««Արմենիա Վայն» ընկերության «Տակառ»-ն է լավագույնն իր տեսակում»,- հնչում է հեղինակավոր Grand International Wine Award MUNDUS VINI մրցույթում, որտեղ «Արմենիա Վայն»-ի մեդալակիր 8 գինիներից «Տակառ» կարմիր չոր գինին ոսկե մեդալով արժանանում է Best of Show կոչմանը։
Ընկերության այս հաղթանակը նոր նշաձող է հայկական գինու համար։
20 տարի առաջ Գերմանիայում հիմնադրված եւ համաշխարհային համբավ վայելող Grand International Wine Award միջազգային մրցանակաբաշխությունը համարվում է խոշորագույն եւ ամենաազդեցիկ գինեգործական մրցույթներից մեկն աշխարհում։ Յուրաքանչյուր տարի գինու որակ սահմանող այս մրցույթին մասնակցում են հազարավոր արտադրողներ ավելի քան 45 երկրներից, իսկ գնահատումն իրականացնում են ոլորտի շուրջ 170 համաշխարհային փորձագետներ, սոմելիեներ եւ գինեգործներ։
Չորս օր շարունակ գինու բարձր որակավորում ունեցող ժյուրին համտեսել ու գնահատել է շուրջ 4 500 գինիներ ամբողջ աշխարհից եւ ընտրել դրանցից լավագույնները:
29-րդ Grand International Wine Award MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում Հայաստանի արդյունքները տպավորիչ են. «Արմենիա Վայն»-ը պատվո հարթակի ոսկե մեդալակիրներից է՝ ընդհանուր 8 մեդալով։
Այս մրցանակին արժանացող գինեգործարանները հատուկ պատվի են արժանանում: Best of Show-ն տրվում է միայն իր կարգում լավագույն գինուն, որն էլ դարձել է «Արմենիա Վայն» գինեգործարանի 2019թ․-ի բերքահավաքի «Տակառ» կարմիր չոր գինին։
Մրցանակների են արժանացել ընկերության տարբեր ոճի գինիներ՝ պատրաստված ինչպես զուտ հայկական խաղողի սորտերից, այնպես էլ հայկական եւ եվրոպական սորտերի ասամբլյաժից։
Ոսկե եւ արծաթե մեդալներ են նվաճել «Արմենիա Վայն» ընկերության հետեւյալ գինիները.
• Ոսկե մեդալ՝ Երեւան 782 BC կարմիր չոր 2020
• Ոսկե մեդալ՝ Երեւան 782 BC սպիտակ չոր 2020
• Ոսկե մեդալ՝ Տակառ կարմիր չոր 2019
• Ոսկե մեդալ՝ Տակառ Ռեզերվ 2016
• Ոսկե մեդալ՝ Թարիրի սպիտակ չոր 2018
• Ոսկե մեդալ՝ Թարիրի կարմիր չոր 2018
• Արծաթե մեդալ՝ Արմենիա կարմիր չոր 2020
• Արծաթե մեդալ՝ Տակառ սպիտակ չոր 2019
««Արմենիա Վայն»-ում երազանքներն իրականություն են դառնում... Մենք ունենք մրցանակներ միջազգային տարբեր մրցույթներից, սակայն Best of Show Armenia կոչմանն արժանանալն էլ ավելի է մեծացնում մեր ստանձնած պատասխանատվությունը: Մեծ հպարտությամբ ենք խոսում մեր գինով միջազգային շուկայում հայկական գինեգործության արժանի դեմքը դառնալու մասին, քանի որ մրցակցությունն իսկապես թեժ էր»,- ասում է Ժան-Բատիստ Սուլան՝ «Արմենիա Վայն» ընկերության գինու գլխավոր խորհրդատուն Ֆրանսիայի Բորդո քաղաքից:
«Արմենիա Վայնը» MUNDUS VINI միջազգային մրցույթին մասնակցում է սկսած 2016 թվականից՝ մեդալների շարունակական նվաճմամբ բարձրացնելով Հայաստանի գինեգործական վարկանիշը: Այս հաղթարշավը վկայում է ընկերության որդեգրած կայուն դիրքորոշման մասին, այն է՝ ներկայացնել որակյալ, համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող հայկական գինիներ, որոնք մրցունակ են միջազգային շուկայում։
«Արմենիա Վայն»-ի աննախադեպ հաջողությունը համաշխարհային սպառողի շրջանում նոր կարգավիճակ է սահմանում հայկական գինու համար, քանի որ ժյուրիի բազմափորձ անդամները «կույր» համտեսի արդյունքով արդեն իսկ երաշխավորել են դրա գերազանցությունը:
«Գինիների այս հաղթանակը մեծ պատիվ է բերում ոչ միայն մեր ընկերությանը, այլ նաեւ գինեգործության դարերի պատմություն ունեցող մեր հայրենիքին՝ կրկին վերադարձնելով «գինեգործության օրրան» վաղեմի հպարտ կոչումը»,- ամփոփում է «Արմենիա Վայն» ընկերության գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: