Կոկտեյլների սիրահար 20 հաջողակների համար աշխատանքային շաբաթվա ավարտն առանձնահատուկ էր։ Նոյեմբերի 1-ին Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում տեղի ունեցավ առաջին Cocktail Friday-ն, որի մասնակիցները փորձեցին իրենց ուժերը բարմենական արվեստում։ GastroVino-ն հետեւել է՝ ինչքանով նրանք հաջողեցին, եւ պատմում է նախաձեռնության մասին։
Դասականի նոր եզրերը
Cocktail Friday միջոցառումը նախաձեռնել է «Արարատ» թանգարանը՝ կազմակերպելով այն Բարմենների հայկական ասոցիացիայի հետ համատեղ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը նշում է` ցանկացել են ընդգծել այն, որ թանգարանն ուղղակի վայր չէ, այնտեղ այցելությունը ճամփորդություն է, որտեղ մարդիկ բացահայտում են «Արարատի» հարուստ պատմությունը, արտադրական վարպետությունը և, իհարկե, դասականի նոր եզրերը։
Զարուհի Սարիբեկյանը | Լուսանկարը՝ անձնական արխիվից
«Բացի դասական ըմպելու ձեւերից, «Արարատը» կարելի է նաեւ վայելել կոկտեյլներում։ Ուստի որոշեցինք նման միջոցառում կազմակերպել, որի ընթացքում մարդիկ կկարողանան իրենց ուժերը փորձել կոկտեյլ պատրաստելու մեջ, անցկացնել լավ ուրբաթ երեկո եւ ձեռք բերել նոր ծանոթություններ»,- մանրամասնում է նա։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը պատմում է, որ Երեւանի կոնյակի գործարանի հետ աշխատում են ասոցիացիայի ստեղծման օրվանից եւ տարատեսակ միջոցառումներ կազմակերպում։
«Ներկա ժամանակաշրջանն ամբողջ աշխարհում համարվում է կոկտեյլների ոսկեդար եւ այդ միտումները մուտք են գործում նաեւ Հայաստան։ Այժմ Երեւանում շատ են բացվում նոր կոկտեյլ-բարեր եւ մարդիկ կարողանում են տարբերակել դրանց որակը»,- նշում է նա։
Տիգրան Ավետիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գիտելիքն ու անկեղծությունը՝ հրավիրատոմս
Մի քանի օր շարունակ սոցիալական ցանցերում պտտվում էր «Արարատ» թանգարանի նոր նախաձեռնության հայտադիմումը։ Անհրաժեշտ էր պատասխանել «Արարատ» կոնյակի վերաբերյալ մի քանի հարցի ու շահել Cocktail Friday-ի հրավիրատոմս։
Զարուհի Սարիբեկյանի խոսքով, գնահատել են ամենաճշգրիտ, ընդգրկուն, նաեւ ամենաանկեղծ պատասխանները։ Հնարավոր է՝ միջոցառումը դառնա պարբերական, իսկ մասնակիցների թիվը հետագայում փոփոխվի։
Կոնյակով կոկտեյլների պատրաստում
Ժամանելով «Արարատ» թանգարան՝ մասնակիցները նախ շրջայց կատարեցին եւ ծանոթացան գործարանի պատմությանը։ Երկրորդ հարկի սրահում նրանց սպասվում էր ծանոթություն բարմենական մշակույթի հետ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Տիգրան Ավետիսյանի խոսքով, մասնակիցներին ներկայացնելու համար ընտրել էին համեմատաբար ավելի հեշտ պատրաստվող եւ պատրաստման ձեւով ու համային նրբերանգներով իրարից տարբեր կոկտեյլներ։ Դրանք էին Cherry Orchard սառը եւ Mountain Blossom տաք կոկտեյլները: Առաջինի համար օգտագործվեց ARARAT 5*, իսկ երկրորդի համար՝ ARARAT Apricot խմիչքը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ասոցիացիայի անդամ, բարմենների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Ստեփան Աբրահամյանը մասնակիցներին պատմեց բարմենական արվեստի, կոկտեյլներ պատրաստելու նրբությունների մասին, ներկայացրեց բաղադրատոմսեր՝ տանը փորձելու համար։
Ստեփան Աբրահամյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ինձ համար բարմենի մասնագիտության մեջ ամենահետաքրքիրը հյուրի հետ շփումն է։ Սկզբում փորձում ես հասկանալ՝ ինչ է ուզում խմել հյուրը։ Գրագետ բարմենը երբեք չի պատրաստի այն կոկտեյլը, որն անձամբ է ցանկանում։ Կարեւոր է նաեւ ճիշտ չափաբաժնով վաճառք կատարելը, թույլ չտալ, որ հյուրը խառնի այնպիսի խմիչքներ, որ կարող են նրա վրա վատ անդրադառնալ»,- GastroVino-ի հետ զրույցում պատմում է Ստեփան Աբրահամյանը՝ հավելելով, որ մասնագիտությունը հնարավորություն է տալիս նաեւ անընդհատ նոր ծանոթություններ ձեռք բերել։
Սեփական փորձով
Բարմեններին հետաքրքրությամբ լսելն ու հարցեր տալը դեռեւս ամենը չէր, պետք էր նաեւ ինքնուրույն փորձել պատրաստել կոկտեյլը։ Մասնակից Գրետա Խաչատրյանը կարծում է, որ իրեն հաջողվեց դա անել։
Գրետա Խաչատրյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պատմում է, որ թեեւ նախկինում կոկտեյլների սիրահար չի եղել, սակայն միջոցառումը դարձել է հրաշալի առիթ՝ փորձելու սեփական վերաբերմունքը ալկոհոլի տարբեր համադրությունների նկատմամբ։
Գրետա Խաչատրյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Հայտադիմումը լրացնելիս մի հարցի դեպքում անկեղծ եղա ու նշեցի, որ չգիտեմ պատասխանը, սակայն եթե մասնակցեմ, ապա կիմանամ։ Այդպես էլ եղավ»,- հիշում է Գրետան։
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: