«Քոֆիշոփ քոմփնի» սրճարանների ցանցից գնված ամեն գավաթ սուրճը կամ որեւէ այլ ըմպելիք, որ հաճախորդը տանում է իր հետ, ներդրում է լինելու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (ՔՈԱՖ)։
Այդ տարբերակով գնված յուրաքանչյուր գավաթ սուրճի եւ այլ ըմպելիքների վաճառքից ամեն ամիս գումար է փոխանցվելու հիմնադրամին, որը ծառայելու է ՔՈԱՖ-ի շահառու գյուղերում իրագործվող որոշակի ծրագրի։
«Դժվար ժամանակները միավորում են լավ մարդկանց՝ հիմք դնելով բարենպաստ համագործակցության: «Քոֆիշոփ Քոմփնի» սրճարանների ցանցը շատ ոգեւորված է այս նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել գյուղաբնակ համայնքներում երեխաների կրթական ու մշակութային կյանքը: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը մեծ ռեֆորմների տանող երկար ճանապարհի առաջին քայլն է»,- ասել է «Քոֆիշոփ Քոմփնի» սրճարանների ցանցի հիմնադիր Արման Գեւորգյանը։
Օգոստոսի 3-ին «Քոֆիշոփ Քոմփնի»-ն բացեց իր 5-րդ սրճարանը Երեւանի Թումանյան փողոցում, իսկ օգոստոսի 10-ից սկսվում է «Մի գավաթ բարություն» բարեգործական ակցիան։
Հաճախորդը ծրագրի մանրամասներին կարող է ծանոթանալ՝ բաժակի վրայի QR կոդի միջոցով այցելելով համագործակցության մասին պատմող էջ։
«Սարոյանական «Մի գավաթ բարության» խորհրդով իրագործվող համագործակցությունը նոր խոսք է ՔՈԱՖ-ի համայնքների երեխաների համար․ կարեւոր եւ ուսանելի է տեսնել, թե ինչպես է կայացած եւ հաջողակ բիզնեսը ձեռք մեկնում գյուղական համայնքներին՝ նպաստելով երեխաների կրթությանն ու առողջ ապրելակերպին»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: