×

NOA գինիները մեդալներ են ստացել London Wine Competition-ում

NOA գինիները արծաթե եւ բրոնզե մեդալների են արժանացել London Wine Competition-ում։

«Նոա օֆ Արենի» ընկերության տնօրեն Արսեն Մկրտչյանը GastroVino-ին ասել է, որ այս միջազգային խոշոր մրցույթին ներկայացել են NOA-ի 4 նոր գինիներով։ NOA White – 2018,  NOA Red Classic – 2017 եւ NOA Red Reserve – 2017 գինիներն արժանացել են արծաթե մեդալի, իսկ NOA Rose – 2018 գինին՝ բրոնզե։

«Մեր ներկայացրած չորս գինիներն էլ մեդալներ ստացան, ինչը շատ անսպասելի էր։ Մտածում էինք՝ առավելագույնը երկու մեդալ կստանանք, որովհետեւ բավական մեծ թվով մասնակիցներ կային»,- ասել է Արսեն Մկրտչյանը։

Նա նշել է, որ դժվար պայմաններում հաղթանակներն էլ ավելի են ոգեւորում։ Խոսելով այդ դժվար ժամանակների մասին՝ Արսեն Մկրտչյանն ասել է, որ COVID-19 համավարակի հետեւանքով գինու արտադրության եւ հարակից ոլորտները շատ ծանր վիճակում են հայտնվել։

«Հայաստանում գինու սպառման այնպիսի մշակույթ չկա, որ, օրինակ, երեկոյան ընթրիքի հետ գինի վայելեն։ Սովորաբար Հայաստանում գինի խմում են ռեստորաններում կամ տոների ժամանակ։ Այս իրավիճակում վաճառքների իրականացումը շատ է բարդացել։ Բոլորի մոտ վաճառքները նվազել են, եւ հատկապես պրեմիում դասի գինիների սպառումն ընկել է»,- ասել է Արսեն Մկրտչյանը։

«Նոա օֆ Արենի» ընկերության տնօրենը նշել է, որ ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես հերթական անցողիկ խնդիր։

«Մեր հայացքը ուղղված է ապագային, նոր գինիներ ենք ստեղծում։ Հիմա դեկտեմբերին քաղված խաղողից սպիտակ քաղցր գինի ենք արտադրում, որը, կարծում եմ, ցնցելու է շուկան եւ մեծ արձագանք գտնելու քաղցր գինու սիրահարների մոտ։ Շատ հետաքրքիր բան է ստացվել ու կարող է նոր մշակույթ եւ սպառում ձեւավորել»,- ասել է Արսեն Մկրտչյանը։

Մարի Թարյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին