×

Գրիգորի Ավետիսյանը

«Կատարո»-ի փրկված 10 հազար շիշը կհանվի վաճառքի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված բարեգործական դրամահավաք-ընթրիքի ժամանակ «Կատարո» ռեզերվ 2016թ. գինու մեկ շիշը վաճառվել է ռեկորդային արժեքով՝ 500 հազար դրամով։

«Գինին գնել է նվագախմբի ընկեր, բարերար Գաբրիել Չենբերջյանը։ «Կատարո» գինին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ Գրիգորի Ավետիսյանի ստորագրություններով նվիրվել է մաեստրո Տիգրան Մանսուրյանին»,- հայտնել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։

Նվագախմբի զարգացմանն ուղղված դրամահավաքին գինին նվիրաբերել է «Կատարո» գինու գործարանի սեփականատեր Գրիգորի Ավետիսյանը։ Նա ասել է‚ որ 2020 թվականի լայնածավալ պատերազմի հետեւանքով Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ՝ Տողում թողնելով «Կատարո» գինու գործարանը։

«Դժվարին այդ պահին հնարավոր եղավ Տողից դուրս բերել միայն 10 հազար շիշ գինի՝ 2017 թվականից հնեցված «Կատարո» ռեզերվ, որից չի մնացել ոչ թշնամու տիրապետության տակ գտնվող գործարանում, ոչ էլ հայկական շուկայում։

Հուսադրող է‚ թերեւս‚ այն, որ կա Արցախի հող, կա արեւ, կա խնդողնի‚ ու կան նույն այն ձեռքերը, որոնք‚ անկախ ամեն ինչից, շարունակելու են փոխանցել իրենց պատմությունը «Կատարո»-ի շշերի միջոցով»‚- ասել է Գրիգորի Ավետիսյանը։

Նա նաեւ հայտարարել է, որ «Կատարո»-ի 10 հազար շիշ գինիները կհանվեն վաճառքի եւ շահույթը կուղղվի նոր գործարանի կառուցմանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին