In Vino-ն անցկացրել է այս տարվա առաջին համտեսը։ Թեման ընտրել են գինեսերները՝ սոցիալական ցանցերում անցկացրած հարցման միջոցով։ Երեկոյի մասնակիցները համտեսել են արցախյան խնդողնի սորտից պատրաստված գինիներ։
In Vino-ի համահիմնադիր, համտեսի վարող Մարիամ Սաղաթելյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է խաղողի առանձնահատկությունների ու գինեսերներին խաղողի տեսակներին ծանոթացնելու ցանկության մասին։
«Իմ Անունն է Խնդողնի (Սիրենի)»
Անցած տարի մեզ մոտ մի քանի առցանց համտես ենք ունեցել, որը եւս հետաքրքիր ձեւաչափ է, բայց նույնը չէ, ինչ կենդանի համտեսը։ Որոշեցինք 2021 թվականի առաջին համտեսն այսպես կազմակերպել, այս տարի այլ համտեսներ եւս կունենանք, կարեւորը համավարակը թույլ տա շարունակել։
Մարիամ Սաղաթելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այսպիսի միջոցառումներ հաճախ ենք կազմակերպում՝ կրթական նպատակով։ Մարդիկ շատ ծանոթ չեն խաղողի սորտերին, մենք ուզում եմ օգնել բացահայտել տարբեր տարածաշրջանների նույն խաղողի սորտից պատրաստված գինիների ոճերը։ Այս տարի խնդողնին շատ սիմվոլիկ էր (կապված Արցախում պատերազմի հետ- խմբ)։
Որպես խաղողի սորտ՝ շատերն են այն հավանում, բայց մեկ-երկու գինի գիտեն, որ պատրաստված է խաղողի այս սորտից։ Հիմա նաեւ հետաքրքիր է, որ այս տեսակից պատրաստված գինիների շարքերը համալրվում են։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խնդողնին յուրահատուկ խաղողի սորտ է, շատ տարածված չէ, հիմնականում աճում է Արցախում։ Խորհրդային տարիներին, առհասարակ, այն համեմատաբար քիչ էր օգտագործվում։
Խնդողնին միջին չափի խաղողի սորտ է, մոմապատ, միջին հաստության կեղեւով, հյութը կարմիր է։ Այս խաղողից պատրաստված գինիները հիմնականում բնութագրվում են որպես մարմնեղ գինիներ եւ սովորաբար ունենում են ալկոհոլի ավելի բարձր պարունակություն։ Մարդկանց պատկերացմամբ՝ դրանից հիմնականում պատրաստվում են չոր, տտիպ գինիներ, բայց համտեսի համար ընտրված գինիների միջոցով ուզում էինք ցույց տալ, որ այլ ոճերի էլ են լինում, օրինակ՝ 2015 թվականի գինի ունեինք, որը 14 ամիս հնեցվել է կովկասյան (հայկական, արցախյան) տակառներում։
4 գինի եւ մեկ անակնկալ
Համտեսի համար ընտրված գինիներն արտադրված են Արցախում, բոլորը չոր գինիներ են, ոճային առումով շատ տարբեր։ Ուզում ենք, որ մարդիկ բացահայտեն ու գտնեն իրենց սիրելի գինին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համտեսի մասնակիցները խմել են հետեւյալ գինիները՝
1. Ապրիս 2018 Apris
2. Արան 2018 Aran
3. Զուլալ 2015 Zulal
4. Տակռի 2016 Takri
5. Կատարո 2018 Kataro
Համտեսներին, սովորաբար, ունենում ենք չորս գինի, որ մարդիկ գինովնան ու կարողանան նաեւ նշումներ անել, բայց այս անգամ որոշեցինք եւս մեկ գինի ավելացնել՝ «Կատարո»-ն։
Տանն ունեի մեկ շիշ «Կատարո»։ Հասկացա, որ պահել չի լինում, ուզում եմ կիսվել ու մարդկանց հետ շփվել այս թեմայի շուրջ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մարդիկ մտածում են՝ Արցախ-Կատարո-խնդողնի։ «Կատարո»-ն շատ լավ գինի է, առաջատարներից մեկը, բայց պետք է իմանանք նաեւ մյուս գինիների մասին։ Կարեւոր է, որ բացահայտենք մեր ունեցածը, մինչեւ ինքներս չգնահատենք մեզ, ոչ ոք չի գնահատի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կատարո»-ն տարբեր հետաքրքիր համաշխարհային մրցումների է մասնակցել ու մեդալներ ստացել։ Միանշանակ է, որ այն մրցունակ է։ Նման համտեսները, հնարավոր է, օգնեն բացահայտել, որ խնդողնի սորտից պատրաստված մյուս գինիներ եւս կարող են մրցունակ լինել։
Կիսակույր համտես
Սովորաբար երրորդ գինուց հետո համտեսողները չեն հիշում, թե առաջինն ինչ համային հատկանիշներ ունի։ Կույր կամ կիսակույր համտեսի ընթացքում մարդիկ գիտեին, թե ինչ են խմելու, բայց չգիտեին, թե ինչ հերթականությամբ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մասնակիցները համտեսման հատուկ թերթիկի վրա նշել են գինու պարզությունը, բույրը, գույնի ինտենսիվությունը, համային հատկությունները, տտիպությունը, համային ավարտն ու որակը, նաեւ թե ինչ գնային սահմանում է այն՝ իրենց կարծիքով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինիները տարբեր ոճերի են, տարբեր տարեթվերի, կարեւոր է, որ մարդիկ հասկանան, թե գինին շշի մեջ ինչ զարգացում է ունենում։
Դիմակայուն խնդողնի
Արցախում դեռ կան խնդողնու այգիներ։ Գինի արտադրողներից մեկն ասել է, որ «խնդողնին դիմակայուն սորտ է, հակառակ ամեն ինչի՝ շարունակում է աճել»։ Ցավում եմ, որ մարդիկ տնկում են այգիները, չորս տարի հետո բերք է տալիս, այն էլ տարին ընդամենը մեկ անգամ, եւ հանկարծ ընդհատվում է այս երկարատեւ պրոցեսը։ Բայց պետք է առաջ նայել ու էլի այգիներ տնկել, խնդողնին պետք է աճեցնել Հայաստանի տարբեր տարածքներում, ինչպես լինում է դրսից ներկրված խաղողի սորտերի դեպքում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս ամենի ֆոնին՝ հետաքրքիր է, թե ինչպես է լինելու 2020-ին արտադրված գինիների սպառումը, որովհետեւ գինին շփում է, մշակույթ։ Ամեն անգամ մեկ շիշ գինի խմելիս գինեսերներն ու գինեգործները հիշում են՝ տարին լավն էր, թե՝ ոչ։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: