×

Լիլիա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Լիլիա Խաչատրյան. «Ուզում եմ արենի նուարից մեծ գինի պատրաստել»

Հայկական գինիների պիտակների վրա կանանց անուններ գրեթե չեն հանդիպում, չնայած պատմությունը ճանաչում է շատ գինեգործ կանանց: Գինեգործ, պինո- եւ արենի նուարի -ի երկրպագու Լիլիա Խաչատրյանի բախտը բերել է. նա հեշտությամբ շրջում է աշխարհով, Հյուսիսային եւ Հարավային կիսագնդերով՝ գինու եւ բերքի հետքերով, աշխատում է ամենամեծ դոմեններում, անգիր գիտի իր սիրելի Բուրգունդիայի բոլոր խաղողի այգիները, փորձ է ձեռք բերում մեծ գինիների արտադրողներից, ազատ ժամանակն անցկացնում  է Հայաստանում՝ հողերը ուսումնասիրելով եւ համտեսելով տեղական գինիները, եւ երազում է Վայոց ձորում փոքրիկ խաղողի այգի ունենալու մասին, որտեղ կսկսի պատրաստել հազվագյուտ գինիներ, որոնց պիտակի վրա կլինի իր անունը:

Գինու աշխարհում պատահաբար հայտնվեցի: Քսան տարեկան էի, երբեք չէի խմել, սովորում էի ապահովագրություն եւ աշխատանք էի փնտրում ամառային արձակուրդների համար, երբ ընկերուհիս ասաց, որ իր քեռին, որը գինու գործ է անում, օգնականի կարի ունի: Այսպես ծանոթացա Վահե Քեուշգերյանի հետ. այն ժամանակ նա «Կարաս»-ի խորհրդատուն էր, որը նոր էր շուկա մտնում: Վահեն ինձ հյուրասիրեց մի բաժակ չոր գինի: Եթե այն ժամանակ չգնայի իր մոտ, կամ առաջինը կիսաքաղցր գինի համտեսեի, այսօր կաշխատեի ապահովագրական բիզնեսում: Սակայն բախտս բերեց՝ եւ ես սիրահարվեցի գինուն:

Գինին հասկանալու համար սկսեցի շատ կարդալ: Երբ գիտակցեցի, որ երազում եմ ծանոթանալ աշխարհի բոլոր գինիներին եւ կողմնորոշվել`աշխատել գինու արտադրությունում, թե՞ դառնալ սոմելյե, մեկնեցի Մոսկվա: Ավարտեցի «Էնոտրիան», հասկացա, որ ավելի շատ ինձ հետաքրքրում է գինեգործությունը եւ սիրահարվեցի բուրգունդյան գինուն, որը Երեւանում ինձ չտպավորեց. բուրգունդյանը չպետք է էժան լինի, քանի որ պինո նուարը պահանջում է չափազանց շատ ջանք, ժամանակ եւ ձեռքի աշխատանք:

Լիլիա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երկու անգամ՝մեկ շնչով, կարդացի Բուրգունդիայի մասին գիրք, որից հետո կարող էի մտովի ուրվագծել տարածաշրջանի ցանկացած խաղողի այգու սահմանները՝ չնայած այն հանգամանքին, որ այնտեղի խաղողի այգիները բաժանված են փոքր տարածքների, հաճախ ոչ ավելին, քան մեկ հեկտարը: Բուրգունդիան անհավանական է: Տարածաշրջանի ամենահեղինակավոր տերուարները (կլո), շրջապատված են միջնադարյան պատերով, իսկ պինո նուարից գինին պատրաստում են այն ժամանակվանից ի վեր, երբ քեսթերյան վանականներն ընտրեցին այս արտահայտիչ տեսակը եւ հազարամյակի ընթացքում բուրգունդյանը կատարելության հասցրեցին: Բուրգունդիայի գիտակները անմիջապես կասեն՝ սա Romanée-Conti- ն է, թե Romanée-Saint-Vivant -ը:

Romanée-Conti, մեկ շիշի միջին գինը $13 100
Romanée-Saint-Vivant, մեկ շիշի միջին գինը $1 300

Բուրգունդյանի նկատմամբ սերը մտերմացրեց մեզ Ֆրից Վասմերի հետ, եւ նա, գինի ըմպելով, կատակով հրավիրեց ինձ Գերմանիա՝ գինեգործի օգնական աշխատելու: Մի քանի ամիս անց «հասունացա», գրեցի նրան, եւ նա հաստատեց  իր հրավերը: Սակայն ինձ աշխատանքային վիզա չտրամադրեցին, եւ Ֆրիցը խորհուրդ տվեց սկսել Ausbildung աշխատանքային պրակտիկայի ծրագրից. մեկ շաբաթ սովորում ես եւ երեք շաբաթ աշխատում խաղողի այգում՝որթատունկը կտրում ես գործնականում, ոչ թե տեսականորեն: Գինեգործ դառնալուց առաջ պետք է աշխատել խաղողի այգում:

Ֆրիցի մոտ՝ Բադենի հարավում գտնվող հեռավոր գյուղում, աշխատեցի վեց ամիս:  Օրական ութ ժամ անցկացնում էի խաղողի այգում ՝ ալեմանյան բարբառով խոսացող անծանոթ տղամարդկանց շրջապատում: Այստեղ էր իրական կյանքը, այլ ոչ թե համալսարանական լաբորատորիայում: Այնուհետեւ «Դոկտոր Հեգեր» (Dr. Heger) գինու գործարանի զառիթափ լանջերն էին. երկու տարի աշխատեցի Յոհան Հեգերի մոտ (այցելելով Հայաստանը «Կուր» գինու գործարանի հրավերով՝ Հեգերը տպավորված էր մեր երկրի գեղեցկությամբ` առանձնակի նշելով Արենիի հողերի առանձնահատկությունը եւ հայկական գինիների մեծ ներուժը- հեղ.):

2019-ին հայտնվեցի Domaine Anne Gro թոփային դոմենում: Էննը աշխարհում ամենահարգված գինեգործներից մեկն է: Նա իր հորից ժառանգություն էր ստացել Կոտ դ՛Օրի թանկարժեք խաղողի այգիները: Եթե հայրը վաճառում էր տնական գինի, ապա դուստրը մեծ գինիներ է պատրաստում: Կին գինեգործին շատ դժվար է ճանաչում ձեռք բերել ի սկզբանե արական գինու աշխարհում: Եվ եթե հայտնի տնտեսությունները «ամրագրում» են տղամարդկանց գինու դպրոցն ավարտելուց շատ առաջ, ապա մենք պետք է երկար ժամանակ ապացուցենք մեր կարողությունները:

Լիլիա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեծ գինի պատրաստելու համար հարկավոր է մի փոքր խենթ լինել` լավ իմաստով: Ես դրանում համոզվեցի Մենդոսում՝ Սանտիագո Աչավալի Matervini նոր նախագծի ժամանակ: Այդ մարդը ֆենոմեն է, ինքնուսույց, սակայն գինու մասին ավելին գիտի, քան պրոֆեսիոնալ գինեգործները: Սանտիագոն իր գինու գործարանը հիմնել էր 1995 թվականին՝ Մանուել Ֆերերի հետ: Շատ էժան գնով նա գնեց խաղողի այգի, որտեղ սնվում էին վայրի խոզերը եւ պատրաստեց առաջին արգենտինական գինին, որին քննադատները 99 միավոր տվեցին: Արձակուրդս (Լիլիան սովորում է Hanseiham գերմանական համալսարանում –Է.Ռ.) շատ հաջող համընկնում է հարավային կիսագնդում խաղողի բերքահավաքի հետ, եւ ես մեկ ու կես ամիս անցկացրեցի Արգենտինայում: 1600 մ բարձրության վրա, քաղաքակրթությունից հեռու՝ Matervini- ն ունի մի խաղողի այգի: Սովորաբար խաղողի տնկումից 3-4 տարի հետո կարող ես գինի պատրաստել, սակայն այստեղ պահանջվեց 7 տարի՝ առաջին Piedras Viejas վինտաժը պատրաստելու համար: Սանտիագոն այնքան վստահ է այս տերուարի ներուժի մեջ, որ ներդրեց այնքան գումար, որով կարող էր մեկ հա տարածք գնել Բուրգունդիայում կամ Շամպայնում:

Լիլիա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինին պատմության, տերուարի համադրություն է, հոտառություն եւ բանականություն է: Հայաստանը քիչ շանսեր ունի խաղողի այգիների մեծ տարածքներ ունենալու, ուստի շեշտը պետք է դնել հազվագյուտ գինիների, բարձր լեռնային խաղողագործության, տեղական ծագման ավտոխտոն սորտերի վրա: Չնայած… Լավ հայկական գինին, օրինակ, կաբերնե սովինյոնից, նույնպես կարող է Հայաստանը առաջ մղել գինիների աշխարհում:

Պատերազմի ժամանակ ես Արցախի խաղողի այգիներում էի, մի նախագծի մասնակից էի, որի շրջանակներում պատրաստվում էի երկար աշխատել: Այնտեղ հանդիպել էին Բուրգունդիան, Բորդոն եւ Արցախը՝ պինո նուարը, Բորդոյի գինու տեսակները եւ խնդողնին: Միլիոնավոր ներդրումներ էին արել հողի հետազոտության մեջ, տնկել էին բարձր տնկման խտությամբ խաղողի այգիներ, բարձրորակ գինիներ ձեռք բերելու համար կատարել էին խնդողնու կլոնային ընտրասերում... Սակայն ճակատագիրը այլ կերպ որոշեց. առաջին առեւտրային բերքը համընկավ պատերազմի սկզբի հետ, իսկ հետո հողերը ամբողջությամբ անցան թշնամուն:

Ամեն գինեգործն իր երազանքն ունի, իսկ ես երկուսն ունեմ: Որոշ ժամանակ աշխատել Բուրգունդիայում եւ պատրաստել արենի ըստ այն գինիների նախօրինակի, որոնք ինձ ոգեշնչել են: Ես պատրաստվում եմ հասկանալ այս եզակի տեսակը, «հարազատացնել» այն բուրգունդյանի հետ եւ արենի նուարից պատրաստել մեծ գինի: Ուզում եմ պատրաստել Արենի պահեստավորելու ներուժով, որը կարող է տասնամյակներ պահպանվել, որը փոխվում եւ զարգանում է ժամանակի հետ եւ հնեցման ընթացքում՝ նկուղում, շշում եւ բաժակի մեջ:

Լիլիա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Քլայվ Քոութսը գրել էր. «Մեծ գինիները հազվադեպ են, քանի որ կան հազվագյուտ մեծ տերուարներ, որտեղ տեսակը լրացնում է տեղը»: Ոնց որ արենի նուարի մասին ասած լինի: Գիտությունն այսօր թույլ է տալիս լավ խաղողի գինի պատրաստել ցանկացած խաղողից, սակայն մեծ գինի կարելի է պատրաստել միայն եզակի տեսակներից՝ յուրահատուկ տերրուարներում: Մի օր ես անպայման կունենամ իմ սեփական փոքրիկ խաղողի այգին Վայոց Ձորում: Իսկ այսօր դեռ պետք է հմտություններ ձեռք բերեմ, նախքան սկսեմ կիրառել լավ գինի ստեղծելու համար գինեգործին հատկացված իմ 60 փորձերը:

Էռնա Ռեւազովա

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին