×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արցախը շարունակում է գինի արտադրել. համտես Երեւանում

Արցախցի գինեգործները վստահեցնում են՝ Արցախը շարունակելու է գինի արտադրել: Չնայած կորուստներին՝ նրանք սիրելի գործից հրաժարվելու մտադրություն չունեն, ավելին՝ ձգտելու են Արցախի գինեգործության ճանաչելիության սահմանները մեծացնել:

Հենց այդ նպատակին աջակցելու համար Wine Works ընկերությունը Երեւանում արցախյան գինիների ծանոթություն-համտես էր կազմակերպել, որի ընթացքում ոչ միայն պարզապես գինեսերները, այլեւ Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դեսպանատների, նախարարությունների ներկայացուցիչները, HoReCa ոլորտի աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու եւ ուղիղ շփվելու Արցախի գինեգործների հետ:

Պետք է տեսնել, թե Արցախն ինչ գինի է արտադրում

Արցախի գինեգործներին Երեւանում համախմբող Wine Works ընկերության հիմնադիր, Արցախի նախագահի խորհրդական Վահե Քեուշգուերյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ տեղի ռեստորաններին ու ընդհանրապես գինեսերներին ցանկանում են ցույց տալ, թե Արցախն այսօր ինչ գինի է արտադրում:

Վահե Քեուշգուերյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Արցախի հարուստ գինեգործության մասին շատերը չգիտեն՝ չնայած նրան, որ մինչ պատերազմը Արցախում գինու փառատոններ եւ համտեսներ հաճախ են անցկացվել: Գինեգործները մեծ սիրով համաձայնեցին մասնակցել այս միջոցառմանը: Այգիները կորցրած շատ գինեգործներ կան այսօր, որոնք անպայման իրենց գործը շարունակելու են»,- ասել է Վահե Քեուշգուերյանը:

Արցախի խաղողագործների եւ գինեգործների միավորման նախագահ Գեորգի Ավետիսյանն էլ դեռ վաղ է համարում խաղողի այգիների կորուստների մասին հստակ թվերով խոսելը:

Գեորգի Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Դեռ հաշվարկները վերջնական արված չեն՝ թե որքանով տուժվեց խաղողագործությունն ու գինեգործությունը, բայց այգիների կորուստը մեծ է: Բացի կորցրածից՝ շատ այգիներ էլ դարձել են սահմանամերձ կամ հայտնվել չեզոք գոտում: Դեռ պետք է դեռ հասկանալ, որքանով հնարավոր կլինի այնտեղից բերք հավաքել»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

15 անուն գինի

Համտեսին գինեգործները 15 անուն գինի էին ներկայացրել՝ Kataro, Qirs, Arba, Խմէ, Takri, Nuart Aznuni, Vaneni, Tigranakert, Aran, Tirani, Apun Kini, Berdashen, Gishi, Artsakh Shushi, Vankasar: Ինչպես գինեգործներն են նշում՝ այս գինիների համը սերտորեն կապված են այն տարածաշրջանի հողի եւ ջրի հետ, որտեղ խաղողն է աճեցվում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


2016 թվականից արտադրվող Qirs գինին պատրաստվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում աճեցվող խաղողի տեսակներից: Qirs ապրանքանիշի սեփականատեր Անդրանիկ Սարգսյանն ասում է՝ «թշնամին հենց մեր այգիների տակն է հիմա, բայց այգին մշակում ենք եւ մշակելու ենք»:

Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկի՝ պայքարի եւ միասնության խորհրդանիշ Քիրս լեռան անունը կրող գինիները շատ երկար կյանք ունեն շշում՝ շնորհիվ տարածաշրջանում աճեցվող խաղողի որակի: Qirs-ի կարմիրը պատրաստվում է տեղական Խնդողնիից, իսկ սպիտակը՝ Կանգուն եւ Ռկածիթելի սորտերից:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մինչեւ պատերազմը գործարանում բավականին մեջ ներդրումներ արեցինք, բարձր որակի իտալական սարքավորումներ ձեռք բերեցինք: Այս պահին մեր գինին վաճառվում է Հայաստանում, Արցախում, մեծ պատվերներ ունենք Ռուսաստանից: Պայմանավորվածություններ ունենք նաեւ Չինաստանի ու Ֆրանսիայի հետ»,- ասել է սեփականատերը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


2018 թվականից արտադրություն սկսած Takri Wines ընկերության այգիները Հադրութի շրջանի Բանաձորում գյուղում են եղել: Դրանք այս պահին թշնամու տիրապետության տակ են:

«Կարմիր գինու համար Խնդողնին հասցրեցինք հավաքել, սպիտակի Կանգունը չհասցրեցինք»,- նշում է ընկերության վարպետ Հովհաննես Ղարախանյանն ու հավելում, որ հիմնադիրները մտադիր են նոր այգիներ ձեռք բերել:

Փոքր մասշտաբի արտադրություն ունեցող ԽՄէ օրանժ գինիները պատրաստվում են Ստեփանակերտում՝ Ամարասում աճեցվող Ռքածիթելի խաղողից:

Դմիտրի Եգորովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սեփականատեր Դմիտրի Եգորովը հույս ունի, որ այս տարի էլ այգիներում աճեցվող Ռքածիթելից գինի կստանան:

Դմիտրի Եգորովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կարեւորելով նման միջոցառումների կազմակերպումը՝ Դմիտրի Եգորովն ասել է. «Մարդիկ պետք է իմանան, որ Արցախը շարունակում է ապրել, շարունակում է գինի արտադրել»:

ԽՄԷ-ն արտադրում է միայն օրանժ (ասում են նաև՝ ամբեր) գինի 2019 թվականից։ Օրանժ գինին ստանում են սպիտակ խաղողից, բայց այն ֆերմենտացիան անցնում է կեղևի հետ միասին։ ԽՄԷ-ն Արցախի միակ օրանժ գինին է։ «Մենք այս դժվար տարվա ընթացքում կարողացել ենք արտադրել նաև ԽՄԷ գինի հին և շատ մեծ կավե կարասների մեջ։ ԽՄԷ 2020-ը շատ շուտով հասանելի կլինի», - ասում է Դմիտրի Եգորովը:

BH brandy ընկերությունն էլ նռան այգիներ է կորցրել Մարտունու շրջանում: Չնայած կորստին՝ 2011 թվականից արտադրվող նռան եւ խաղողի Berdashen գինիներն առաջիկա տարիներին արտադրության խնդիր չեն ունենա:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ընկերության մարկետինգի ղեկավար Լեւոն Բուդաղյանը վստահեցնում է՝ այս պահին ունեցած այգիներն ու կուտակած գինենյութը բավական է, որ առաջիկա տարիներին արտադրանքի խնդիր չունենան:

«Մեր ընկերության գործարաններից մեկը Կարմիր Շուկայում է: Մեզ համար սկզբունքային է այնտեղ գործունեություն շարունակելը, քանի որ, եթե աշխատատեղ չլինի, շատ շուտ կհայաթափվի Կարմիր Շուկան»,- ասել է նա:

Որ Կատարոն վերապրի

Բացի 2017-ի ռեզերվից՝ գինեսերները վաճառքում արդեն նաեւ «Կատարո» դասական կարմիր գինի կգտնեն՝ Խնդողնի սորտից պատրաստված: Ընկերության գինեգործ Անդրանիկ Մանվելյանը հայտնել է, որ դրանք նոր են շշալցրել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Նոր շշալցվածներն այն գինիներն են, որոնք դեռ պատերազմից առաջ՝ 2020-ի սեպտեմբերի կեսերին Հայաստանում գործընկերներից մեկը գնել էր մեզնից՝ իր գինիները կուպաժ անելու համար: Եվ քանի որ դեռ չէին օգտագործել այդ խմբաքանակը, որոշեցին վերադարձնել մեզ, որ «Կատարոն» ապրի։ Շատ շնորհակալ ենք նրանց: Արդեն դրանք շշալցրել ենք ու հանել վաճառքի։ «Կատարոյի» նոր շշալցված գինիներն այս պահին վաճառվում են Noyan Tapan Wine Shop  խանութների ցանցում, առաջիկայում այլ խանութներում եւս կներկայացնենք»,- ասել է գինեգործը:

Անդրանիկ Մանվելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Վաճառքի են հանվել նաեւ «Կատարոյի» վարդագույն եւ սպիտակ գինիները: Վարդագույնը պատրաստված է Հայաստանում աճեցվող Արենի եւ Թոզոտ խաղողի սորտերից է, իսկ սպիտակը՝ Ոսկեհատ եւ Խաթուն խարջի:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին