×

The Spot. Ալեքսի եւ Հայկուհու սրճարան-«տոչկա»-ն Դիլիջանում

Դիլիջանում բացվել է The Spot սրճարանը: Այն Հայկուհու եւ Ալեքսի՝ նախկինում ունեցած համատեղ աշխատանքային փորձի արդյունքում ստեղծված նախագիծ է: Դիլիջանի կենտրոնական փողոցում՝ Գետափնյա 10 հասցեում սրճարանն իր այցելուներին սպասում է սուրճի ամենատարբեր տեսակներով եւ քաղցրավենիքով:

GastroVino-ի հետ զրույցում Ալեքս Ճամելիանը եւ Հայկուհի Մինասյանը պատմել են Դիլիջան տեղափոխվելու եւ իրենց «տոչկան» բացելու մասին:

Երեւանից Դիլիջան

Մասնագիտությամբ արվեստաբան Հայկուհին հյուրընկալության ոլորտում սկսել է աշխատել շուրջ 7 տարի առաջ:

«Մոտ 6 տարի աշխատել եմ մասնագիտությամբ, բայց քանի որ արվեստաբանի աշխատավարձն այդքան էլ խոստումնալից չէր Հայաստանում, որոշեցի մտնել հյուրընկալության ոլորտ: 2014-15 թվականից սկսեցի տարբեր ռեստորաններում մենեջմենթ անել»,- պատմում է Հայկուհին, ով Ալեքսի հետ ծանոթացել է աշխատանքի բերումով՝ 2017 թվականին:


Հայկուհի Մինասյանը



«Ալեքսի հետ «Բյուրոկրատ»-ում ենք աշխատել: Նա այնտեղ բարիստա, ես էլ՝ մենեջեր էի աշխատում: Ընկերացանք, այնուհետեւ Երեւանում միասին աշխատելու փորձեր էլի ունեցանք: Հետո համավարակի ժամանակ սկսեցի տանն ինչ-որ փորձարկումներ անել, քաղցրավենիք թխել, զգացի, որ ստացվում է, լավ արձագանքներ էի ստանում: Հենց այդ ժամանակ էլ ինձ առաջարկեցին երեւանյան ռեստորաններից մեկում հրուշակագործ աշխատել: Աշխատելուն զուգահեռ՝ նաեւ անհատական պատվերներ էի ընդունում: Յոթ ամիս աշխատելուց հետ աշխատանքի առաջարկ ստացա Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանից եւ տեղափոխվեցի այնտեղ»,- ասում է Հայկուհին, որն արդեն շուրջ մեկ տարի է Դիլիջանում է ապրում:

Հալեպից Հայաստան

Հայկուհու գործընկերը՝ Ալեքսը, Հայաստան է տեղափոխվել Հալեպից՝ 2015 թվականին, երբ 19 տարեկան էր:


Ալեքս Ճամելիանը



«Հալեպում սուրճի հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, այնտեղ նույնիսկ սուրճ չէի խմում: Սուրճի հետ կապված ամեն ինչ այստեղ է սկսել: Բարիստայի գործը ինքնուրույն եմ սովորել: Այդ ժամանակ Հայաստանում էլ չկար ինչ-որ մեկը, ով կարող էր ինձ սովորեցնել կամ ինֆորմացիա տալ: Մարդիկ այդքան առավելություն չէին տալիս մասնագիտացված սուրճին, ինչպես հիմա: Այդ ժամանակ Երեւանի սրճարաններից մեկում էի աշխատում, ինքս ինձ, համացանցում կարդալով, տեղեկություններ հավաքելով, դրանք փորձելով, արդյոք ճիշտ է, թե ոչ, կիլոգրամներով սուրճ եւ կաթ փչացնելով՝ կամաց-կամաց սովորեցի»,- հիշում է Ալեքսը:

The Spot Diljan-ը

Հայկուհին ասում է՝ Ալեքսի հետ համատեղ սրճարան բացելու մասին շատ վաղուց էին մտածում.

«Քանի որ Ալեքսը սուրճի մասով է մասնագիտացած, ես՝ հրուշակեղենի, իսկ այս երկուսը միմյանց լրացնում են, դրան գումարած մեր տասը տարվա աշխատանքային փորձը, հասկացել էինք, որ կարող ենք մերը ստեղծել: Դիլիջան տեղափոխվելուց հետո Ալեքսին առաջարկեցի, ասեցի՝ կարո՞ղ է դու էլ գաս, համ Երեւանի շարժից կկտրվես մի փոքր, համ Դիլիջանում ավելի հեշտ կլինի մեր նախագիծը սկսել: Այդպես Ալեքսն էլ իմ առաջարկով տեղափոխվեց այստեղ»:




«Իմ ու Հայկուհու համագործակցությունը շատ թեթեւ է սկսել, քանի որ բավականին երկար ժամանակ է, որ ճանաչում ենք իրար եւ առաջին անգամ չէ, որ միասին ենք աշխատում: The Spot-ի բացումը համընկավ Ամանորի հետ. այդ օրերին մարդիկ բավականին ակտիվ էին, դուրս էին գալիս զբոսնելու եւ մտնում էին մեզ մոտ: Հետո շարժը պակասեց, մի քիչ տխրել էինք, բայց հիմա կրկին աշխուժություն է նկատվում»,- ասում է Ալեքսը:




Սրճարանը գտնվում է Դիլիջանի Գետափնյա 10 հասցեում: The Spot-ը բաց է 10:30-ից մինչեւ երեկոյան 22:00-ը: Հիմնադիրները մտադիր են ամռանն աշխատանքային ժամերն ավելի երկարացնել:

«Բուն դիլիջանցիներից շատերը դեռեւս մեր հաճախորդները չեն: Մեր հիմնական այցելուները տուրիստներն են, UWC Դիլիջան քոլեջի ուսուցիչները: Մեր «հույսն» այն մարդիկ են, որոնք մեզ նման Երեւանից կամ մեկ ուրիշ երկրից տեղափոխվել են այստեղ ապրելու եւ աշխատելու»,- ասում է նա:




«Այստեղ ավելի շատ ռեստորանային ուղղվածություն ունեցող սրճարաններ են, դրա համար մտածեցինք ուղղակի պարզ, սովորական սրճարան բացել, որտեղ մարդիկ անցնելուց, պահի տակ կգան մեկ գավաթ սուրճի եւ մեկ կտոր քաղցրավենիքի հետեւից: Կարծես, չենք սխալվել՝ Դիլիջանում այդպիսի սրճարան պետք է եւ կաշխատի»,- ասում է Հայկուհին:




«Սրճարանի անունն ընտրելու համար երկար ենք մտածել: Ի վերջո որոշեցինք The Spot դնել, «տոչկա» ասվածը լինի, որտեղ կարելի է գալ ու ոչ միայն սուրճ խմել, այլեւ շփվել, ծանոթանալ, զրուցել: Այդ տրամադրությունն է ստեղծում նաեւ մեր տարածքը, այն փոքր է եւ մարդիկ երբ նստում են, իրենցից անկախ սկսում են շփվել միմյանց հետ»,- պատմում է Ալեքսը:

Թարմ բոված specialty սուրճը եւ «կոռոննիյ տորթը»

Սրճարանում կարելի է համտեսել ամերիկյան ամենահայտնի դեսերտներ ու հայկական ավանդական գաթա՝ հրուշակագործի անհատական նրբերանգով:

«Խմորեղենի հստակ մենյու չունենք, ամեն օր տարբեր բաներ եմ թխում: Բայց ունեմ սիրված անուններ, որոնք միշտ կարելի է գտնել The Spot-ում: Դրանցից մեկը գազարով տորթն է, որը ռուս այցելուներն արդեն հասցրել են անվանել «կոռոննիյ տորթ»: Մյուսը չիզքեյքն է՝ տարբեր միջուկներով եւ համերով»,- ասում է Հայկուհին:




Իսկ սուրճերից The Spot-ում կարելի է փորձել էսպրեսոյից սկսած մինչեւ ֆիլտրված սուրճեր, որոնցից ամեն մեկն իր պատրաստման եղանակն ունի:

Հայկուհին եւ Ալեքսը հավելում են, որ շուտով The Spot-ի այցելուները կարող են համտեսել սենդվիչներ եւ խորտիկներ:

Արփի Ջիլավյան


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին