Domaine Avetissyan «Կատարո» գինու գործարանը ներկայացրել է նոր՝ «Կատարո» Ռոզե գինին՝ Խնդողնի խաղողի տեսակից, ադամանդե փայլով եւ նուրբ համային երանգով։
«Կատարո» Ռոզեն հայկական շուկայի եզակի գինիներից է, որ պատրաստված է խաղողի միայն մեկ սորտից՝ Խնդողնիից։ Այն ունի անտառային հատապտղային ցուկատների նուրբ բույր եւ ծաղկային ու նեկտարի համային երանգներ:
«Գինին բալանսավորված է՝ օժտված երկար հետհամով, հաճելի թթվությամբ, քիմքում թարմության զգացողությամբ: Հայկական շուկայում գրեթե չկա վարդագույն Խնդողնի: Սա նորություն է մեր գինեսերների համար: Կարծում եմ, այն իր արժանի տեղը կգրավի հայկական գինիների լայն գունապնակում»,- GastroVino-ին ասել է Domaine Avetissyan «Կատարո» գինու գործարանի գինեգործ Անդրանիկ Մանվելյանը։
Անդրանիկ Մանվելյանը եւ Գրիգորի Ավետիսյանը
Գինեգործը պատմել է, որ մինչ Խնդողնու սորտից վարդագույն գինի պատրաստելը Երեւանում արտադրում էին «Կատարո» Ռոզե գինին՝ Արենի եւ Կախեթ տեսակի խաղողներից, իսկ Խնդողնուց վարդագույն գինի ստանալու գաղափարը ծնվել է 2015թ․-ին, երբ Domaine Avetissyan «Կատարո» գինու գործարանի տնօրեն եւ համասեփականատեր Գրիգորի Ավետիսյանի հետ ԱՄՆ-ում մասնակցում էին գինեգործական միջոցառման:
«Համտեսելով տարբեր գինիներ, այդ թվում՝ վարդագույն՝ փորձեցինք պատկերացնել՝ արդյոք հնարավո՞ր է Խնդողնի խաղողից պատրաստել վարդագույն գինի։ 4 տարի անց՝ 2019-ին Գրիգորին ինձ հրավիրեց աշխատել իր գինեգործարանում՝ որպես գինեգործ: Եվ ահա հենց այդ ժամանակ էլ հիշեցրեցի նրան մեր վաղեմի գաղափարն ու սկսեցինք ստեղծագործել»,- ասել է Անդրանիկ Մանվելյանը։
Գինեգործը նաեւ բացել է «Կատարո» Ռոզեի վարդագույն-ադամանդե գույնի գաղտնիքը․ «Գույնը պայմանավորված է խաղողի կեղեւից թրմած գունանյութով: Կախված խաղողի տեսակից եւ գինու pH-ից՝ երանգը կարող է տատանվել սաղմոնի գույնից մինչեւ բաց վարդագույն: Եվ, իհարկե, մեծ նշանակություն ունի գինեգործի աշխատաոճը գինու պատրաստման ամբողջ ընթացքում: Եթե գինին առողջ է եւ կայուն, ապա վերջնական մշակման արդյունքում ձեռք է բերում գեղեցիկ ադամանդե փայլ»:
«Կատարո» Ռոզեն գինեսերներին կարող է գրավել նաեւ նուրբ բույրով եւ հաճելի համային հատկություններով։
«Առաջին իսկ համտեսից վառ արտահայտվում է ամառային հատապտուղների եւ մրգերի բույրը։ Դա ամենահիշվողն է։ Այնուհետեւ առաջ են գալիս նռան կիսադառը երանգներն ու ջրալի դեղձի համերը։ Այս գինին ստեղծված է ամառվա տաք օրերին վայելելու համար։ «Կատարո» Ռոզե գինին հիանալի համադրվում է մրգային աղցանների եւ թեթեւ խորտիկների հետ: Եվ, իհարկե, այն ապահովում է ջերմ մթնոլորտ ու հաճելի տրամադրություն»,- ասել է գինեգործը։
«Կատարո» Ռոզե գինին արտադրվել է սահմանափակ քանակով՝ ընդամենը 13 000 շիշ եւ արդեն վաճառքում է։ Գինին հիմնականում վաճառվելու է Արցախում եւ Հայաստանում, հնարավոր է արտահանվի փոքր քանակով:
Մարի Թարյան
Լուսանկարները՝
Domaine Avetissyan «Կատարո» գինու գործարան/Արմինե Վանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: