×

Լուսանկարը՝ womensrunning.com

Հայաստան կայցելի ամերիկացի շեֆ Ամանդա Ֆրայթագը

Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ Խոհարարական դիվանագիտության ծրագրի համատեղ նախաձեռնության շրջանակում ս․թ․ հունիսի 1-ից 6-ը Հայաստան կայցելի ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, Chopped խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը։

Ամանդա Ֆրայթագը ներգրավված է եղել նաեւ այլ խոհարարական շոուներում. Iron Chef America, Next Iron Chef, Unique Eats, Beat Bobby Flay եւ այլն։  

Նա հեղինակել է The Chef Next Door («Հարեւան շեֆ-խոհարարը») խոհարարական գիրքը, իսկ վերջերս սկսել է Easy AF թվային շարքի թողարկումը, որտեղ տեսանյութերի միջոցով ցույց է տալիս, որ սեփական խոհանոցում համեղ ուտելիք պատրաստելը բոլորովին էլ բարդ չէ ու հաճույքով կարելի է զբաղվել դրանով։

«Մարդկանց հետ սեղանի շուրջ նստելով ու նրանց հետ հաց կիսելով` կարելի է իրապես փոխըմբռնման հասնել ու ճանաչել մշակույթն իր արժեքներով ու ավանդույթներով։ Ուրախ ենք Հայաստանում ընդունել շեֆ-խոհարար Ֆրայթագին եւ հավատացած ենք, որ այս այցը կօգնի կարեւոր զրույցներ ծավալել կայուն սննդային շղթայի ու ձեռներեցության հարցերի շուրջ՝  հայ-ամերիկյան կապերն ամրապնդելուն զուգահեռ», - ասել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Դեսպանությունից հայտնում են, որ Ամանդա Ֆրայթագի այցի ընթացքում կլինեն խոհարարական ցուցադրություններ, վարպետության դասեր եւ աշխատարաններ տեղի խոհարարների, սննդի ոլորտի ձեռներեցների հետ։ Դրանք կիրագործվեն՝ համագործակցելով «Երեւանի գինու օրեր» փառատոնի,  «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի, Դիլիջանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ։

Ամանդա Ֆրայթագը կայցելի նաեւ սննդի ոլորտի մի շարք տեղական արտադրողների եւ գինեգործական ընկերություններ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին