×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Գինովցած» երեւանյան երեկո՝ օր առաջին

Արդեն երրորդ տարին է, որ մայիսի առաջին օրերին Սարյան փողոցի երթեւեկությունը դադարում է՝ հայկական գինի համտեսելու հնարավորություն ընձեռելով մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին։

«Արբեցնող» բրենդ՝ մայրաքաղաքի համար

«Երեւանի գինու օրերի» գեղարվեստական ղեկավար Նարեկ Խաչատրյանը նշում է, որ տարվա ընթացքում միջոցառման կազմակերպիչների հետ կապ են հաստատել տուրօպերատորներ ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներից։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Կարելի է ասել, որ միջոցառման ճանաչման աշխարհագրությունը ձգվում է ԱՊՀ երկրներից մինչեւ Կանադա եւ Ավստրալիա։ Տարբեր երկրների տուրօպերատորներ կազմում են զբոսաշրջային փաթեթներ հենց «Երեւանի գինու օրեր» անվամբ, ինչը փաստում է՝ այն դարձել է մայրաքաղաքի կարեւորագույն բրենդերից մեկը»,-ասում է նա։

Նարեկ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նարեկ Խաչատրյանի խոսքով՝ միջոցառումն այն խթաններից մեկն է, որ քայլ առ քայլ ամրապնդում է Հայաստանի տեղը գինեգործական երկրների քարտեզում։

Մայիսը Երեւանում

Ըստ կանխատեսման՝ այս տարի աննախադեպ մեծ կլինի ռուս զբոսաշրջիկների թիվը։ Կազմակերպչական թիմը ջանացել է այնպես անել, որ մայիսյան արձակուրդներին Ռուսաստանի քաղաքացիներն առաջինը Հայաստան ուղեւորվեն, ապա նոր այցելեն տարածաշրջանի այլ երկրներ։ Հենց այդ նպատակով էլ «Երեւանի գինու օրեր» են ընտրվել մայիսի առաջին ուրբաթն ու շաբաթը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Զբոսնում էինք Երեւանով եւ տեսանք միջոցառման մասին հայտարարություն, հետո գտանք այն սոցիալական ցանցերի միջոցով եւ ահա հիմա այստեղ ենք։ 4 տեսակի սպիտակ գինի ենք փորձել, ինձ դրանցից երկուսն իսկապես շատ դուր եկան», - պատմում է Մոսկվայից ժամանած զբոսաշրջիկ Պավելը՝ ափսոսանք հայտնելով, որ իրեն դուր եկած գինիները Ռուսաստանում հազիվ թե կարողանա գտնել։

Պավելը՝ Մոսկվայից Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եվ´ խմել, եւ´ ուտել, բայց…

Այս օրերին Սարյան փողոցում գինու մասին կարելի է իմանալ գրեթե ամեն ինչ, քանի  որ այստեղ են Հայաստանի լավագույն գինեգործներն ու սոմելյեները՝ պատրաստ կիսվելու մասնագիտական գիտելիքով։ Միջոցառումը լիարժեք վայելելու համար, սակայն, անհրաժեշտ է հետեւել մի քանի պարզ խորհրդի։ 

Արեգ Խոջոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինեգործ Արեգ Խոջոյանի կարծիքով՝ ամենակարեւորը չափի մեջ խմելը եւ ուտելն է։

«Պետք է հերթով անցնել գինեգործարանների տաղավարներով ու փորձել գտնել ամենասիրելի գինին։ Պետք է հնարավորինս քիչ խմել, բայց շատ տեսակներ համտեսել, այլ խմիչքներ չխառնել գինուն։ Այստեղ ներկայացված են նաեւ համեղ ուտեստներ, այնպես որ պետք է հիշել նաեւ ստամքոսը դատարկ չթողնելու մասին, բայց կրկին՝ չափի մեջ»,- ասում է Արեգ Խոջոյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գեղարվեստական կողմը՝ ջազ եւ ռոք

Սարյան փողոցի տարբեր անկյուններում հնչում էր բազմաժանր երաժշտություն՝ ջազ, ռոք, ֆոլք եւ հաուս։

Նարեկ Խաչատրյանի խոսքով՝ միջոցառման երաժշտական կողմը փորձել են ապահովել ներգրավվելով հանրության շրջանում պակաս ճանաչում ունեցող բենդերի։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Համագործակցում ենք ավելի շատ փաբային, ունկնդիրների ոչ լայն շրջանակ ունեցող կատարողների հետ։ «Երեւանի գինու օրերի» հարթակը բավականին լայն է, եւ մենք ուրախ ենք տրամադրել այն՝ նպաստելով նման բենդերի ճանաչելիության բարձրացմանը»,- պարզաբանում է նա։

«Խնձորի սոկ» խումբը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մայիսի 4-ին էլ ժամը 17։00-ից 23։00-ը Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկից մինչեւ Մոսկովյան-Սպենդիարյան հատվածը գինեսերները կրկին կկարողանան վայելել հայաստանյան եւ արցախյան գինեգործների շուրջ 200 տեսակի գինիներ։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին