Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասել է, որ Հայաստանը իր ալկոհոլային արտադրանքի համար «կոնյակ» անվանումը պահպանելու իրավական հիմքեր ուներ:
«Մենք ոչ թե «Ծագման տեղանունների պաշտպանության եւ դրանց միջազգային գրանցման մասին» Լիսաբոնի համաձայնագրի անդամ ենք, այլ ԱՀԿ-ի շրջանակներում TRIPS համաձայնագրի: Լիսաբոնի համաձայնագիրը արգելում է այլ երկրի աշխարհագրական անվանման օգտագործումը, իսկ TRIPS համաձայնագիրը դա թույլ է տալիս, եթե անվանումը կապված չէ տեղանքի հետ: Այսինքն, եթե ԱՄՆ-ում, Հայաստանում կամ Ռուսաստանում հարցնեք, թե ինչ է կոնյակը, ապա 90%-ը կպատասխանի, որ դա խմիչք է, այլ ոչ թե Ֆրանսիայում աշխարհագրական տարածքի անուն», - ասել է Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
Ավագ Հարությունյանը նշել է, որ Եվրամիության հետ բանակցություններն այս հարցի շուրջ սկսվել էին 1990-ականների վերջին, իսկ փոխհատուցումն այն ժամանակ գնահատվում էր 25 միլիոն դոլար: Սերժ Սարգսյանի կառավարության օրոք այն իջեցվել էր մինչեւ 10 միլիոն, իսկ այժմ կազմում է մոտ 3 միլիոն եվրոյի։
Նրա կարծիքով, ըմպելիքի նոր անվանումը պետք է կապված լինի Հայաստանին վերաբերվող մեծ աշխարհագրական տարածքի հետ, սակայն ազգային աշխարհագրական անվանումներն արդեն օգտագործվում են այլ ընկերությունների կողմից: Ըստ Հարությունյանի, արտադրողների համար ամենալավ անվանումը «Արարատն» է: Նա կարծում է, որ այդ նպատակով անհրաժեշտ է բանակցություններ վարել ֆրանսիական Pernod Ricard ընկերության հետ, որին պատկանում են Երեւանի կոնյակի գործարանը եւ «Արարատ» ապրանքանիշը:
Հունիսի 10-ին կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ֆինանսավորման համաձայնագրին, որի նպատակն է խթանել ՀՀ-ում ծագող ապրանքների համար ԵՄ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման «սահուն եւ արդյունավետ դադարեցումը»:
«Համաձայնագրի նպատակն է նաեւ աջակցել Հայաստանի արդյունաբերությանը՝ արտահանման շուկաներում իր մրցունակ դիրքը պահպանելու հարցում, մասնավորապես՝ աջակցելով հայկական կոնյակի համար նոր անվանում մշակելու եւ ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անվանումը խթանելու, գովազդելու եւ շուկայահանելու հարցում», - ասված է որոշման հիմնավորման մեջ:
Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €3 մլն:
Ծրագրի ընդհանուր ուղղվածությունը վերահսկելու համար կստեղծվի եւ կգործի ղեկավար կոմիտե, որը կազմված կլինի Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ այլ շահառու մարմինների ներկայացուցիչներից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: