×

Գարուշ Սամվելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գինին պետք է ամբողջովին պատել մշակույթով, ասում է Գարուշ Սամվելյանը

Գինեգործ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ոսկեհատ» խաղողագինեգերծության գիտական կենտրոնի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Գարուշ Սամվելյանը հայկական գինեգործությանը համարում մշակույթի բաղկացուցիչ մաս:

Գինին պետք է պատել մշակույթով

Գարուշ Սամվելյանն ասում է՝ չկա գինեգործություն եւ գինի առանց արվեստի, ուտեստների, ավանդույթների:

«Եթե կարողանանք այս ամենը համակցված ձեւով ներկայացնել եւ հրամցնել սպառողին, ապա գինեգործությունն ավելի կարժեւորվի ու հետաքրքիր կդառնա: Պետք է կարողանանք ճիշտ աշխատել զբոսաշրջիկների հետ: Հայաստան եկող ֆրանսիացին չի գալիս ֆրանսիական գինի խմելու, ու երբ նրան տալիս ենք հայկական գինի, պետք է անպայման առաջարկել տվյալ գինու հետ համադրելի հայկական ուտեստ։ Պետք է գինին ամբողջովին պատել մեր մշակույթով»,- ասում է գինեգործը:

Նրա կարծիքով՝ «գինին պետք է ճիշտ հասցնել ու մատուցել ոչ միայն արտերկրի, այլեւ տեղական սպառողին, ինչի շնորհիվ կարելի է գինու ավելի գրագետ սպառող «դաստիարակել»:

Սերունդներով փոխանցվող վարպետություն

«Երբ առաջին անգամ էի Իտալիայում, զարմանալի բան նկատեցի՝ այնտեղ չեք տեսնի գինիների համար ընտրված հատուկ անուններ, հիմնականում գինեգործների ազգանուններ են, որոնց տակ սերունդների պատմություն կարող ես գտնել: Երբ ուսումնասիրում ես, մի ազգանվան տակ թաքնված 10-ից ավելի սերունդ ես գտնում: Այսինքն` գինեգործ-արտադրողներն իրենց վարպետությունը, գիտելիքները ձնագնդիկի նման հավաքելով՝ սերնդեսերունդ են փոխանցում ու հզորացնում ընտանեկան գինեգործությունն ու բիզնեսը»,- ասում է Գարուշ Սամվելյանը:

Հայաստանում դա չկա, որովհետեւ, ինչպես գինեգործն է ասում, «մենք մի 100-ամյակ առանց պատերազմի չենք անցել, մեզ մոտ սերնդից սերունդ փոխանցվող վարպետությունը, գործը շատ դժվար է եղել, հաճախ ընդհատվել է կամ անցել ուրիշներին»:

Չնայած այս բանին՝ գինեգործը դրական է տրամադրված եւ նկատում է, որ ավանդական ընտանեկան գինեգործության զարգացման միտում կա Հայաստանում, ինչի ապացույցը գինեգործության քիչ, բայց որակով «ընտանիքների» ավելացումն է:

Գինու նորաձեւությունը եւ բարեկեցության չափանիշը

Գարուշ Սամվելյանն ասում է՝ նորաձեւություն ասվածը գինեգործության մեջ եւս կա, որում լուրջ թելադրողներ են գինու օրրան երկրները։ Այդ երկրների քարտեզի վրա Հայաստանն իր ուրույն տեղն ունի:

Գարուշ Սամվելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Հին աշխարհի գինիների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի կողքին վերջին 10 տարվա ընթացքում բավական մեծացել է հայկական գինու նկատմամբ հետաքրքրությունը: Գինու սիրահարները գինեգործության հին պատմություն ունեցող Հայաստանում իրենց համար նոր համեր են բացահայտում, որոնց չեն հանդիպել նշված երկրներից եւ ոչ մեկում: Սա իսկական գինեսերների համար ամենակարեւորն է»,- նշում է նա:

«Ոսկեհատ» կենտրոնի տնօրենը նաեւ նշում է, որ բարեկեցության համար շատ լավ ցուցանիշ են երկրներում օգտագործվող ոչ թունդ ոգելից խմիչքների գինու սպառման ծավալները:

«Եթե ուզում եք իրականում իմանալ տվյալ երկրի բարեկեցությունն ինչ մակարդակի վրա է, ուսումնասիրում եք, թե այդ երկրում ինչ են ավելի շատ խմում: Ինչքան երկրի բարեկեցությունը ցածր է լինում, այնքան ավելի թունդ ըմպելիքներ են խմում: Եթե դիտարկեք օղի-գինի ընտրությունը, ապա գինու մեջ ալկոհոլը չորս անգամ ավելի քիչ է, փոխարենը մարդու օրգանիզմի համար ավելի օգտակար նյութեր կան: Պետք է կարողանանք գինու ճիշտ օգտագործումը քարոզել»,- նշում է Գարուշ Սամվելյանը:

Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանում գինի ըմպելու մշակույթը փոխվել է. «Չնայած օղու սպառումը մեր երկրում շարունակում է բարձր մնալ, բայց մեծացել է գինի սպառողների տարիքային շրջանակը՝ 20-50 տարեկաններ, որոնց մեջ ավելի շատ կանայք են»:

Արփի Ջիլավյան

Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին