Եղեւնու կոնի, կանաչ ընկույզի եւ անսովոր այլ չրերի հեղինակը Անի Ավետիսյանն է։ Չրերից բացի՝ նա պատրաստում է նաեւ մրգային չիպսեր, ցուկատներ, պաստեղներ, բնական թեյեր ու ձեռագործ կոնֆետներ։
ANIE'S NATURALS-ի հիմնադիր Անի Ավետիսյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է պատահաբար սկսած բիզնեսի մասին։
Մայրիկի բլոգից՝ բիզնես
Ամեն ինչ սկսվեց կորոնավիրուսի կարանտինի ժամանակ, երբ ամբողջ ընտանիքը տանն էր։ Այն ժամանակ դեռ երեք բալիկ ունեի, հիմա՝ չորս։ Երբ երեխաների համար միրգ էի կտրատում եւ չէին ուտում, ափսոսում էի թափել։ Չրի պատրաստման ապարատ նվեր ստացա, որոշեցի բնական չրեր պատրաստել ու բալիկներս ավելի մեծ ախորժակով սկսեցին դրանք ուտել։ Սկսեցի իրենց համար պաշար հավաքել, պատրաստում էի, գեղեցիկ փաթեթավորում ու պահում։
Անի Ավետիսյանը
Այդ ժամանակ Instagram-ի իմ անձնական էջը փորձում էի վարել որպես «մայրիկի բլոգ», երեխաների սննդի հետ կապված հրապարակումներ էի անում։ Մի օր էլ պատմեցի չրերի մասին ու «գրոհ» սկսեց։ Մայրիկ հետեւորդները խնդրեցին վաճառել իմ պատրաստած բնական չրերը, բայց սահմանափակ քանակով ունեի, միայն մեր ընտանիքի համար էր։ Այնքան պնդեցին, որ որոշեցի վաճառել փոքր չափաբաժիններով, իսկ դրանից կարճ ժամանակ անց վաճառքի համար սկսեցի պատրաստել ոչ միայն բնական, այլ նաեւ շաքարով չրեր, որովհետեւ դրանց պահանջարկը եւս կար։
«Բացառիկ չրեր»
Ուսումնասիրեցի չրերի շուկան՝ հասկանալու համար, թե ինչով կարող եմ տարբերվել։ «Բացառիկ» չրեր փնտրելու ճանապարհին մտածեցի՝ «ինչի՞ց է, որ ունենք ընկույզի մուրաբա, բայց չիր չունենք»։ Սկսեցի կանաչ ընկույզի չիր պատրաստել, հետո նաեւ եղեւնու կոնի չիր պատրաստեցի։ Կոնի մուրաբան օգտակար ու տարածված է եւ ովքեր մուրաբա չեն սիրում, փոխարենը կարող են չիր ուտել։
Կոնի չիրը պատրաստում եմ մեղրաջրով՝ շաքարաջրի փոխարեն, որպեսզի օգտակարությունը պահպանվի ու մի բան էլ մեղրի օգտակարությունը գումարվի։
Ոչ միայն կոնը, այլ բոլոր մրգերն ու բանջարեղենը ունեն սեզոնային ճիշտ որսալու պահը։ Կոնը, օրինակ, հավաքում ենք մայիսի կեսերից սկսած, մի փոքրիկ շրջան է, որ եթե չհասցրեցիր հավաքել, փայտանում է։ Դժվար պատրաստվող չիր է, որքան էլ փորձում եմ համացանցի հրապարակումների միջոցով ցույց տալ ընթացքը, չի ստացվում, չեմ կարողանում ժամանակ տրամադրել վիդեոտարբերակ պատրաստելու համար, ընթացքը շատ երկար է տեւում։ Կոնի չիրն այնպիսի մշակում է անցնում, որ մեջից դուրս գա խեժի դառնությունը, բայց մնան օգտակար հատկությունները։
Այս տարի բացառիկ չիպսերի ցանկին ավելացան մանգոն ու կոկոսը։ Հայաստանում երկուսն էլ լինում են, բայց ներմուծված։ Կոկոսի ներմուծված չիրը հիմնականում փաթիլներից մի փոքր մեծ տարբերակով է լինում, աղի եւ ավելի հաճախ գարեջրի հետ են ուտում, իսկ իմ տարբերակում բնական կոկոսն է, առանց հավելումների։ Այն նաեւ շոկոլադապատ տարբերակով եմ պատրաստում եւ դառնում է «Բաունտի»։
«Հալվող» թեյեր
Իզոմալտից (շաքարի փոխարինիչ) գնդիկներով թեյը եւս նորություն է։ Սկզբում կարծում էի, թե իզոմալտե գնդիկ պատրաստելը հեշտ է, բայց չէր ստացվում աշխատել դրա հետ։ Պետք էր գունդն այնքան բարակ անել, որ թեյի բաժակի մեջ միանգամից հալվեր։ Սովորեցի ճիշտ մշակման տարբերակները եւ շուրջ 15 օր տեւած փորձարկումներից հետո ներկայացրեցի հետեւորդներին։ Թափանցիկ գնդի մեջ տարբեր թեյեր եմ լցնում՝ կախված նրանից, թե հաճախորդն ինչ է ուզում։
Բնական թեյերի ու խոտաբույսերի հարցում հայրս է օգնում, նա բավական գիտելիքներ ունի։ Սկզբում կարծում էի, թե թեյերն ու խոտաբույսերը պետք է արեւի շողերի տակ չորացնել, բայց հայրս բացատրեց՝ անհրաժեշտ է շողերից հեռու չորացել, որ գույնը, օգտակարությունը պահպանվի։
Ընտանիքի աջակցությունը
Չորս երեխայի հետ բիզնեսով զբաղվելը բարդ է, ամուսինս աջակցում է շատ հարցերում։ Չրերի պատրաստման համար լավագույն մրգերը՝ տանձ, խնձոր, ծիրան, բալ, կեռաս, վերցնում եմ հորս այգուց, իսկ կարմիր, սեւ հաղարջները՝ ամուսնուս ծնողների այգուց։ ANIE'S NATURALS-ը իսկական ընտանեկան փոքրիկ բիզնես է։
Անի Ավետիսյանը
Դեռ տանն եմ աշխատում, բայց այս տարի արդեն բիզնեսն ընդլայնելու ծրագրեր ունենք։ Մոտ ապագայում պլանավորում ենք ունենալ ստուդիա-արտադրամաս, որտեղ ե՛ւ կպատրաստեմ, ե՛ւ կցուցադրեմ չրերը։ Հաճախորդները, վերջապես, կկարողանան այդ վայրում տեսնել ամբողջ տեսականին։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Անի Ավետիսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: