×

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

«Տակառ Ռուբի» կամ հայկական առաջին պորտվեյն. «Արմենիա Վայնի» նորույթը

«Արմենիա Վայն» գինեգործարանը 2021 թվականը սկսում է նոր գինու ներկայացմամբ՝ գինեսերներին մատուցելով «Տակառ Ռուբի» նրբագեղ գինին: Ռուբի պորտո ոճով պատրաստված այս գինին իր տեսակով առաջինն է հայկական շուկայում:

Ի՞նչ է պորտոն

Պորտվեյնը կամ պարզապես պորտոն թնդեցված գինի է, որը սովորաբար արտադրվում է Պորտուգալիայում: Երբ Հարյուրամյա պատերազմի հետեւանքով ֆրանսիացիները դադարեցրին գինու արտահանումը դեպի Անգլիա, խմիչքի սիրահար անգլիացիները որոշեցին գինի ներկրել Պորտուգալիայից:

Պորտուգալիայում խաղողն ավելի քաղցր է եւ խմորման գործընթացից հետո գինին մնացորդային շաքար էր ունենում: Խմիչքն Ատլանտյան օվկիանոսով երկար ճանապարհ էր անցնում եւ Անգլիա հասնելիս նմանվում էր խաղուն գինու, քանի որ խմորասնկերը դեռեւս ակտիվ լինելով վերափոխվում էին գազերի:

Մի անգլիացի տղայի մոտ գաղափար է հղանում, որ կարելի է կայունացնել փոխադրվող գինին դրան բրենդի ավելացնելու միջոցով: Այն կանգնեցնում է խմորասնկերի զարգացումը, պահպանում շաքարն ու բարձրացնում ալկոհոլի կոնցենտրացիան: Ահա այսպես էլ ծնվում է պորտվայնը:

Ինչու՞ Հայաստանում

Թե ինչու «Արմենիա Վայն»-ում որոշեցին պորտո ոճի գինի արտադրել, պատասխանը շատ պարզ է՝ գինեգործարանի հիմնադիրները գինու սիրահարներ են: Այս մասին պատմում է «Արմենիա Վայն»-ի գլխավոր խորհրդատու, գինեգործ Ժան-Բատիստ Սուլան:

«Երբ 2006 թվականին Արմավիրի մարզում առաջին խաղողի այգին տնկելով սկսվեց «Արմենիա Վայն»-ի պատմությունը, հիմնադիրների համար շարժիչ ուժը մեծ սերն էր դեպի գինին: Երբ գինեսեր ես, սիրում ես գինու բոլոր տեսակները՝ սպիտակը, կարմիրը, ռոզեն, նաեւ փրփրունը: Սովորաբար կոնյակ եւս սիրում ես: Տարեցտարի զարգանալով՝ մենք ստեղծեցինք «Արմենիա» շարքը, հետո «Տակառը», «Թարիրին», սկսեցինք արտադրել նաեւ կոնյակ, իսկ առաջիկա 1-2 տարում կունենանք նաեւ շամպայնի դասական մեթոդով պատրաստված փրփրուն գինի:

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


Նայելով գինու եւ կոնյակի արտադրության մեր ճանապարհին՝ 3 տարի առաջ որոշեցինք դրանց համադրությամբ ստեղծել պորտվեյն, եւ ահա այսօր կարող ենք տեսնել՝ ինչ ստացվեց»,- պատմում է ֆրանսիացի գինեգործը:

Գինու պատրաստումը

«Տակառ Ռուբի» պորտո ոճի գինին սուպեր պրեմիում դասի է: Այն պատրաստվում է «Արմենիա Վայն»-ի սեփական այգում աճող յուրարմատ Հաղթանակ խաղողի սորտից: Բերքը հավաքում են ձեռքով, այնուհետեւ տեսակավորման սեղանների վրա մանրակրկիտ ընտրում՝ առանձնացնելով լավագույն ողկույզները մինչեւ չանչազատումը: Արտադրության գործընթացում խմորումը դադարեցվում է խաղողի բարձրորակ սպիրտի հավելմամբ, որը եւս «Արմենիա Վայն»-ում է պատրաստվում:

«Արմենիա Վայն» գինեգործարանի արտադրության տնօրեն, գինեգործ Գրիգոր Ալեքսանյանի խոսքով՝ գինու անվանման «Ռուբի»-ն ցույց է տալիս դրա տարիքը, այն է՝ 3-ամյա հնացում կաղնեփայտե տակառներում, որոնց մեջ նախկինում կոնյակ էր հնացվել:

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


«Գինին արտադրվել է 2016 թվականին: Խաղողի ստացված խմբաքանակը բաժանվել է 3 մասի: Ահա այս առաջին խմբաքանակն է, որ շշալցվել է 3 տարի անց: Մյուս խմբաքանակները շարունակում են հնացումը, եւ տարիներ անց կունենանք 5 եւ 10 տարեկան պորտո ոճի գինիներ»,- մանրամասնում է նա:

Գինեգործի հավելմամբ՝ խմիչքի գույնը տարեցտարի փոխվում է կարմիրից դեպի աղյուսագույն: 5 տարեկան պորտոյի գույնն արդեն կնմանվի կոնյակի գույնին, իսկ 10 տարեկանը կլինի ավելի մուգ՝ նման 15 կամ 20-ամյա կոնյակի:

Բույրեր եւ համտես

«Տակառ Ռուբի»-ին հարուստ է հայկական բնաշխարհի բույրերով։ Մատուտակի, համեմունքների ու հասած մրգերի համերն ու բույրերը միմյանց հաղորդում են համային ներդաշնակություն: Գինին բալանսավորված է ու ծանրակշիռ։

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


«Կարելի է զգալ բնական խաղողի բույրերը, որոնց միախառնվում են տակառային հնացման շնորհիվ ստացված նրբերանգները՝ հաղորդելով ավելի ամբողջական արոմատիկ ինտենսիվություն: Շատ թույլ զգում ենք տակառներից եկող շոկոլադային, վանիլային տոները, որ համեմվելով բնական խաղողի բույրով, խմիչքին հարստություն են տալիս»,- ասում է Գրիգոր Ալեքսանյանը՝ հավելելով, որ գինին հիացնում է իր ոճին բնորոշ երկար ու հաճելի հետհամով:

Ե՞րբ եւ ինչպե՞ս վայելել

«Տակառ Ռուբի»-ն կատարյալ է որպես ապերիտիվ, ընթրիքի ավարտին, կամ պարզապես որպես աղանդերային գինի։ Պորտվայնն ընդունված է վայելել նաեւ կոկտեյլների բաղադրություններում: Գինու ողջ գեղեցկությունն ու նրբագեղությունը զգալու համար խորհուրդ է տրվում այն խմել 12°C - 16°C ջերմաստիճանում՝ պորտոյի ոճի գինիների համար նախատեսված հատուկ բաժակով։

«Այս գինին հայկական շուկայում բացառիկ է: Եթե ցանկանում եք տպավորել աշխարհի ցանկացած գինեգործի կամ գինեսերի, վստահորեն առաջարկեք «Տակառ Ռուբին»»,- ընդգծում է Գրիգոր Ալեքսանյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին