×

Դավիթ Հայրապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սուրճի կանոններն ու Երեւանի ռիթմը՝ նորաբաց coffeel բարում

Սուրճին շաքարավազ ավելացնելիս պատկերացրեք, որ լավ գինուն գազավորված հյութ եք ավելացնում՝ ասում է coffeel էսպրեսո բարի հիմնադիր Դավիթ Հայրապետյանը։ Նա նշում է, որ մեկ գդալ շաքարավազը կարող է փչացնել հատուկ պայմաններում, յուրահատուկ խնամքով աճեցրած, ճիշտ բովված, լավագույն մեքենայով կամ պրոֆեսիոնալ բարիստայի պատրաստած սուրճը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


GastroVino-ի հետ զրույցում Դավիթ Հայրապետյանը պատմել է, որ coffeel-ը Թամանյան 2 հասցեում (Կասկադի բասկետբոլային դաշտի անմիջական հարեւանությամբ) բացվել է 2023թ. փետրվարին: Այստեղ մատուցում են specialty սուրճ, որի մասին գիտեն ամեն ինչ՝ բողբոջից մինչեւ բաժակ:

Specialty սուրճը հետաքրքիր մոտեցում է

Մեկ տարի առաջ Մոսկվայից տեղափոխվեցի Երեւան, իսկ սուրճ սիրել եմ միշտ: Ինձ դուր էր գալիս Մոսկվայի սրճարանների մթնոլորտը եւ տեղափոխվելուց հետո ցանկացա այդ մշակույթն ունենալ Երեւանում։ Սրճարան բացելու մյուս հանգամանքն էլ այն է, որ Երեւանում տարածվում է specialty սուրճը, որը նաեւ սուրճի 3-րդ ալիք են անվանում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այն սկսվել է ԱՄՆ-ից, իսկ Հայաստան հասել է Ռուսաստանից, այդ թվում՝ այստեղ տեղափոխված ռուսների շնորհիվ։ Ցանկացա մասնակցել այդ մշակույթի տարածմանը։ Հայաստանը սուրճ խմող երկիր է, բայց ուրիշ ոճի։ Specialty-ն ինձ համար ավելի հետաքրքիր սուրճ է, մոտեցում, ընկալում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեզ մոտ մատուցվող սուրճերը բաժանվում են երկու դասի՝ էսպրեսոյի հիմքով եւ ալտերնատիվ, որը եփվում է ոչ թե էսպրեսոյի մեքենայով, այլ՝ տարբեր մեթոդներով` v60, aeropress, chemex: Հայաստանում դեռ ավելի նախընտրում են էսպրեսոյի հիմքով սուրճերը, բայց աշխարհում միտումը հակառակն է։ Ոչ թե «լավի» կամ «վատի», այլ՝ նախընտրության հարց է։

Սուրճի պահանջներն ու կանոնները

Պահում ենք specialty սուրճի բոլոր պայմանները, օրինակ՝ կան ժամկետներ, որից հետո սուրճը կորցնում է յուրահատկությունը, դրանցի հետո ուղղակի չենք օգտագործում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պրոդուկտի վրա մեծ աշխատանք է տարվում՝ սկսած վայրից, որտեղ աճում է, սորտից, որ ընտրում ենք, շղթան շարունակվում եւ ավարտվում է սուրճ պատրաստող մեքենայով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մանրակրկիտ ընտրում ենք գործընկերների, որոնք բովում են սուրճը, որովհետեւ պետք է հստակ իմանանք, թե սուրճը որտեղ են գնել, ով է բովել, ինչ պայմաններում, ամեն մանրուք մեծ ազդեցություն ունի վերջնական արդյունքի վրա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շուրջ 20 տարի առաջ, երբ սկսեցի հետաքրքրվել specialty սուրճով, հրաժարվեցի շաքարից եւ եթե հետեւենք կանոնին, ապա սուրճի հետ շաքարավազ չպետք է մատուցենք։ Պրոդուկտն այնքան բարձր որակի է, որ շաքարով, դարչինով կամ օշարակով կփչացնենք այն։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ամեն սուրճ ունի իր համար ստեղծված բաժակ, ճիշտ այնպես, ինչպես գինու դեպքում է։ Կան հատուկ ստանդարտներ բաժակի չափի, պատերի հաստության հետ կապված, կարեւոր է, թե որքանով է բաժակը պահում ջերմությունը, որքանով է հարմար կում անել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Specialty սուրճի միությունները, կազմակերպությունները գտնում են արտադրողների, որոնք կպատրաստեն պահանջներին համապատասխանող բաժակներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փորձեք սուրճը բարակ եւ հաստ պատերով բաժակից եւ կտեսնեք, թե որքան տարբեր է համը։ Մեզ մոտ կան վերամշակված սուրճից պատրաստված բաժակներ։ Դրանց ամուր, գեղեցիկ, ճիշտ կառուցվածք եւ չափ ունեցող բաժակներ են։

«Սուրճը վերջին համն է»

Դեռ մինչեւ coffeel հիմնադրելը օրվա ընթացքում տարբեր սուրճեր էի խմում։ Ասում են՝ «սուրճը վերջին համն է» եւ ես էլ սիրում եմ ճաշից, ընթրիքից հետո սուրճ խմել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սրճարանը բացվում է առավոտյան 08։30 եւ բաց է մինչեւ 23։30-ը։ Ես այդ ժամին արդեն սուրճ չեմ խմում, մի փոքր զարմանում եմ, բայց նաեւ ուրախ եմ, որ կեսգիշերին մոտ այցելուներ ենք ունենում։

Դավիթ Հայրապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեզ մոտ միաժամանակ կարելի է հանդիպել հայերի, ռուսների, ամերիկացիների: Դա հենց այն է, ինչի մենք ի սկզբանե ցանկանում էինք հասնել՝ լինել Երեւանի ռիթմին համապատասխան մի վայր, որտեղ տարբեր մարդիկ կհավաքվեն սուրճի շուրջ։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին