Ավելի քան 30 տարի բարի սեղանի հետեւում անցկացրած Վյաչեսլավ Լանկինը, ով Մոսկվայում ժամանակակից բարային մշակույթի եւ Bartender Brothers ասոցիացիայի հիմնադիրներից է, իր բարն է բացել Երեւանում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Old Drunken Dudes-ODD, այսպես է կոչվում Լանկինի բարը Երեւանում, որի համանունը նա երեք տարի առաջ բացել էր Մոսկվայում: GastroVino-ի հետ զրույցում Լանկինը պատմել է բարմենի աշխատանքի, իրականացրած նախագծերի, երեւանյան ODD-ի եւ Հայաստանը սիրելու մասին:
Ընդմիշտ բարմեն
«Ամբողջ կյանքում բարմեն եմ աշխատել: Այն ժամանակ անգամ «բարմեն» բառը ոչ ոք չգիտեր»,- ասում է Լանկինը, երբ խնդրում եմ պատմել իր մասին: Այնուհետեւ ավելի հստակեցնում՝ սիրելի գործով զբաղվում է 1991 թվականից:
Վյաչեսլավ Լանկինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Դեռ Խորհրդային Միությունն էր, ընկերս ասաց՝ գնում եմ բարմեն աշխատելու, ես էլ ասացի՝ հետդ եմ գալիս: Երեք օրից նա թողեց այս գործը, ես մնացի ընդմիշտ: Ես հաջողակ մարդ եմ, քանի որ այս գործում եմ հայտնվել եւ այնպես է ստացվել, որ այդ տարիներին հանդիպել եմ մարդկանց, որոնք ինձ ուղղորդել են: Սկզբում, կարելի է ասել, պարզապես «բուֆետչիկներ» էինք, եթե չլինեին այն կուրսերը, որոնք ծանոթների միջոցով անցա: 90-ականների սկզբներին «Ինտուրիստ» կազմակերպության բարմենի դասընթացներն անցա, 1993-ին սկսեցի աշխատել Օստոժենկայի Lucky Bar-ում, իսկ 1994-ին՝ որպես ավագ բարմեն աշխատանքի անցա Մոսկվայի առաջին արեւադարձային բարում՝ Kakadu-ում»,- պատմում է նա:
Վյաչեսլավ Լանկինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
90-ականների ավարտին, Մոսկվայի բարերում աշխատելուց, տարբեր միջազգային մրցույթների մասնակցելուց, ինչպես նաեւ սկսնակ բարմենների կրթելուց հետո Լանկինը համախոհներից կազմված թիմի հետ հիմնում է The Real McCoy բար-ակումբը, դրանից 10 տարի անց էլ՝ Delicatessen բարը, որը, նրա խոսքով, իրենց հպարտությունն է:
Վյաչեսլավ Լանկինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Delicatessen-ը 3 տարի շարունակ աշխարհի 50 լավագույն բարերի ցուցակում է եղել: Այն գաստրոփաբ է, որը 12 տարի առաջ շատ էր առանձնանում իր տեսակով: Delicatessen-ը լեգենդար էր մեզ համար եւ մինչեւ հիմա էլ շարունակում է մեր այցեքարտը մնալ»,- ասում է նա:
ODD-ն՝ 30 տարեկանից բարձրերի համար
«Delicatessen-ն աշխատեցնելու տարիներին մի պահ եկավ, որ զգացիք՝ մենք ծերացել ենք, իսկ այցելուները՝ երիտասարդացել: Որոշեցինք բարը վստահել ավելի երիտասարդ կոլեգաներին եւ 2020 թվականին եւս մեկ բար բացել՝ միայն 30-ից բարձր այցելուների համար:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այն անվանեցինք Old Drunk Dudes (ODD), որի գաղափարն այսպիսին էր՝ 30 տարեկանից ցածր ոչ ոքի թույլ չէինք տալիս ներս մտնել՝ միայն այն համառներին, որոնք կարողանում էին լավ համոզել: Ի դեպ՝ գաղափարը հենց Հայաստանից էի վերցրել: Երբ 7 տարի առաջ Հայաստան էի եկել, մի բար գնացինք, որտեղ ստուգում էին անձնագրերը եւ 30 տարեկանից ցածրերին ներս չէին թողնում: Հիշեցի այդ գաղափարը եւ ինձ մոտ էլ նույնն արեցի»,- պատմում է բարմենը:
«Ես այստեղ ռելոկանտ չեմ»
Մոսկվայում բարային մշակույթ ձեւավորած Լանկինը այսօր եւս շարունակում է նույն էներգիայով բարի սեղանի հետեւում իր սիրելի կոկտեյլները պատրաստել, բայց արդեն Երեւանում: Հայաստանի մասին խոսելիս առաջինը նշում է՝ «ես այստեղ ռելոկանտ չեմ, էմիգրանտ եմ»:
Վյաչեսլավ Լանկինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կնոջս հետ ամեն տարի մեր ամուսնության տարեդարձին մի երկիր ենք գնում՝ «ամուսնական ճամփորդության»: 2022-ի հոկտեմբերին եկանք Հայաստան եւ ինձ այնքան դուր եկավ, որ որոշեցի մնալ այստեղ: Մինչ այս՝ երեք անգամ էլ եկել էի Հայաստան: Կլիման եւ մարդիկ հրաշալի են: Շատ եմ ճամփորդել, շատ երկրներում եմ եղել, բայց այսպիսի ընկերասիրություն չկա ոչ մի տեղ: Բոլորը միշտ պատրաստ են օգնել, եթե մոլորվել ես, ինչ-որ տեղ է պետք գնալ, միշտ պատրաստ են հուշել: Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում եւ արդեն ընկերներ ունեմ»,- ասում է Լանկինն ու նշում, որ Դիլիջանից, Գյումրիից, Գառնիից բացի` Ֆիոլետովո գյուղում է հասցրել լինել՝ «իմ արմատներն էլ մոլոկաններ են»:
ODD-ն՝ Նալբանդյան 37 հասցեում
Հայաստանում մնալու որոշումից հետո Վյաչեսլավ Լանկինի երկրորդ հստակ որոշումն է եղել ODD աուտենտիկ բար բացել նաեւ Երեւանում:
Վյաչեսլավ Լանկինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Բարը բացեցինք 2023 թվականի մարտի 1-ին: Ինչպես նախորդ նախագծերի դեպքում, այս անգամ էլ ամեն ինչ մեր ձեռքով ենք վերանորոգել, հավաքել: Երեւանյան ODD-ն երկու սրահ ունի, սրահներից մեկում մեծ սեղան ենք դրել, որտեղ կարող են իրար կողք նստել անծանոթ հյուրերը եւ զրուցել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Չեմ ուզում, որ սա բար լինի միայն ռելոկանտների համար, ուզում եմ այն հավասար սիրելի դառնա եւ տեղացիներին, եւ տուրիստներին: Բարում ինձ հետ աշխատող երեք ռուս կոլեգաներից բացի եւս մեկ հայ գործընկեր ենք ընդունել՝ Անդրանիկին, ով հիմնական գործի հետ մեզ նաեւ հայերեն կսովորեցնի, որ «բարեւ ձեզ»-ից բացի՝ ուրիշ բան էլ իմանանք (ծիծաղում է. հեղ.)»,- ասում է Լանկինը եւ նշում, որ բարում արդեն երեք հայ աշակերտ ունի:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
ODD-ում հյուրերին սպասում են պատմություն ունեցող դասական կոկտեյլներ, բայց փորձառու բարմենը խոստանում է ներկայանալ նաեւ իր համար բացահայտած հայկական ջիներով նոր կոկտեյլներ. «Երեւանյան ODD-ում կանցկացնենք նաեւ Delicatessen-ի ավանդական «Грязный четверг»-ը: Հինգշաբթի օրերը կնվիրենք Martini-ին: Իրականում, Martini-ի շատ տարբերակներ կան՝ Ֆինո, չոր, Գիբսոն, կեղտոտ, մերկ եւ այլն: Եվ հենց հինգշաբթի օրերը մեր հյուրերին կներկայացնենք, թե որն է մարտինիի «գեղեցկությունը», ինչ անունների հետ է կապված եւ ինչպես ճիշտ խմել այն»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բարում առաջիկայում նախատեսում են նաեւ փոքրիկ մենյու ունենալ սնվել ցանկացողների համար. «Ռագու, լազանիա եւ նմանատիպ ուտեստներ կպատրաստենք, իհարկե քիչ քանակությամբ եւ կպահենք սառնարանում, եթե որեւէ մեկը ցանկանա, ջեռոցում կտաքացնենք եւ կմատուցենք»:
Վյաչեսլավ Լանկինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«ODD-ն բաց է երեկոյան 19:00-ից մինչեւ առավոտյան 06:00-ն: Բարում լինում ենք 17:00-ից, եթե մեկը անցնելիս ցանկանա մտնել եւ ինչ-որ բան խմել, մենք սիրով կընդունենք նրան»,- ասում է Լանկինը:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: