Ֆրանսիական Le Monde թերթը հրապարակել է «Վրացական գինին՝ Մարսո՞ւմ» հոդվածը, որում պատմում է IX Millennium նախագծի մասին:
Գիտնական Նինո Ենուկիձեն ստեղծել է չորս աստղակենսաբաններից բաղկացած խումբ՝ Մարիա Տարասաշվիլիի գլխավորությամբ: «Նա աշխարհահռչակ գիտնական է եւ ունի վակուումային խողովակի արտոնագիր: Այն թույլ է տալիս վերստեղծել Մարս մոլորակի օդը եւ միջավայրը»,- ասում է Նինոն:
Գիտնականները խողովակի մեջ են տեղադրել Վրաստանում խաղողի ամենատարածված տեսակներից մի քանիսը, որպեսզի ստուգեն դրանց դիմադրողականությունը մարսյան կլիմային:
«Սեւ եւ Կասպից ծովերի արանքում սեղմված այս փոքր երկրում շատերը երազում են ապագա խաղողի այգիների մասին՝ Երկրագնդից տասնյակ միլիոնավոր կիլոմետրեր հեռավորության վրա», - գրում է Le Monde-ը:
Հոդվածում նշվում է, որ նախագծին աջակցում են Ֆրանսիայի, Իսրայելի, Դանիայի եւ Միացյալ Նահանգների գիտնականները, իսկ Թբիլիսիում Hewlett-Packard-ի ներկայացուցչությունն աստղակենսաբաններին տրամադրել է համակարգիչներ՝ բարդ հաշվարկներ իրականացնելու համար:
«Ոչ ոք չգիտի, արդյո՞ք վրացական գինին կհայտնվի Մարսում, բայց այս ուսումնասիրությունները, որոնք նախատեսված են տեղական սորտերի կայունությունը փորձարկելու համար, իրենց դերը կունենան կլիմայի տաքացման դեմ պայքարում եւ կնպաստեն վրացական գինեգործության զարգացմանը»,- գրում է Le Monde-ը:
Գիտնականների թիմը կես տարի անց պետք է հրապարակի առաջին գիտական հոդվածը միջազգային ամսագրերից մեկում:
«Երբ մենք առաջընթաց արձանագրենք, կկապվենք այն մարդկանց եւ ձեռներեցների հետ, ովքեր պատրաստվում են մեկնել Մարս, օրինակ՝ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկի հետ»,- ասել է Նինո Ենուկիձեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: