Դիզայներ, նկարիչ Արմեն Երիցյանն ամեն առավոտ ստեղծագործում է մթերքով, պատրաստում համեղ ու աչքին հաճելի նախաճաշեր։ Նա ասում է, որ «ցանկացած ուտեստ մարդը սկզբում ընկալում է՝ ուտում աչքերով, հետո գալիս են բույրերը, սկսում են աշխատել համի զգայարանները եւ եթե այս երեքը համընկնում են, ապա ուտեստն իդեալական է ստացվել»։
Արդեն մի քանի տարի է՝ Instagram-ի իր էջում նա ամեն առավոտ հրապարակում է իր նախաճաշը, հետեւորդներին մաղթում խաղաղություն, առողջություն եւ անցնում իր գործերին։ Մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, նրբաբլիթներ, սուրճ՝ սրանք Արմեն Երիցյանի նախաճաշային լուսանկարներում հանդիպող հիմնական բաղադրիչներն են, բայց ավելի հաճախ նրա էջում կարելի է տեսնել հետաքրքիր ձեւավորմամբ ձվածեղներ։
Այս ամենի եւ իր տանը կազմակերպվող նախաճաշերի մասին Արմեն Երիցյանը պատմել է GastroVino-ի հետ զրույցում։
Լուսանկարը՝ Արմեն Երիցյանի արխիվից
Վայելել նախաճաշը
Մեր ընտանիքում միշտ ընդունված է եղել նախաճաշ, ճաշ, ընթրիք անելը։ Եթե հյուրեր չունեմ եւ զարմիկներս էլ ինձ չեն միանում, ապա միայնակ եմ նախաճաշում, իսկ ճաշին ու ընթրիքին հավաքվում ենք ընտանիքով։
7-8 տարի առաջ մի օր համացանցի իմ էջում հրապարակեցի այդ օրվա իմ նախաճաշն ու բուռն արձագանք եղավ, այդ օրվանից սկսած գրեթե ամեն օր իմ էջում առավոտյան նոր հրապարակում է հայտնվում նախաճաշի լուսանկարներով։ Ամեն առավոտ մարդիկ սպասում են նոր հրապարակման, անգամ երեկոյան հետաքրքրվում, թե հաջորդ օրը նախաճաշին ինչ եմ պատրաստելու, որպեսզի իրենք էլ նույն բաղադրիչները գնեն։
Բոլոր նամակներին պատասխանում եմ, բայց նախապես չեմ կարողանում ասել, թե հաջորդ առավոտյան ինչ տրամադրությամբ կարթնանամ եւ ինչ կուզեմ ուտել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Առավոտյան վաղ եմ արթնանում եւ մի փոքր ուշ՝ ժամը 8-9-ին՝ նախաճաշում։
Նախաճաշ, սուրճ պատրաստելը տեւում է մոտ 15-20 րոպե, իսկ հետո նստում ու վայելում եմ: Եթե նախաճաշը բնության գրկում է, պատշգամբում կամ բացօթյա հատվածում եւ տեսարանն էլ հետաքրքիր է, ապա ընթացքը կարող է շատ երկարել։
Սիրելի բաղադրիչը
Աշխատում եմ պարզ նախաճաշեր պատրաստել, բայց, երբեմն, ավելի բարդ տարբերակներ եմ ընտրում։ Նախաճաշի իմ ամենասիրելի բաղադրիչը հավկիթն է՝ լինի խաշած, հացի, լոլիկի, պղպեղի մեջ պատրաստված կամ սեզոնային բանջարեղենով, կանաչեղենով եփված։ Այն օգտակար մթերք է՝ շատ միկրոէլեմենտներ է պարունակում։
Լուսանկարը՝ Արմեն Երիցյանի արխիվից
Երբ ես ու քույրս փոքր էինք, հայրս նախաճաշին մեզ համար կանաչ կամ սովորական սոխով ձվածեղ էր պատրաստում, այն ժամանակ չկային կարմիր, շալոտ եւ մյուս տեսակի սոխերը։ Հիմա ես էլ եմ պատրաստում սոխով ձվածեղ ու եթե սառնարանում կա սոխի մի քանի տեսակ, ապա պատրաստում եմ այդ բոլորի միքսը, գեղեցիկ ու համեղ է լինում։ Այս ձվածեղը, անպայման, պատրաստում եմ կամ կարագով, կամ բնական, հալած, առանց որեւէ խառնուրդների յուղով։
Նախաճաշ՝ Արմեն Երիցյանի տանը
Տարիներ առաջ Երեւանում նախաճաշեր էի կազմակերպում, անցած ամռանն էլ, երբ զբոսաշրջային խմբեր էին լինում, Լոռու մարզի Արեւածագ գյուղում էի նախաճաշեր անցկացնում, վերջերս էլ մի քանի նման հանդիպում Երեւանի իմ տանը եղավ։
Լուսանկարը՝ Արմեն Երիցյանի արխիվից
Մտադիր եմ շարունակել եւ մինչեւ 6 հոգանոց խմբերի համար նախաճաշ, բրանչ կազմակերպել։ Ավելի մեծ թվով հյուրեր ընդունելը բարդ կլինի, քանի որ բոլորի համար նախաճաշ եմ պատրաստում, առանց շտապելու վայելում ուտեստները, հյուրերը նայում են իմ գործերը, հետաքրքիր հարցեր ենք քննարկում, զրուցում արվեստից, պլաններից, գեղեցկությունից։
Անի Խչոյանը զրուցում է Արմեն Երիցյանի հետ | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նախաճաշել, թե՝ ոչ, ամեն մեկի որոշելու հարցն է, շատերին գիտեմ, որ նախընտրում են սուրճ, թեյ խմել կամ փոքրիկ քաղցրավենիք ուտել, սա էլ նրանց ընտրությունն է, բայց թեկուզ թեթեւ նախաճաշը օրգանիզմի համար օգտակար է, որպեսզի օրը էներգիայով, լավ տրամադրությամբ սկսես։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Լուսանկարներն արվել են «Ոստան» ռեստորանում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: