×

Գարիկ Պապոյանը Լուսանկարը՝ Գարիկ Պապոյանի արխիվից

Գարիկ Պապոյան. Բուսակերությունը գիտակցված ընտրություն է

Գարիկ Պապոյանը մի քանի տարի առաջ որոշեց արմատապես փոխել սննդային նախասիրություններն ու դառնալ բուսակեր։ GastroVino-ն Գարիկից փորձել է ճշտել, թե ի՞նչ դժվարությունների է բախվել նոր սննդակարգը մշակելիս եւ ինչպե՞ս է սնվում։

Լուրջ փոփոխություն

Սննդային նախասիրություններս արմատապես փոխել եմ միայն մեկ անգամ։

Մի օր պարզապես որոշեցի շատ խորը ուսումնասիրել, թե ինչ ենք մենք ուտում, ու հասկացա, որ մեզանից շատերը, եթե ոչ մեծ մասը, սնվում է առանց հետաքրքրվելու, թե ինչ ծագում ունի եւ ինչ է մեզ փոխանցում այդ սնունդը։

Ուսումնասիրություններս ավարտելուց հետո հասկացա, որ չեմ ուզում սնվել այնպես, ինչպես արել էի նախկինում։

Սկսվեց երկար ճանապարհորդությունը դեպի բուսակերություն։ Այդ ընթացքում ինձ համար ամենադժվարը տան ճաշացանկը վերափոխելն էր, քանի որ դրանք ընդգրկում էին կենդանական ծագման մթերքներ ու սկզբնական շրջանում բավականին բարդ էր։ Ընթացքում հասկացանք՝ որ խանութից ինչ մթերք կարելի է գնել, ինչ գնել առհասարակ, ինչպես պատրաստել եւ ինչպես անել, որ մեր ընտելացած, ծանոթ համից շատ չտարբերվի նոր ուտեստը, իսկ եթե տարբերվի, ապա ավելի լավը լինի։

Շատ ոգեւորված էինք ու արդյունքում, որոշ ժամանակ անց, ամեն ինչ տեղն ընկավ։

Բուսակերությունը

Եթե արագ սննդի սիրահար ես, փողոցում ես սնվում կամ կիսաֆաբրիկատներով, միանշանակ, շատ բարդ է բուսակեր դառնալը։ Սակայն եթե դուք, ինչպես ես, հիմնականում տանն եք սնվում, բարդ չէ։ Վերջիվերջո բուսական ծագման սնունդ օգտագործելը ոչ այնքան օրգանիզմ նոր բան ներմուծելու, որքան ընդունված սննդակարգից որոշ մթերքներ հանելու եւ բացառելու մասին է։ Եթե կա նաեւ մոտիվացիա՝ գիտես, ինչի համար ես դա անում, ինչ նպատակ ունես, շատ հեշտ է։

Սննդակարգը

Իմ սննդակարգում պարտադիր է միայն նախաճաշը, որը պարունակում է օրվա սննդային պարտադիր արժեքի 60 տոկոսը։

Յուրաքանչյուր մարդ ունի մարմնի զանգվածի ինդեքս (BMI/ՄԶԻ): Այն թույլ է տալիս գնահատել, թե որքանով է համապատասխանում մարդու զանգվածը իր հասակին եւ դատել մարդու քաշի անբավարար, նորմալ կամ ավելորդ լինելու մասին։ Յուրաքանչյուր մարդ իր ՄԶԻ-ն համապատասխան կալորիաներ պետք է ստանա։ Այդ կալորիաները կարելի է բաժանել, օրինակ, պրոտեինի եւ մանրաթելերի պարտադիր չափաբաժնի միջեւ։ Այս բաժանումը կատարվում է ըստ նպատակային նշանակության եւ պարտադիր է բոլորի համար։

Գարիկ Պապոյանը Լուսանկարը՝ Գարիկ Պապոյանի արխիվից


Ճիշտ լավ նախաճաշ անելու դեպքում օրգանիզմին անհրաժեշտ նյութափոխանակությունը կարողանում ես ապահովել, ստանալ անհրաժեշտ կալորիաների կեսից ավելին, մնացածն էլ ձեռք ես բերում օրվա ընթացքում՝ մեկ կամ երկու անգամ ուտելու ժամանակ։

Իմ նախաճաշն ընդգրկում է մրգեր, վարսակի փաթիլներ, տարատեսակ ընդեղեն, սերմեր՝ քունջութ, շիա։ Պարտադիր է նաեւ որեւէ կարեւոր կաթի առկայությունը, օրինակ՝ նշի, սոյայի, կամ հնդկական ընկույզի։

Տանը եւ դրսում

Տանն ամեն ինչ, սկսած կաթից, մենք ենք պատրաստում։ Սննդային հարցերում համաձայնություն ունենք եւ ամեն ինչ հաճույքով ենք պատրաստում, թե ես, թե մայրս, թե կինս։

Ամենաբարդ փուլերից մեկը պանրից հրաժարվելն էր, քանի որ այն շատ եմ սիրում։ Բայց բոլորս միասին փորձեցինք եւ ի վերջո գտանք դրա փոխարինման տարբերակը։
Չեմ ուզի հատուկ անուններ նշել, թե դրսում հատկապես որտեղ եմ սնվում, բայց բուսակերների սննդային տեսականի շատ կա ասիական եւ լիբանանյան խոհանոցներում։

Երեխաների ճաշացանկը

Երեխաների հարցում բացառություններ կան, քանի որ սնվում են ոչ միայն տանը, այլեւ մանկապարտեզում, դպրոցի ճաշարանում, այլ երեխաների ծննդյան տոներին։
Տանը սնվում են հիմնական բուսական սննդով ու հաճույքով են դա անում։

Գարիկ Պապոյանը Լուսանկարը՝ Գարիկ Պապոյանի արխիվից


Այս փուլում ճիշտ է, որ ընկերներից շատ չտարբերվեն, չառանձնանան, հետո արդեն իրենք կորոշեն իրենց սննդային նախասիրությունները։ Բուսակերությունը գիտակցված ընտրություն է։

Մեր հյուրերը

Մեր տուն եկող հյուրերը նախկինում սպասում էին նորմալ, ավանդական ուտելիքների։ Հիմա, երբ գալիս են, տեսնում են շատ հետաքրքիր մենյու եւ ամեն ինչ ուզում են փորձել։

Հյուրեր ընդունելիս մենք մատուցում ենք ոչ միայն բուսակերների, այլ նաեւ հայկական, ավանդական խոհանոցից ուտեստներ, որը պատրաստում ենք հատուկ իրենց համար՝ բազմազան ու շատ մեծ տեսականի է լինում։

Լուսին Մկրտչյան


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին