերմանիայից ու Ֆրանսիայից: Վերջիններս մի փոքր խորամանկություն էին արել, ներկայացել էին որպես գաստրոտուրիստներ, բայց հետագայում իմացանք, որ իրենք գինեգործությամբ զբաղվողներ էին եւ ավելի շատ եկել էին ինֆորմացիա հավաքելու, ուսումնասիրելու եւ համեմատելու համար»,- ասում է Արծրուն Պետրոսյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մառանին կից հատվածում գործում է նաեւ ռեստորանային մասը: «Սկզբում ուղղակի գինու համտեսի սրահ ունեինք, հետո արդեն տուրիստական ոլորտը ապահովեց զբոսաշրջիկների բավականին լուրջ քանակ եւ խնդրեց ստեղծենք կից ռեստորանային մասը: «Կեղար» ռեստորանն ազատ մենյու ունի, այստեղ կարելի է գտնել եւ հայկական, եւ եվրոպական խոհանոցի ուտեստներ», - ներկայացնում է Արծրուն Պետրոսյանը:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին