×

Փառանձեմ Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Սարյանի գինեսերները» քչացրել են խմելը, բայց չեն փոխել սիրած գինին

Սարյան փողոցի սրճարանների հայտնի գինի խմողները մեկուսացման օրերին սկսել են գինի ավելի քիչ խմել, բայց հավատարիմ են մնացել իրենց սիրելի գինու տեսակներին. սա պարզ է դառնում մարքեթոլոգ Փառանձեմ Ավագյանի իրականացրած հարցման արդյունքում։ Գինու մեծ սիրահար մարքեթոլոգը վերջերս անանուն մի փոքրիկ հարցում է կատարել հայ գինեսերների շրջանում, որպեսզի պարզի, թե արտակարգ դրության պատճառով ինչպես են փոխվել նրանց նախասիրությունները, ինչ են ակնկալում գինեգործներից ու գինու բարերից, եւ ինչի վրա կարելի է շեշտը դնել «պոստ-քովիդյան» Հայաստանում։ Հարցման արդյունքները մեկնաբանելու եւ գինեսերների հետ անձնական զրույցներից մանրամասներ ներկայացնելու համար զրուցել ենք Փառանձեմ Ավագյանի հետ։ 

Ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ

Հարցումն արել եմ իմ հետաքրքրության համար, գինի շատ եմ սիրում ու հաճախ եմ այս թեմայով ուսումնասիրություններ անում, պատմություններ կիսվում, սիրում եմ նաեւ փոքր խմբեր հավաքել ու համտեսներ կազմակերպել։ Գինին կիրք է, որ փորձում եմ կապել իմ մասնագիտության եւ մարքեթինգային գիտելիքների հետ։ 

Հարցումն իրականացրել եմ նաեւ բլոգի գրառումս ավելի հավաստի դարձնելու համար, նպատակս էր հասկանալ՝ արդյո՞ք համավարակի շրջանում գնորդները սկսել են ավելի շատ գինի խմել՝ ինչպես հիմա Եվրոպայում եւ ԱՄՆ-ում են անում, թե պահպանել են նույն տեմպը կամ նվազեցրել սպառումը։ 

Ճիշտ է՝ հարցվածների խումբն ընդամենը 25 հոգուց էր բաղկացած, բայց ինձ հաջողվել է մոտավոր պատկեր ստանալ, թե այժմ ինչ վիճակում է ոլորտը: Հարցվածների մեծ մասը հենց Սարյան փողոցի սրճարանների մշտական հաճախորդներն ու գինի խմողներն էին։ Հարցումն արել եմ 2020-ի ապրիլի վերջին, մասնակիցների մեծ մասը 25-35 տարեկան էր։

Քչացրել, բայց չեն դավաճանել

Հարցվողների մեծամասնությունը նվազեցրել է գինու սպառումը. եթե մինչեւ արտակարգ դրությունը շաբաթը երկու-երեք անգամ էին գինի խմում, արտակարգ դրության ժամանակ դարձրել են շաբաթական մեկ անգամ, ոմանք էլ ընդհանրապես դադարել են գինի խմելը։ 


Փառանձեմ Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հետագայում անձնական զրույցների ժամանակ պարզեցի, որ հարցվածները հիմնականում խմում էին այն, ինչ կար իրենց տան պահուստներում։ Ոմանք նշել են անգամ, որ Նոր տարուց մնացած գինիներն էին սկսել օգտագործել, ենթադրում եմ՝ դրանք նվեր ստացած գինիներ են, այսինքն՝ նրանք հակված չեն գնելու, մինչդեռ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում սպառումն այս շրջանում մեծացել է։ Այս երկրներում գինին առօրյայի մաս է, ինչպես հայերիս մոտ հացն ու աղն է սեղանից անպակաս. նրանք իրենց բյուջեի մեջ ունեն գինի առնելու հատուկ տող։

Իմ հարցման դեպքում նկատվում է, որ հայ գինեսերների մեծ մասը նվազեցրել է սպառումը, բայց չի փոխել գնային սեգմենտը, այսինքն՝ եթե նախկինում երկու շիշ էր, հիմա դարձել է մեկ շիշ, բայց գինու տեսակը նույնն է մնացել։ 

Գինին՝ դեռեւս շփման համար

Հայաստանում գինի խմելը դեռեւս կայուն ավանդույթ չէ, այն չի մտել մեր կենցաղ, առօրյա, որ գնանք սուպերմարկետ եւ շաբաթվա գնումները կատարելիս նաեւ մեկ-երկու շիշ գինի առնենք։ Մենք դեռեւս շարունակում ենք գինի խմել մարդկանց հետ շփվելու, դրսում ընթրելու, պարզապես ինչ-որ նոր բան բացահայտելու համար. մեր գինեգործներն այս մասով պետք է ավելի երկար աշխատեն, որպեսզի տանը գինի ըմպելը դառնա սովորություն։ 

Բացի այդ, Հայաստանում պետք է հաշվի առնենք ընդհանուր հասարակության վերաբերմունքը տանն ալկոհոլ խմելուն՝ հատկապես երիտասարդների եւ միայնակ մարդկանց դեպքում, որովհետեւ մեր ծնողները սովորաբար հրաժարվում են գինուց, նրանք սովոր են օղի կամ կոնյակ խմել (օղին կարող են երկար պահել սառնարանում)։ Մինչդեռ երիտասարդները միայնակ մեկ շիշ գինի խմել չեն կարող, մեկ շիշը մոտ վեց բաժակ է կազմում։

Ճիշտ է՝ կարելի է առցանց հանդիպում կազմակերպել ընկերներով ու գինի խմել, ես նման փորձ ունեցել եմ, հետաքրքիր է անցնում, բայց այն չի կարող փոխանցել իրար կողք կողքի նստելու, երկու տարբեր սեղաններ իրար հետ խոսելու, ծանոթանալու սոցիալականացման բաղադրիչը։ Այդ պատճառով էլ մեկուսացման ժամանակ շատերը նախընտրում էին ուղղակի չխմել. եթե չկա մարդ, ում հետ կարող ես գինին կիսել, գինի խմելն անհետաքրքիր է դառնում։ 

Covid-19-ի դրական կողմերը

Գինին շփում է. սա համաճարակի ընթացքում ամենակարեւոր բացահայտումն էր ոլորտի համար։ Մեր գինեգործներից որոշները հասկացան, որ մարդիկ միեւնույն է ուզում են շփում եւ գիտելիք, այդ պատճառով որոշ գինեգործական ընկերություններ սկսեցին ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել համացանցում, շատերն անցան առցանց համտեսների տարբերակին։ 

Առցանց համտեսներ շատ լավ կազմակերպում է In Vino-ն, այս ընթացքում առանց ունեցել ենք անգամ գինու ներկայացում Van Ardi-ի կողմից, նրանք առաջիններից էին, որ շարունակեցին պահպանել մարդկանց հետ կապը։ Tushpa Wines-ը թվայնացման առաջամարտիկներից է. նրանք մինչեւ արտակարգ դրություն էին շատ ակտիվ համացանցում, նույնը շարունակվեց նաեւ այս շրջանում։ 


Փառանձեմ Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Այն գինեգործական ընկերությունները, որոնք սոցիալական ցանցերում իրենց էջերը չունեին, այս ընթացքում ավելացրել են: Օրինակ, Qotot Wines-ը ինստագրամյան էջ շաբաթներ առաջ է բացել։ Koor Wines-ն է առցանց մեծ ակտիվություն սկսել, շատերն էլ ինտերակտիվություն են ապահովել, գիտելիք տվել, Vine and Wine հիմնադրամը տեսահոլովակների շարք է սկսել, որտեղ պատմում է խցանների, խաղողի տեսակների, առանձնահատկությունների մասին: 

Ակնկալիքները

Հարցման շրջանում ներառել էի նաեւ «Գինի գնելիս ի՞նչն է ազդել Ձեր ընտրության վրա այս օրերին» հարցը։ Հետաքրքիր է՝ ավելի շատ թվով մարդ գրել էր, որ խորհրդի կարիք չունի։ Ենթադրում եմ՝ ժամանակին փորձել են մի քանի տեսակ ու շարունակում են նույն գինին խմել։ Երկրորդ տեղով երեւում է, որ հարցվածների վրա ազդում են իրենց ընկերների խորհուրդները։ Հատկապես նոր սերունդն ավելի շատ նախընտրում է ընտրություն կատարել ընկերների մեջ համբավ ունեցող մեկի խորհրդով. հիմա 1500-2000 ֆեյսբուքյան ընկեր ու լավ ճաշակ ունեցող օգտատիրոջ խորհուրդը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան մեծ գումարներ ծախսելու արդյունքում հայտնի աստղի ներգրավմամբ գովազդը։ 

Հարցման պատասխանններից ելնելով՝ հասկանում ենք, որ չնայած Հայաստանում գինին լավ տարածված է, ու ներկայում ունենք մոտ 70 գինի արտադրող ընկերություն, բայց մեր գինեսերները դեռ գիտելիքի պակաս ունեն։ Գինու դեպքում պետք է համտեսես, պետք է գնես, որ ճանաչես, իսկ դրա համար պետք է նախապես ունենաս որոշակի գիտելիք, որպեսզի ըստ պիտակի հասկանաս, թե որ գինին է քեզ ամենաշատը դուր գալիս։ Խաղողի տեսակները, դրանց առանձնահատկությունները ճանաչելը, տարածաշրջանն ու արտադրողին իմանալն ազդում է գնելու գործընթացի վրա։ 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին