×

Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը Լուսանկարը՝ Karas Wines

«Կարաս» ընտանիքը համալրվելու է նոր գինիներով

Exotic Wine Travel հարթակի հայտնի զույգն օրեր առաջ Facebook-ի ուղիղ հեռարձակման միջոցով զրուցել է Karas Wines-ի տնօրեն Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանի հետ ու խնդրել է պատմել Հայաստանի գինեգործության եւ «Կարասի» նոր գինիների մասին։

Exotic Wine Travel-ի հեղինակներ Շերին Թանը եւ Մեթյու Հորքին 2016-ին լույս տեսած Uncorking the Caucasus: Wines from Turkey, Armenia, and Georgia գրքի հեղինակներն են, նրանք տարիներ առաջ այցելել էին Հայաստան, ծանոթացել էին տարածաշրջանի գինիներին ու տպավորվել եզակի սորտերով։

Շերինը եւ Մեթյուն ուսումնասիրում են աշխարհի տարբեր ծայրերում արտադրվող ոչ մեծ ճանաչելիություն ունեցող գինիները։ 2015-ին երկուսով թողել են հիմնական աշխատանքը, լքել Սինգապուրն ու սկսել են ակտիվ ճամփորդելը, որպեսզի աշխարհը բացահայտեն գինիների միջոցով։ Նրանք պարբերաբար այցելում են գինի արտադրող տարբեր երկրներ, ծանոթանում տեղացի գինեգործների հետ ու ոլորտի նորությունները ներկայացնում են իրենց հազարավոր գինեսեր հետեւորդներին։

***

Շերինը եւ Մեթյուն Հայաստանում արտադրվող գինիներին շատ լավ են ծանոթ, բացի երկու ամիս Հայաստանում ուսումնասիրություններ կատարելուց՝ նրանք մշտապես հետեւում եմ ոլորտի նորություններին ու կապ են պահպանում գինեգործների հետ։ Karas Wines-ի հետ զրույցը Exotic Wine Travel-ի առաջին ուղիղ հեռարձակումն էր Facebook-ով, այս հանդիպման գլխավոր թեման A Tale Of 2 Mountains նոր գինին էր։

Զույգը խնդրել էր Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանին ներկայացնել նոր գինու առանձնահատկություններն ու պատմել Karas Wines-ի գործունեության մասին։ Շերինը եւ Մեթյուն նախօրոք ձեռք էին բերել A Tale Of 2 Mountains-ի սպիտակ եւ կարմիր տարբերակներն ու համտեսում էին զրույցի ընթացքում։

Լուսանկարը՝ Karas Wines


Խուլիանան, գինիները ցուցադրելով, ընդգծում էր, որ A Tale Of 2 Mountains-ի միջոցով փորձել են աշխարհին ցույց տալ Karas Wines-ի միջազգային կողմը․ ե՛ւ կարմիրը, ե՛ւ սպիտակը խաղողի երկու տեսակի խառնուրդ է, հայկական տեսակը գերակշռում է: Կարմիրը Արենի (60 %) եւ Malbec (40 %) սորտերից է պատրաստված, սպիտակը՝ Կանգուն (60 %) եւ Chenin Blanc (40 %): Այս գինին տարբերվում է «Կարասի» մյուս տեսակներից ե՛ւ բույրով, ե՛ւ դիզայնով, ե՛ւ գնով: Այն ավելի մատչելի է ու հասանելի շատերին, դիզայնն էլ ներկայացնում է Արարատի պատմությունը՝ որպես Հայաստանի խորհրդանիշ։

Karas Wines-ի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ «Կարաս» գինիների ընտանիքը շուտով եւս կհամալրվի նոր գինիներով, շեշտը կրկին դնելու են հայկական սորտերի վրա։

***

Շերինը եւ Մեթյուն նաեւ հետաքրքրվեցին, թե որ երկրներից Exotic Wine Travel-ի հետեւորդները կարող են ձեռք բերել Karas Wines-ի գինիները։ Խուլիանան տեղեկացրեց՝ արտահանում են Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա եւ որոշ ասիական երկրներ։

«Կարծում եմ՝ Հայաստանն աշխարհի գինեգործության համար մի մեծ բացահայտում է․ հիմա մարդիկ ձգտում են նոր սորտեր փորձել։ Վերջին տարիներին շատերն են սկսել հետաքրքրվել հայկական գինիներով եւ մեծ սպասելիքներ ունեն մեզնից։

Ես եւ իմ ընտանիքը գինի ենք արտադրում նաեւ Արգենտինայում: Երբ նոր էի սկսել ճամփորդելն ու գինիների մասին տարբեր հարթակներում պատմելը, բոլորը հարցնում էին արգենտինական գինիներից, Հայաստանով ոչ մեկ չէր հետաքրքրվում, իսկ հիմա հակառակն է, բոլորն ասում են՝ մեզ Արգենտինան չի հետաքրքրում, Հայաստանից պատմի՛ր»,- ասում է Խուլիանան։

***

Առցանց զրույցի ժամանակ Exotic Wine Travel-ի հեղինակները վերհիշեցին նաեւ Հայաստան այցելությունն ու կիսվեցին տպավորություններով, անկեղծացան՝ շատ էին զարմացել, երբ Հայաստանում եզակի սորտերով գինիներ էին բացահայտել։

Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը Լուսանկարը՝ Karas Wines


Խուլիանան պատմեց, որ չնայած Հայաստանում գինեգործությունը դարավոր պատմություն ունի, սակայն դրա վերածնունդը վերջին տասնամյակում է տեղի ունենում, հիշեցրեց՝ երբ 2010-ին Karas Wines-ը Հայաստանում նոր էր սկսել իր գործունեությունը, որակյալ գինի արտադրողները շատ քիչ էին, այժմ դրանց թիվն անհամեմատ շատացել է։

«Հայաստանի հետ կապված ամենահետաքրքիր փաստն այն է, որ հայկական գինիները շատ նոր են, միեւնույն ժամանակ շատ՝ հին։ Իսկապես հիանալի է Հայաստանում գինի արտադրելը. պատմությունը հարուստ է, նորի ու հնի միաձուլումն էլ շատ հետաքրքիր է ստացվում»,- ասում է Խուլիանան։

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին