×

Շոտլանդական վիսկի` հնեցված հայկական գինու տակառներում

Շոտլանդական Glen Moray ընկերությունն իր «Scyfion» վիսկին հնեցրել է «Մարան» գինեգործարանի Արենի եւ նռան գինու տակառներում։ 

Հայկական գինու տակառները շոտլանդական վիսկիի արտադրության համար օգտագործելու միտքը Glen Moray-ինն է եղել, որը ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ տարբեր փորձարկումներ է անում։ 

«Մարանի» հիմնադիր տնօրեն Ավագ Հարությունյանը Gastrovino-ին պատմել է, որ ընկերությունը նախկինում երբեք վիսկիի հնեցման համար չի օգտագործել հայկական տակառ։ 

«Մենք 20 տարի է՝ նռան գինի ենք արտահանում։ Իրենք արտասահմանյան շուկայում էին, հավանաբար, տեսել ու սկսել հետաքրքրվել։ Մենք իրենց առաջարկեցինք օգտագործել հայկական տակառ, բայց ոչ թե նոր, այլ արդեն գինու հնեցման մեջ օգտագործված։ Իրենց համար շատ հետաքրքիր էր առաջարկը, հատկապես որ այդ տակառներում նռան գինի էր հնեցվել։ Ուղարկեցինք Արենու եւ նռան գինու տակ եղած տակառներ, որոնցում երեք-չորս տարի էր գինի հնեցվել։ Ամենահետաքրքիրն, իհարկե, այդ հին, դատարկ տակառներն ուղարկելն էր, նույնիսկ մաքսավորներն էի հատուկ ուշադրություն դարձրել, թե ինչ ենք տեղափոխում»,- ասել է Ավագ Հարությունյանը։ 


Շոտլանդիա ուղարկված երկու տակառն Արցախի կաղնու փայտից են։ Ուշագրավ է եղել արդյունքը, հատկապես, նռան գինու տակառների դեպքում։ Նռան գինու եւ վիսկիի գույները միախառնվել են ու շատ գրավիչ տեսք ստացել։ 

«Շոտլանդական ընկերությունը բացահայտեց նռան գինու տակառների արժեքը։ Այսպիսով՝ վիսկիի արտադրության մեջ շատ հետաքրքիր ուղղություն բացվեց»,- ասել է «Մարանի» հիմնադիրը։

Հայկական գինու տակառներում հնեցված վիսկին ոչ մեծ քանակով արտադրվել եւ արագ վաճառվել է․ «Երբ հայտարարեցին, որ ունեն նռան գինու տակառում հնեցված վիսկի, ամբողջ խմբաքանակն իսկույն վաճառվեց։ Հիմա նորից են ցանկանում տակառներ ձեռք բերել, ուղարկելու ենք»։

Մարի Թարյան

Լուսանկարները՝ «Մարանի»  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին