Գինու մասին զրույցները հետաքրքիր են, հարցերը՝ շատ, ինչն էլ գինեգործ Արեգ Խոջոյանին ոգեշնչել է նախաձեռնել «Գինովնանք գրագետ» շարքը: Նա գինու սիրահարներին առաջարկում է սիրելի խմիչքի ընտրության հարցում ավելի գիտակ դառնալ:
GastroVino-ն գինեգործի հետ զրուցել է շարքի մեկնարկի ու նպատակի մասին:
Գաղափարի մեկնարկը՝ արտակարգ դրության օրերին
Արեգն ասում է, որ «Գինովնանք գրագետ» տեսանյութերի շարքի գաղափարը վաղուց է ունեցել:
«Վերջին 10 տարում Հայաստանում սկսել է զարգանալ գինեգործությունը, դրան զուգահեռ ավելացել է գինու սպառումն ու գինեսերների քանակը: Բայց մեր սպառողը դեռեւս այնքան էլ բանիմաց չէ, ու բնական է, որ կան հարցեր, որոնց մասին ճիշտ կլինի կիսվել նրանց հետ:
Երկար ժամանակ մտածում էի, որ կարելի է այդ հարցերին անդրադառնալ կարճ տեսանյութերի միջոցով, բայց ծանրաբեռնվածության պատճառով չէր ստացվում ժամանակ տրամադրել:
Արտակարգ դրության պատճառով ունեցած ազատ ժամանակը փորձեցի արդյունավետ ծախսել ու տրամադրել գաղափարի մեկնարկին: Ու քանի որ սկիզբը դրել եմ, հետո արդեն «ստիպված» ժամանակ կգտնեմ ու կշարունակեմ շարքը»,- նշում է նա:
Արեգ Խոջոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինեգործի նպատակն է՝ օգնել սպառողների լայն լսարանին ավելի հեշտ ընտրություն կատարելու հարցում եւ գինիների բազմազանության մեջ ավելի արագ գտնել այն, ինչ ուզում են: «Այստեղ խոսքը ոչ թե ուղղորդված վաճառքի մասին է, այլ թե ինչի վրա ավելի շատ ուշադրություն դարձնել»:
Շարքի առաջինը՝ Cork vs Screwcap
Գինեսերների մոտ ամենաշատ քննարկվող հարցերից մեկը գինու շշի խցաններին է վերաբերում: «Գինովնանք գրագետ» շարքի առաջին տեսանյութը հենց այս հարցին է անդրադարձել. խցա՞ն, թե՞ պտուտակային գլխարկ (Cork vs Screwcap), դրական եւ բացասական կողմերը, ինչ են հուշում սրանք գինու տեսակի մասին եւ արդյոք ազդում են արժեքի վրա:
«Հաճախ պտուտակավոր գլխարկով փակված շշի դեպքում ըմպողներն ասում են՝ գինին շատ լավն է, բայց ափսոս փակված է այսպես: Այսինքն՝ մարդկանց մոտ կա այն տպավորությունը, որ եթե scrucap է, ուրեմն այդ գինի էժան է ու լավը չէ:
Բայց շիշը փակելու ձեւը կապ ունի զուտ գինու տեսակի հետ, այսինքն՝ գինին հնեցման պոտենցիալ ունի՞, թե նախատեսված է ավելի արագ սպառման համար»:
Ինչքան շատ հարցեր, այնքան լավ
Առաջիկա տեսանյութերում Արեգը որոշել է անդրադառնալ տնական ու գործարանային, էժան ու թանկ գինիներին, պիտակները ճիշտ կարդալուն:
«Հետագայում ավելի մասնագիտական թեմաներ կլինեն, որտեղ կխոսեմ խաղողի այգիներից ու գինու համտեսից»,- ասում է գինեգործը:
Ինչ վերաբերում է տեսանյութերի ձեւաչափին. «Յուրաքանչյուր տեսանյութ կտեւի մոտ 3 րոպե: Կփորձեմ լսարանին չհոգնեցնել, բայց ներկայացնել սպառիչ պատասխաններ: Տեսանյութերը կլինեն մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ, բայց երկու շաբաթի սահմանագիծը չեմ անցնի»:
Իր ընտրած թեմաներից զատ՝ գինեգործը կանդրաառնա նաեւ լսարանի հարցերին. «Ինչքան շատ հարցեր լինեն մարդկանց կողմից, այնքան լավ»:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: