Սպիտակ, կարմիր, վարդագույն գինիների շարքն աշխարհում սկսում է համալրվել նոր գույներով՝ նարնջագույն, կանաչ, կապույտ: Հայաստանում զարգացող թրենդ է նարնջագույն գինիների (Orange wine) արտադրությունը։
Փետրվարի 2-ին In Vino-ում կազմակերպված հերթական համտեսը նվիրված էր հենց այդ գինիներին։ Համտեսի ժամանակ գինեսերներին է ներկայացվել չորս տեսակի նարնջագույն գինի՝ Արցախի «ԽՄԷ»-ն, Trinity-ի «Ոսկեհատ Նախնյացը»-ը, Karas Wines-ի «Կրակի Կտոր»-ն ու վրացական «Ճոտաշվիլի»-ն։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
In Vino-ի համահիմնադիր, համտեսը վարող Մարիամ Սաղաթելյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում հիմա շուրջ 8 տեսակ նարնջագույն գինի է արտադրվում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Նարնջագույն գինին շատ մարմնեղ է, որոշեցինք 4-ից ավելի չներկայացնել համտեսին, քանի որ շատ հաճախ երրորդ տեսակից հետո մարդիկ խառնում, մոռանում են համերը։ Հնարավոր է հետագայում եւս նման համտես անցկացնենք՝ այլ գինեգործարանների նարնջագույնը ներկայացնելու համար»,- ասել է նա։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մարիամ Սաղաթելյանի խոսքով՝ նարնջագույն գինին կամ շատ են հավանում, կամ ընդհանրապես չեն հավանում. «Մարդիկ շատ անգամ վախենում են իրենց անծանոթ գինի գնել, իսկ այսպիսի համտեսներին հնարավորություն են ունենում փորձել նոր գինիներ, խորհուրդներ լսել, պատկերացում կազմել՝ շուկայում ինչ կա»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Նարնջագույն գինիներին ընդունված է անվանել նաեւ amber wine կամ skin-contact wine։ Նարնջագույնն իրականում սպիտակ խաղողից պատրաստվող գինի է, բայց մշակվում է կարմիր գինուն բնորոշ տեխնոլոգիայով, ինչի հետեւանքով էլ ստանում է այդ գույնը։ Սպիտակ գինի պատրաստելիս՝ մաշկի (խաղողի կեղեւի) հետ թրմեցում չի լինում, իսկ այս դեպքում՝ կարմիրի պես, խաղողի թրմեցումը մաշկի հետ է լինում, որը յուրահատուկ նարնջագույն է տալիս»,- պատմում է Մարիամը։
Համտեսի համար ընտրված գինիներից մեկը՝ «ԽՄԷ»-ն, Արցախից է։
«ԽՄԷ»-ն արտադրում է արցախցի գինեգործ Դավիթ Ասատրյանը։ Այն պատրաստվում է Մարտունու տարածաշրջանի այգիների Ռքածիթելի տեսակի խաղողից։
Գինեսերներին ներկայացվող մյուս երկու նարնջագույն գինիները Trinity-ի «Նախնյաց»-ն է՝ Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի Ոսկեհատ խաղողի տեսակից եւ «Կրակի Կտոր»-ը՝ Արմավիրի Կանգունից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Trinity-ի «Ոսկեհատ Նախնյացը», կարելի է ասել, որ հենց մեր նախնիների տեխնոլոգիաներով է պատրաստված։ Վերցնում են Ոսկեհատ խաղողը եւ 5 ամսով թողնում են հորած կարասի մեջ, չեն ֆիլտրում, չեն ավելացնում սուլֆիտներ, այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ հնարավորինս մեր նախնիների պատրաստման տարբերակը պահպանվի։ Իսկ Karas Wines-ի «Կրակի կտոր»-ը մաշկով թրմեցված գինու էքսպերեմենտալ շարք է եւ արտադրվել է փոքր քանակությամբ»,- նշել է Մարիամ Սաղաթելյանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համտեսին ներկայացված գինիների շարքը եզրափակում է վրացական «Ճոտաշվիլի»-ն։
«Այս ամենն առանց վրացական գինու չէր լինի, քանի որ վրացիները առաջատար են նարնջագույն գինիների պատրաստման մեթոդով եւ երկար ժամանակ է՝ պատրաստում են այն։ «Ճոտաշվիլի»-ն շատ հետաքրքիր նարնջագույն գինու դրսեւորում է՝ Կախեթիում աճեցված վրացական Ճիտիշվալա խաղողի տեսակից։ Այս գինուց ընդամենը 800 հատ է արտադրվել»,- նշել է In Vino-ի համահիմնադիրը՝ հավելելով, որ համտեսին ներկայացված «Ճոտաշվիլի»-ն ինքն է շուրջ 4 տարի առաջ Վրաստանում գտնվող գինեգործարանից բերել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Չեմ ասի, որ մենք կարող ենք նարնջագույն գինու առաջատար արտադրող դառնալ, բայց եթե ճիշտ թիրախավորենք մարդկանց արտասահմանում, ապա կոնկրետ վայրեր, գինու բուտիկներ կան, որտեղ միայն այս տեսակի գինի են խմում։ Պետք է վստահություն լինի որակի հանդեպ, քանի որ իրականում շատ բարդ է նարնջագույն գինու այնպիսի որակ ստանալ, որ մարդկանց դուր գա»,- զրույցն ամփոփել է Մարիամ Սաղաթելյանը։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: