«MBG Hospitality» ընկերության չորս ռեստորաններում այսօր յուրովի են նշելու Վարդավառը: «Ծիրանի այգի», «Ծիրանի տուն», «Ոստան» եւ «Alaska by Hans&Franz» ռեստորաններում հյուրասիրություն է լինելու ձմերուկով պատրաստված թարմ հյութերի, կոկտեյլների եւ աղանդերի տեսքով: Այդպիսով ընկերությունը ոչ միայն կենդանություն է տալիս Վարդավառի հնագույն ավանդույթներից մեկին՝ կապված ձմերուկի հյուրասիրության հետ, այլեւ հայտարարում է ձմերուկի սեզոնի մեկնարկը՝ մենյուի մեջ ավելացնելով ամառային այս մրգով պատրաստված ինքնատիպ խմիչքներ: Ի դեպ, դրանց բոլորի հեղինակը «MBG Hospitality» ընկերության սենյոր բար-մենեջեր Մուշեղ Վարդանյանն է, ում հեղինակած բաղադրատոմսով կոկտեյլն առաջինը փորձել է հենց Gastrovino-ի նկարահանող թիմը:
Մուշեղ Վարդանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Իհարկե, Մուշեղն այսօր հնարավորություն չի ունենա անձամբ ներկա գտնվել բոլոր ռեստորաններում, փոխարենն իր հեղինակած բաղադրատոմսերը ներկայացրել է մյուս բարմեններին, որպեսզի Վարդավառի օրը ոչ մի հյուր չհեռանա առանց ձմերուկով խմիչք համտեսելու: Նշենք, որ «Ծիրանի այգի»-ում նույնիսկ ավանդական հաց, պանիր, ձմերուկ են հյուրասիրելու բոլոր այցելուներին, իսկ մյուս ռեստորաններում կմատուցվեն ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ` երեխաների ու մեծերի համար: Մուշեղ Վարդանյանն այսօր ողջ օրը լինելու է հենց «Ծիրանի այգի»-ում, որտեղ առավոտից ոչ ալկոհոլային կոկտեյլներ են հյուրասիրվելու: Այստեղ լինելու է նաեւ տոնական շոու-ծրագիր, սպիտակ գինիների համտես, վարդավառյան խաղեր, մրցույթներ եւ այլն:
Մուշեղ Վարդանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեզ հետ զրույցում բարմենը պատմեց, որ Վարդավառը պարզապես լավ առիթ է հանդիսացել ձմերուկի սեզոնը բացված հայտարարելու համար: Բացի այդ, ցանկացել են վերականգնել ավանդույթը` Վարդավառի տոնին ձմերուկ հյուրասիրելու. չէ՞ որ հին ժամանակներում հայերը հենց այդ օրն են ձմերուկն օրհնել, ինչպես խաղողը` Աստվածածնի վերափոխման տոնին:
Մուշեղ Վարդանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր նկարահանման ընթացքում Մուշեղ Վարդանյանը ձմերուկով ու ելակով ալկոհոլային կոկտեյլ էր պատրաստում: Ռեստորանի աշխատանքային թիմի անդամներն ու հյուրերն էլ մեծ հետաքրքրությամբ հետեւում էին խմիչքի պատրաստման ընթացքին` ցանկանալով անպայման համտեսել այն: Առաջին երկու բաժակը ռեստորանի այցելուներին հյուրասիրվեց, որից հետո մենք էլ համտեսեցինք թարմ կոկտեյլը: Քանի որ մեկ բաժակից հետո ցանկություն առաջացավ նորից խմել, այդ իսկ պատճառով բարմենից հետաքրքրվեցինք, թե որն է նման համեղ խմիչք պատրաստելու հիմնական գաղտնիքը: Մուշեղն ասաց, որ կոկտեյլը մատուցվում է առանց ջուր ու սառույց ավելացնելու, իսկ սառույցի փոխարեն օգտագործվում են սառեցրած ձմերուկի խորանարդիկներ` լավագույն համ ստանալու համար:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այսօր եւ մինչեւ շոգ ամառվա սեզոնի ավարտը դուք նույնպես կարող եք համտեսել հեղինակային այս ինքնատիպ կոկտեյլները` այցելելով «MBG Hospitality» ընկերության չորս ռեստորաններից որեւէ մեկը: Կամ էլ ձեր ընկերների ու ընտանիքի անդամների հետ կարող եք գնալ` պարզապես թարմ ու սառը ձմերուկ համտեսելու: Իսկ ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ հետաքրքիր ու հաճելի անակնկալները շարունակվելու են իրենց բոլոր յոթ ռեստորաններում:
Աստղիկ Իսկանդարյան
Լուսանկարները` Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: