×

Իվան Լազարեւը Լուսանկարը՝ The Village

Մատուցման կանոնները, հիբրիդները եւ Նոր Աշխարհի գինիների առաջընթացը

Արդեն պատմել ենք, որ ռուսաստանցի սոմելյե Իվան Լազարեւը Գինու ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող Wine Open բաց դասընթացների շարքի հյուրն է եղել: Այսօր ներկայացնում ենք Իվան Լազարեւի մի քանի խորհուրդները հայ սպառողներին:

Գինու մատուցման 6 կարեւոր կետ կա, որոնք մինչ շշի բացելը պետք է ներկայացնել հյուրին. գինու գույնը, շաքարի տիպը, խաղողի սորտը կամ աշխարհագրությունը, գինու արտադրության երկիրը, շրջանը կամ արտադրողի անունը եւ վերջինը՝ լրացուցիչ ինֆորմացիա, որը չկա պիտակի վրա: Հենց այստեղ է, որ երեւում է մատուցողի կիրթ լինելը:

6-րդ կետում կարելի է խոսել գինու վարկանիշի, պարգեւների, գնահատականների, թե ինչ տեսակի տակառում կամ կարասում է այն հնեցվել: Անհրաժեշտության դեպքում կարելի է պատմել գինու ջերմաստիճանային ցուցիչների, դեկանտերների, գավաթների հատուկ ձեւերի, աէրատորների, մատուցման զամբյուղների եւ գնչուական բացիչների մասին:

Երբ սոմելյեն կատարում է իր գլխավոր առաջադրանքը՝ նախօրոք իմանում է հյուրի նախասիրությունները, գինին մատուցելիս խոսում է վերոնշյալ կետերի մասին, ապա բացված գինուց այցելուն կարող է հրաժարվել միայն այն դեպքում, երբ գինին փչացած է:

Իվան Լազարեւը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բայց այստեղ կրկին առաջնային է սոմելյեի ճիշտ աշխատանքը, որ փչացած գինին չհասնի հյուրին. նա գինու որակը պետք է հասկանա խցանից հոտ քաշելով եւ գույնից: Սոմելյեն գինին գնահատում է աչքով, քթով, հետո բերանով, իսկ հաճախորդի մոտ հիմնականում ընթացքը հակառակն է:

Հին աշխարհի գինիներն ու նոր աշխարհի գինեգործությունը

Խաղողագործության եւ գինեգործության ամենամեծ մարտահրավերներից մեկն այսօր գլոբալ տաքացումն է: Եվրոպան երկու հիմնական խնդրի առջեւ է կանգնած՝ ինչպես պահպանել հին աշխարհի գինեգործությունը, ինչի հնարավորությունն ավելի է դժվարացնում կլիման, եւ վերանայել վերաբերմունքը հիբրիդների նկատմամբ:

Սոմելյեների ու գինեգործների մոտ այսպիսի ընկալում կա, որ հիբրիդներից լավ գինի չես կարող ստանալ: Կարծում եմ՝ սխալ մոտեցում է: Հիբրիդները եւս կյանքի իրավունք ունեն եւ կարող են լավ գինի տալ: Եվրոպան արդեն գալիս է այս մտածելակերպին, ինչի մասին են վկայում գինեգործության մեջ խաղողի նոր սորտերի, նոր անունների ու միտումների ի հայտ գալը:

Իվան Լազարեւը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ի տարբերություն Եվրոպայի, Չիլին, Արգենտինան, Ավստրալիան, Ամերիկան, Նոր Զելանդիան փորձարկումներ անողներ են, ուստի գյուղատնտեսական, տեխնիկական, գինեգործական ինովացիաները գալիս են նրանցից: Կրթական ոլորտում փոփոխություն եւս կա: Եթե նախկինում գինեգործները սովորում էին Ֆրանսիայում, հիմա լավագույն գինեգործական կրթություն տվողներ կարող են համարվել Կալիֆորնիայի Ֆեյվիսի համալսարանը, Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանը:

Ապագայում նորաձեւ կլինեն օրգանական, թույլ եւ ընդհանրապես առանց ալկոհոլի գինիները: Դրանք լայն պահանջարկ ունեն այն մարդկանց մոտ, որոնք կրոնական, առողջական կամ ինչ-ինչ այլ պատճառներից ելնելով ալկոհոլ չեն խմում:

Թույլ ալկոհոլային գինի ստանալու համար պետք է խաղողի այգիներն ավելի բարձրադիր գոտում լինեն: Կարծում եմ՝ 10 տարի հետո Արարատյան դաշտում աճող խաղողի գինին ավելի թունդ կլինի: Թեթեւ գինիների համար խաղողագործները կբարձրանան բարձրադիր գոտիներ:

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին