Համաճարակային իրավիճակը բոլորիս ստիպում է մեկուսանալ ի բարօրություն մեզ եւ հասարակության։ Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանի էքսկուրսավար Ջեմմա Միրզոյանը GastroVino-ին պատմել է՝ ինչպես կարելի է այս ժամանակահատվածը լցնել վառ տպավորություններով «Արարատ» կոնյակի օգնությամբ։
#ՄնաՏանը՝ «Արարատի» հետ
Եկեք խոստովանենք, որ հանուն աշխատանքային հանդիպումների հաճախ ենք զոհաբերել մեր մտերիմների հետ անցկացնելիք ժամանակը։ Եթե այս համաճարակային իրավիճակին փորձենք նայել դրական տեսանկյունից, ապա կհասկանանք՝ մեզ տրվել է այս ժամանակահատվածը մեր ընտանիքի հետ վայելելու հնարավորություն։
Ընտանեկան պահերն էլ ավելի հիշարժան դարձնելու համար խորհուրդ կտամ ժամանակն անցկացնել «Արարատ» կոնյակի հետ միասին։
«Արարատ» կոնյակը Հայաստանի անհայտնի խորհրդանիշներից է, եւ վստահ եմ, որ յուրաքանչյուրիս տանը կգտնվի առնվազն մեկ շիշ «Արարատ» եւ համապատասխան բաժակներ։
Վայելքի գաղտնիքը
Որակյալ կոնյակը պետք է լինի թափանցիկ եւ փայլուն, բայց յուրաքանչյուր կոնյակ ունի իր առանձնահատուկ բույրն ու համը։
Ճիշտ ընտրված բաժակը մեզ կօգնի բացահայտել «Արարատ» կոնյակի համի եւ բույրի նրբերանգները։ Նախընտրելի է, որ բաժակը լինի կակաչի տեսքով։
«Արարատ» շարքի կոնյակներից մեկը լցնելուց հետո կարող ենք դանդաղ պտտեցնել բաժակը ձախ ափի մեջ՝ տաքացնելով այն մեր սրտի ջերմությամբ։ Այնուհետեւ, բաժակի մակերեսին կնկատենք կաթիլներ, որոնք դանդաղ կսահեն դեպի ներքեւ։ Ընդ որում՝ որքան դանդաղ են իջնում այդ կաթիլները, այնքան ավելի հնեցված է կոնյակը։
Բաժակը տաքացնելիս կարողանում ենք զգալ համային եւ հոտային տարբեր ալիքներ։ Բաժակից մեկ սանտիմետր հեռավորության վրա մեզ համար բացվում է նրբերանգային առաջին փունջը։ Երկրորդը զգում ենք բաժակի ծայրին, իսկ երրորդ ալիքը՝ արդեն բաժակում, որն ամենահագեցածն է վառ ելեւէջներով։
Կան բաներ, որ չեն ենթարկվում նորաձեւության փոփոխությանը, այսինքն՝ մշտապես հասկանալի եւ ճանաչելի են բոլորի կողմից։ Այդպիսին է նաեւ կոնյակի եւ շոկոլադի դասական համադրությունը, որ նրբաճաշակ եւ ներդաշնակ երկխոսություն է։ Համադրությունն առավելագույնս վայելելու համար շատ կարեւոր է ընտանեկան ջերմ միջավայրը։
Համահոտային նրբերանգները «Անի»-ում
Ինձ համար նախընտրելի կոնյակներից է «Անի»-ն, որ բացում է «Արարատ» տեսակավոր կոնյակների փունջը: Խմիչքի տարիքը կուպաժավորված տարբեր տարիքի հնեցված կոնյակների սպիրտների միջին կշիռն է, այսինքն՝ տարբեր սպիրտների խառնուրդից ենք ստանում 6 տարեկան հնեցման կոնյակը։
«Անի»-ն ունի 40% թնդություն։ Այն իր անվանումը ստացել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի պատվին, որ Կոստանդնապոլսի, Բաղդադի եւ Կահիրեի ճանաչված մրցակիցն էր։ Անի քաղաքի քառասուն դարպասներից գլխավորները զարդարում էր Բագրատունիների թագավորական դինաստիայի խորհրդանիշը՝ նրբագեղ բարսը, որն այսօր պատկերված է «Արարատ» տեսականու համանուն կոնյակի փաթեթավորման վրա:
Օրգանոլեպտիկ տեսանկյունից «Անի»-ն տարբերվում է իր արեւային ցիտրուսների բույրով, չորացած թզի եւ քաղցր նշի նրբերանգներով։
«Անի» կոնյակը | Լուսանկարը՝ «Արարատ» թանգարան
Իհարկե, կոնյակի համի եւ հոտի զգացողությունում մեծ դեր ունեն համտեսողի սուբյեկտիվ ասոցիացիաները։
«Անի» կոնյակն ունի ավելի թեթեւ համ, որի շնորհիվ էլ սիրվում եւ գնահատվում է հատկապես կանանց կողմից։ Այն կատարյալ է նրանց համար, ովքեր գնահատում են վառ հույզերն ու նոր տպավորությունները:
Հատկապես այս պահին, երբ բոլորս մեկուսացած ենք, կարծում եմ՝ յուրաքանչյուրիս համար շատ կարեւոր են ընտանեկան հիշարժան տպավորությունները, իսկ «Անի»-ն հիանալիորեն ընդգծում է պահի կարեւորությունը եւ այն վերապրելու անկեղծ ուրախությունը:
Սիրելի սուրճը՝ կոնյակի հետ
Սուրճը մեր առօրյայում բավականին մեծ տեղ է զբաղեցնում։ Երբ նախքան արտակարգ դրությունը գնում էինք աշխատանքի, չէինք հասցնում սուրճը լիարժեքորեն վայելել, արագ ըմպում էինք ու աշխատանքի անցնում։
Լուսանկարը՝ «Արարատ» թանգարան
Այժմ ունենք այդ ժամանակը՝ սուրճն արեւելյան եղանակով պատրաստելու եւ այն մտերիմների հետ հաճելի զրույցով վայելելու համար։ Այս դեպքում եւս կարող ենք «Արարատ» կոնյակով հրաշալի համադրություն ստանալ, քանի որ սուրճն ու կոնյակը զարմանալիորեն շատ նմանություններ ունեն։
Մեկ բաժակ սուրճի եւ մեկ գավաթ «Արարատ» կոնյակի ներդաշնակ համադրությունը կարող են լրացնել հալվան եւ կոզինախը։
«Արարատ»-ի կոկտեյլային տրամադրությունը
Հատկապես երիտասարդների համար «Արարատ»-ն առաջարկում է ժամանցի մեկ այլ տարբերակ՝ կոկտեյլների պատրաստում «Արարատ» շարքի կոնյակներով։
Առաջարկում եմ տանը փորձել բարմենական հմտությունները եւ ամենասիրելիներին նվիրել գունեղ երեկոներ.«Արարատ»-ի կայքում կարելի է գտնել բազմաթիվ պարզ բաղադրատոմսեր։
Խորհուրդ կտամ պատրաստել մի պարզ, բայց շատ յուօրինակ կոկտեյլ՝ Apricot Heart:
Կոկտեյլի հիմնական բաղադրիչը ARARAT Apricot ալկոհոլային խմիչքն է, որ պատրաստված է 6 տարի հնեցման կոնյակի հիմքով եւ ծիրանի բնական էքստրակտով։ Այն օժտված է նուրբ եւ ներդաշնակ բույրով, կարելի է զգալ հասուն մրգերի նրբերանգներ, վանիլի եւ մատուտակի ընդգծված ելեւէջներ, ինչպես նաեւ թարմ ծիրանի հաճելի նրբահամ եւ քաղցր հետհամ:
ARARAT Apricot խմիչքը | Լուսանկարը՝ «Արարատ» թանգարան
Apricot Heart կոկտեյլի բաղադրիչները շատ մատչելի են։ Դրանք տանը չգտնելու դեպքում կարելի է հեշտությամբ ձեռք բերել առաքման եղանակով։
Անհրաժեշտ է 50 մլ ARARAT Apricot խմիչք, 30 մլ թարմ քամած կիտրոնի հյութ, 30 մլ թարմ քամած սերկեւիլի հյութ եւ 2 գդալ ծիրանի մուրաբա։
Բաղադրիչները խառնում ենք, ինչպես բարմեններն են ասում՝ շեյք եւ դաբլ սթրեյն անելուց հետո ձեւավորում նուշի քերուկով։ Քանի որ արդեն եղանակը գնալով տաքանում է, կարելի է նաեւ սառույցի կտոր ավելացնել։ Կոկտեյլը համադրելի է մարցիպանի եւ նուշի հիմքով պատրաստված նրբահամ աղանդերով։
Apricot Heart կոկտեյլը | Լուսանկարը՝ «Արարատ» թանգարան
Իհարկե, չպետք է մոռանալ ամենակարեւորի մասին, այն է՝ վայելել կոկտեյլը ընտանեկան ջերմ միջավայրում՝ լրացնելով այն բաց թողած ժամանակը, որ խլել է աշխատանքը մեր ընտանիքներից։
Համաճարակի այս դժվարին օրերը մտերիմների հետ միասին հաղթահարելով՝ շուտով կվերադառնանք աշխատանքի էլ ավելի մեծ էներգիայով ու կունենանք նոր ձեռքբերումներ։ Համոզված եմ՝ ընտանեկան այս քաղցր պահերին «Արարատ» շարքի կոնյակները մեզ կօգնեն լիարժեք վայելել ընձեռված հնարավորությունը։
Իհարկե, չմոռանանք, որ «Արարատ» կոնյակը հարկավոր է վայելել պատասխանատվությամբ:
Ջեմմա Միրզոյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: