×

Էյմի Քեուշգուերյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Alpha Collection. «Զուլալ»-ը շարունակում է բացահայտել հայկական սորտերը

«Զուլալ»-ը շարունակում է հայկական տեղածին խաղողի սորտերի բացահայտման առաքելությունն ու իր գինիների շարքի համալրումը: Փետրվարի 11-ին գինեսերներն In Vino-ում համտեսել են «Զուլալ»-ի Alpha Collection շարքի նոր գինիները, որոնք ներկայացրել է ընկերության հիմնադիր Էյմի Քեուշգուերյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


GastroVino-ի հետ զրույցում նա ասել է, որ համտեսին ներկայացված չորս գինիներից երեքը՝ Զուլալ Ճիլարը, Զուլալ Թոզոտն ու Զուլալ Ոսկեհատը (Սաթե կամ Light amber) արդեն վաճառվում են, իսկ չորրորդը՝ Զուլալ Կարմիր կոթը, նոր պետք է մտնի շուկա:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Այս շարքն անվանում ենք Alpha Collection: Սրանք հին հայկական տեղածին խաղողի սորտեր են, որոնցից մինչ այս գինի չի պատրաստվել, բացառությամբ՝ Ոսկեհատը, սակայն այն եւս ներառել ենք հավաքածուի մեջ, քանի որ պատրաստման տեխնոլոգիան է ուրիշ:

Ոսկեհատի (light amber) պարագայում մենք թողնում ենք, որպեսզի այն իր մաշկի հետ երկար մնա, որպեսզի տտիպությունը կարողանանք լավ արտահայտել, հետո արդեն համապատասխան պահամանի մեջ կատարում ենք գինեֆիկացում»,- պատմել է Էյմի Քեուշգուերյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Զուլալ»-ը Ճիլար եւ Թոզոտ սորտերի հետ վերջերս են սկսել աշխատել:

«Ճիլարի դեպքում առաջին փորձն արեցինք սովորական պահամաններում, որպեսզի հասկանանք՝ խաղողն ինչպես է «աշխատում», ինչ գինի է դառնում, եւ քանի որ հաջողվեց, հաջորդ տարին մենք այն ռեզերվ պատրաստեցինք, այսինքն՝ խմորումն ու հնեցումն անցավ տակառի մեջ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Թոզոտի դեպքում եւս սովորական պահամանում աշխատելուց հետո հասկացանք, որ այն մեծ ներուժ ունի եւ փորձեցինք կովկասյան տակառում աշխատել, որի հետ շատ լավ ինտեգրում ունեցավ խաղողն ու հետաքրքիր բույրով գինի դարձավ»,- ներկայացրել է Էյմի Քեուշգուերյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Խաղողի այս տեսակը Թոզոտ անունը ստացել է արտաքին տեսքի համար: «Երբ նայում ես, արտաքինից տպավորություն է, որ կարմիր խաղողի հատիկների վրա փոշի է նստած, բայց այն ոչ թե արտաքինից հավաքված փոշի է, այլ բնական շերտ, որը խաղողը պաշտպանում է արեւայրուքից»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս շարքի գինիները գնային միջին սեգմենտում են՝ 6500 դրամի սահմաններում, գինիները սահմանափակ քանակությամբ են արտադրվում՝ յուրաքանչյուրից շուրջ 1500-2000 շիշ:

Էյմի Քեուշգուերյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Էյմի Քեուշգուերյանը նաեւ խոստացել է, որ «Զուլալ»-ը շարունակելու է տեղածին չօգտագործված սորտերի բացահայտումը․

«2020 թվականի բերքի Կախեթ սորտի գինի ենք պատրաստում, որն այս տարի շուկա կհանվի: Հիմա Ջրջրուկ սորտի հետ ենք աշխատում: Միակ խնդիրն այն է, որ անհրաժեշտ է գտնել հին, չօգտագործված սորտերի բավարար քանակություն՝ դրանց հետ աշխատանքը շարունակելու համար»:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին