KOOR White Reserve գինին Ճապոնիայում անցկացվող Sakura Awards գինու մրցույթում արժանացել է մի քանի մրցանակի։
Ոսկեհատ խաղողի տեսակից պատրաստված գինին ոչ միայն երկու ոսկե մեդալ է ստացել, այլեւ հաղթել է Diamond Trophy եւ Grand Prix Best Lesser-known Grape Varieties in Japanese Market (Ճապոնիայում քիչ ճանաչում ունեցող խաղողի տեսակի գինիների մեջ) անվանակարգերում։
Մարիամ Սիմոնյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
KOOR գինիների մարքեթինգի բաժնի ղեկավար Մարիամ Սիմոնյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ ընկերության գինիների ներկայացուցիչը Ճապոնիայում The Ancient World-ն է, եւ հենց այս ընկերությունն էլ հայկական սպիտակ գինին ներկայացրել է Ճապոնիայում մեծությամբ երկրորդը համարվող մրցույթում։
«KOOR-ի կարմիր գինու մասին շատերը գիտեն, բայց White Reserve-ը ավելի քիչ ճանաչում ունի սպառողների շրջանում։ Սպիտակ հնեցվածը եւս մեր լավագույն գինիներից է։
Այն 12-ից 18 ամիս է հնեցվում տակառներում, արդյունքում ստացվում է թավշյա հատկություն։ Ճապոնական շուկան գնահատել է մեր գինին, կարծում եմ՝ հայկական շուկան եւս կգնահատի: Ծրագրում ենք ավելի շատ խոսել սպիտակ գինու մասին, ավելի ճանաչելի դարձնել այն հայկական շուկայում»,- ասել է Մարիամ Սիմոնյանը։
Sakura Awards գինու մրցույթում դատավորները բացառապես կանայք են, որոնք ակտիվ են գինու արդյունաբերության մեջ՝ գինու մասնագետներ, սոմելյեներ, գինեգործներ, գինու դպրոցների մանկավարժներ, լրագրողներ եւ այլն։
Լուսանկարը՝ KOOR
Ճապոնիայում գինու ընտրության գործը, հիմնականում, կանանց է վստահված եւ մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ կանանց ընտրած ու գնահատած գինիները սպառողի վստահությանն արժանանալու ավելի մեծ հնարավորություն ունեն:
Մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին։ Այս տարի այն առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում, արդյունքում մասնակցել է 32 երկրից 4 562 գինի, ինչը երբեւէ եղած մասնակցության ամենամեծ թիվն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: