×

Լուսանկարը՝ Daboo

Daboo-ն, որ ուզում է մնալ Երեւանի պատմության մեջ

Երեկոն Վարշավայի կոկտեյլ-բարերից մեկում անցկացնելուց հետո Լեւոն Բաղդասարյանի համար երազանք դարձավ Երեւանում նմանօրինակ վայր ստեղծելը։ Գաղափարով կիսվեց Սուրեն Երեմյանի հետ եւ որոշ ժամանակ անց՝ Կասկադում գտնվող Daboo-ում հայտնվեց կոկտեյլների առաջին մենյուն։

6 տարի անց համահիմնադիրներն արձանագրում են, որ ոչ թե հայտնի ու անհայտ, ստեղծագործական մտքի ու բուռն երեկոյի արդյունքում ստեղծված կոկտեյլները, այլ էներգետիկան ու զգացմունքներ են մարդկանց դեպի իրենց բար ձգում։

5 կոկտեյլ՝ աշխատանքային օրվանից հետո

Լեւոն եւ Սուրեն

«Հարեւանի կինը» կոկտեյլն այս պահին ամենամեծ պահանջարկն ունի։ Այս կոկտեյլին վաճառում է անունը, համի առումով համահավասար եւ ավելի լավ այլ կոկտեյլներ կան։

Այն բաղկացած է բազուկի թարմ քամած հյութից, Արարատ Ծիրանի կոնյակից, թարխունից, կիտրոնի թարմ քամած հյութից, մեղրի օշարակից եւ ձվի սպիտակուցից։

Լուսանկարը՝ Daboo


Ամենասիրված կոկտեյլներից է նաեւ Պունտա Կանան։ Պունտա Կանան այն կղզու անվանումն է, որտեղ նկարվել է Bounty-ի հայտնի գովազդը։ Այս կոկտեյլով փորձել ենք ստանալ Bounty-ի համն ու ասոցիացիան՝ կոկոսի լիկյորի, կոլայի, լիմոնի եւ լայմի թարմ քամած հյութերի, Յուզու տրոպիկական ծաղիկի փրփուրի եւ շոկոլադի համադրությամբ։

Նռանե կոկտեյլը շատ սիրված է։ Այն մեր առաջին կոկտեյլներից է, որը պատրաստվում է նռան թարմ քամած հյութով, Արարատ կոնյակով, տնական մեղրի օշարակով, նարնջի բիտտերով, ելակի եւ Պրոսեկոյի վանիլային փրփուր։ Տարիներ շարունակ այն մեր բեսթսելլերն է։

Լուսանկարը՝ Daboo


Սանձարձակ կոկտեյլին էլ համից զատ, վաճառում է անունը։ Բավականին հետաքրքիր կոկտեյլ է՝ Ամարո Jagermeister, Սեւ հաղարջի լիկյոր, թարմ կիտրոնի եւ լայմի հյութ, հեղուկ շաքարավազ խառնուրդով։

Մեր ամենահետաքրքիր կոկտեյլներից է նաեւ Ծյորկը։ Շատ հետաքրքիր համ ունի, վիսկիի, կիտրոնի, լայմի, նշի օշարակի, սալորի բիտտեր եւ կոճապղպեղի գարեջրի խառնուրդ է։

Լուսանկարը՝ Daboo


Մեր խոհանոցում հատընտիր տեսականի է, զարմացնելու խնդիր չունենք, շատ մշակված բաղադրատոմսեր են, որ մարդկանց այստեղ են բերում։ Ամենահետաքրքիր ուտեստներից մեկը Մեդալյոնն է, ոչ դասական բաղադրատոմսով սթեյք է, որը պատրաստվում է համեմունքներով ու վերջում մի քանի վայրկյան բոցավառվում հենց պատվիրատուի աչքի առջեւ։

Տեսականին

Լեւոն

Բարի ստեղծման օրվանից մեր նպատակն էր ունենալ մեր ձեռագիրը՝ մատուցել կոկտեյլներ, որ կարտացոլեին մասնագիտական փորձ, ասելիք, ստեղծագործ միտք։ Այն, ինչ մեզ մոտ եք խմում, ամենայն հավանականությամբ, էլ ոչ մի տեղ չեք խմի։

Լուսանկարը՝ Daboo


Այստեղ միշտ կարող եք գտնել հայտնի դասական կոկտեյլները, բայց կարող եք վայելել նաեւ սեփական արտադրության ահռելի ցանկից որեւէ բան։ 6 տարվա կոկտեյլների բազա ունենք։ Մարդիկ կան, որոնք եղել են այստեղ 6 տարի առաջ, գնացել են Հայաստանից ու երբ վերադառնում են, 6 տարի առաջ ըմպած այդ կոկտեյլն են ուզում, որն այդ պահին գուցե չկա ճաշացանկում, բայց կպատրաստվի, եթե լինեն սեզոնային բոլոր բաղադրիչները։

Բարի ծնունդը

Լեւոն

Daboo-ն ծնվել է իմ ու Սուրենի բազմաթիվ քննարկումներից հետո։ Այն, ինչ հիմա կա՝ մեր երազանքի արդյունքն է։ Սկզբում ամեն ինչ բարդ էր՝ մի ընկերոջ տանից սառնարան ենք վերցրել, մյուսից՝ հարիչը, ու այդպես սկսել ենք աշխատել, անընդհատ փորձել ու հասկացել՝ ինչն ինչպես պետք է անել։

Սուրեն  

Լեւոնի ֆանտաստիկ պատկերացումները ինձ ներշնչեցին հավատալ այս գաղափարին։ Ես ունեի հանրային սննդի բիզնես ստեղծելու գաղափար, բայց ձեւաչափը մտածեց Լեւոնը։ Երկուսս էլ սիրում ենք ստեղծել եւ ոչ թե կրկնօրինակել։ Daboo-ն աշխարհի մակարդակով նորություն չէ, բայց Երեւանի համար նոր բան է։

Լուսանկարը՝ Daboo


Մենք երազում ենք, որ այս բարը տեղ գտնի Երեւանի պատմության մեջ, հիշվի այնպես, ինչպես «Կազիրյոկը» եւ «Պոպլավոկը»։ Ուզում ենք սերունդներն այստեղ գտնեն միմյանց հետքերն ու ունենան լավ հիշողություններ։

Մարդիկ ու Daboo-ն

Սուրեն

Բարն անվանակոչելու համար 60-70 անուն է քննարկվել, յուրաքանչյուրն ուներ իր նպատակն ու իմաստը, բայց մենք ուզում էինք ընդհանուր, միավորող, անսովոր բան լիներ։ MAROG ընկերությունը ստեղծեց Daboo բրենդը։ Daboo բառը հորինված է, իսկ իմաստային առումով իր հետ ասոցացվել է պահի զգացողությունը, վայելքը, հիշվող պահերը, լավ մարդիկ եւ միջավայրը: Այս բառը կարող է օգտագործվել նույնիսկ որպես կենաց, ածական, տրամադրություն: Մեզ մոտ հաճախ «կենա՜ցդ» բառի փոխարեն ասում են «դաբուու՜», կամ մեր ուրբաթ օրերը այցելուների կողմից անվանակոչվել են՝ «Daboorbat»։

Լեւոն

Մեր համար կարեւոր են մարդիկ, զգացմունքները։ Բիզնեսը չի սահմանվում դեկորով, տարածքի ձեւավորմամբ։

Լավ կոկտեյլ քաղաքի բազմաթիվ տեղերում կարելի է խմել, բայց զգացմունքներ ոչ ամեն տեղ գտնել, իսկ մարդիկ ամենուր զգացմունք, զգացողություն, էներգետիկա են փնտրում։

Լեւոն Բաղդասարյանը՝ տիկնոջ եւ զավակի հետ Լուսանկարը՝ Daboo


Այստեղ այդ էներգետիկան ձեւավորում են այցելուներն ու աշխատակիցները, որոնք հոգի են ներդնում ու անխնա աշխատում են՝ բարին նվիրելով իրենց կյանքի լավագույն բանը՝ ժամանակը։

Մարդիկ կամ մարդ-թիմ

Սուրեն  

Ստեփան Աբրահամյանը քաղաքի լավագույն բարմեններից է, եւ նա է մեզ շատ օգնել, որ հասկանանք՝ որ կետից ուր գնալ ու ինչպես տեղ հասնել։ Միայնակ չէինք հաջողի։ Եթե չլիներ Ստեփանը, բոլորովին այլ բան կստանայինք։ Այժմ նրա գործը պատվով շարունակում են Ռաֆայել Եղոյանը եւ Արման Թումանյանը՝ իրենց թիմով։

Սուրեն Երեմյանը՝ տիկնոջ եւ զավակի հետ Լուսանկարը՝ Daboo


Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատում են մեզ հետ, կամ երբեւէ աշխատել են, շատ մեծ ներդրում ունեն մեր կայացման գործում։ Երբ Daboo-ն բացվեց, շատ մեծ ֆինանսական խնդրի առաջ էինք կանգնած՝ առաջին մեծ գնումների գումարն այդ պահին չկար, միայն հաջորդ օրն էր լինելու առավոտյան, որն արդեն ուշ էր։ Մեր սպասք լվացող Անժելան, որն այստեղ աշխատում էր ընդամենը մի քանի օր, իր անձնական, տարիներով հավաքած ամբողջ գումարը առաջարկեց վերցնել պարտքով ու պարզապես «փրկեց» մեզ այդ պահին։ Մինչեւ այսօր մենք միասին ենք աշխատում՝
մի քանի տարի է, ինչ Անժելան Daboo-ի խոհարարն է:

Լուսանկարը՝ Daboo


Այստեղ աշխատող յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է: Շատերի համար սա երկրորդ աշխատանք է՝ հիմնականին զուգահեռ: Մարդ կա, ում համար կյանքի առաջին աշխատանքն է՝ ուսմանը զուգահեռ։ Մենք մարդ-թիմ ենք, եւ ինչ լինում է, հաղթահարում ենք միասին։

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին