«Արարատ» թանգարանը շարունակում է այցելուների համար բացահայտել «Արարատ» կոնյակով պատրաստվող կոկտեյլների գաղտնիքները Cocktail Friday նախագծի շրջանակում։ Ուրբաթ 13-ի երեկոն հաջողակ էր կոկտեյլների 30 սիրահարների համար, որոնք ծանոթացան բարմենական մշակույթին եւ սովորեցին պատրաստել կոկտեյլներ ամանորյա սեղանի համար։
GastroVino-ն հետեւել է միջոցառման ընթացքին եւ զրուցել մասնակիցների հետ։
Ամանորյա թեմա
«Cocktail Friday-ն «Արարատ» թանգարանի նոր նախագծերից է, որ ծնվել է ընդամենը մեկ ամիս առաջ։ Թեեւ նախատեսվում էր հաջորդ միջոցառումն իրականացնել 2020 թվականին, սակայն դատելով առաջին երեկոյի հետադարձ կապից՝ որոշեցինք եւս մեկ անգամ ստեղծել այս հնարավորությունը մեր այցելուների համար»,- նշել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նրա խոսքով՝ կարեւորել են ամանորյա թեման եւ ընտրել այնպիսի կոկտեյլներ, որոնցով կարելի է տոնի ընթացքում զարմացնել հյուրերին։ Մասնակիցներին ներկայացվել են այնպիսի կոկտեյլներ, որոնց բաղադրիչները Ամանորին վստահաբար հնարավոր կլինի գտնել տանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Այս անգամ մասնակցության հայտերի թիվը կրկնակի ավելին էր։ Չնայած նրան, որ հարցերը մի փոքր ավելի շատ գիտելիք էին պահանջում, հաճելիորեն զարմացրեց այն, որ ճիշտ պատասխանների քանակը եւս շատ ավելին էր։ Այդ պատճառով փոքր-ինչ ընդլայնեցինք նաեւ մեր հյուրընկալության հնարավորությունները»,- մանրամասնել է Զարուհի Սարիբեկյանը։
Զարուհի Սարիբեկյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նա հավելել է, որ նախագիծը հետագայում կփորձեն ավելի հետաքրքիր դարձնել՝ համադրելով տարբեր օրացույցային տոների հետ։
Բարձրորակ կոկտեյլ՝ բարձրորակ խմիչքից
«Արարատ» թանգարանում շրջայցից հետո մասնակիցներին դիմավորել է Բարմենների հայկական ասոցիացիայի անդամ, բարմենների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Ստեփան Աբրահամյանը։ Նա մասնակիցներին ներկայացրել է կոկտեյլների ստեղծման պատմությունը, բացահայտել պատրաստման ընթացքի կարեւոր գաղտնիքներ եւ պատասխանել տարբեր հարցերի։
«Լավ կոկտեյլ պատրաստելու համար առաջին կարեւոր բաղադրիչը սառույցն է, հետո՝ ջուրը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սկզբում պետք է ունենալ լավ սառույց, իսկ հետո ընտրել ճիշտ բաղադրիչները։ Լավ կոկտեյլ ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել թարմ հյութեր եւ բարձրորակ խմիչքներ»,- պատմել է Ստեփան Աբրահամյանը՝ միեւնույն ժամանակ սառեցնելով կոկտեյլների բաժակները:
Ստեփան Աբրահամյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նա գործընկեր բարմենի հետ միասին առաջինը ցույց է տվել Sparkle of Summer կոկտեյլի պատրաստման ընթացքը։ Դրա համար օգտագործվել են ARARAT Apricot խմիչքը, ծիրանի ջեմ, լիմոնի թարմ քամած հյութ եւ փրփրուն գինի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երկրորդը կոկտեյլը Orangerie-ն էր, որի համար օգտագործվել են ARARAT 5*, թուրինջի թարմ քամած հյութ, լիմոնադ եւ շաքարային օշարակ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Արարատ» կոնյակով պատրաստվող կոկտեյլների բաղադրատոմսերը հասանելի են Երեւանի կոնյակի գործարանի պաշտոնական կայքում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Միջոցառման մասնակից, մասնագիտությամբ գինեգործ Արամայիս Մկրտչյանը պատմել է, որ նախորդ միջոցառման մասին տեղեկանալուց հետո անհամբեր սպասել է հաջորդ հնարավորությանը։
Արամայիս Մկրտչյանը եւ Ստեփան Աբրահամյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Առհասարակ շատ եմ սիրում բարմենական մշակույթը, խմիչքների մատուցման ձեւն ու բարմենների աշխատաոճը։ Այդ պատճառով էլ միջոցառումն ինձ շատ գրավեց՝ հատկապես երբ տեսա, որ կոկտեյլները ներկայացնելու են բարմենների հայկական ասոցիացիայի կիրթ եւ պրոֆեսիոնալ մասնագետները»,- պատմել է գինեգործը։
Արամայիսին հատկապես դուր էր եկել Sparkle of Summer կոկտեյլը, որում նրա խոսքով՝ փրփրուն գինին հավասարակշռում էր թթվայնությունն ու քաղցրությունը։
Արամայիս Մկրտչյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հետաքրքիր է անգամ մասնագետին
Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցները բաժանվել են խմբերի եւ բարմենների օգնությամբ նրանցից յուրաքանչյուրը պատրաստել է իր կոկտեյլը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աշխատանքային եռուզեռում առանձնանում էր մի մասնակից՝ Արմեն Տոնոյանը, որ ոչ թե կոկտեյլ էր պատրաստում, այլ օգնում մյուսներին։ Պարզվում է, որ նա մասնագիտությամբ բարմեն է եւ նախագծին մասնակցելու համար այլ դրդապատճառ ուներ։
«Երեկոն անչափ հետաքրքիր անցավ։ Շփվելով մյուս մասնակիցների հետ՝ հասկացա, որ մարդկանց հետաքրքրում է մեր մասնագիտությունը։ Մենք ամեն օր աշխատում ենք հաճախորդների հետ, տարբեր կոկտեյլներ պատրաստում, բայց չգիտենք՝ ինչ են հաճախորդները մտածում դրանց մասին, ինչպես են կողքից տեսնում պատրաստման ընթացքն ու ինչ հարցեր են իրենց մոտ ծագում»,- պատմել է Արմեն Տոնոյանը։
Արմեն Տոնոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նրա խոսքով՝ մասնակիցները հաճախ դժվարանում էին ճիշտ չափաբաժնով ու ճիշտ հերթականությամբ ավելացնել բաղադրիչները, բայց բարմեններն օգնում էին ու խորհուրդներ տալիս։
Արմեն Տոնոյանը GastroVino-ի հետ կիսվել է նաեւ իր սիրելի ամանորյա կոկտեյլի բաղադրությամբ։
«Շատ եմ սիրում Ամանորին պատրաստել «Տաք գինի»։ Կարմիր չոր գինուն ավելացնում ենք նարնջի կեղեւներ, դարչին, մեխակ, մեղր եւ այլ համեմունքներ, հետո եփում այն։ Կարեւոր է, որ կոկտեյլը չհասցնի եռալ, եւ կստացվի հրաշալի ձմեռային տաք խմիչք»,- մանրամասնել է նա։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Միջոցառման ավարտին այցելուները ստացան Cocktail Friday-ի մասնակցության հավաստագրեր։
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: