×

Անիբալ Ֆերնանդեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Անիբալ Ֆերնանդես. Hard Rock Cafe Yerevan-ը նորույթ եւ անակնկալ է լինելու

GastroVino-ի բացառիկ հարցազրույցը «Hard Rock Cafe International» ընկերության ֆրանչայզինգի  գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսի հետ:

- Որո՞նք են այն հիմնական չափանիշները, որոնց պետք է համապատասխանի երկիրը եւ քաղաքը Hard Rock Cafe ցանցի անդամ դառնալու համար:

- Այն պետք է անվտանգ լինի, մարդու իրավունքների պաշտպանության հարցը պետք է պատշաճ մակարդակի վրա լինի, այն պետք է ունենա բավականաչափ բնակչություն, որը կկարողանա վայելել բրենդը, բայց ամենակարեւորը ճիշտ գործընկեր գտնելն է։ Վերջին վեց տարիների ընթացքում մի քանի անգամ եկել եմ Հայաստան, հանդիպել եմ տարբեր գործընկերների հետ եւ բազմաթիվ տարածքներ դիտարկել: Բայց չէինք կարողանում գտնել այն վայրը, որը մեզ իսկապես կհամապատասխաներ:

Մեր այսօրվա գործընկեր Food Republic-ի հետ երկու տարի առաջ գործարք կնքեցինք եւ սկսեցինք տարածքներ փնտրել եւ գտանք կատարյալ մի վայր, այնպես որ, լավ համադրություն ստացվեց:

- Հայաստանը կդառնա Հարավային Կովկասի վերջին երկիրը, որը կունենա Hard Rock Cafe՝ դուք սրճարաններ ունեք Թբիլիսիում ու Բաքվում։ Գո՞հ եք նրանց աշխատանքից:

- Թբիլիսիում մենք ժամանակավորապես փակվել ենք: Հիմա տեղափոխվում ենք մի վայրից մյուսը: Եթե ամեն ինչ լավ լինի, կվերաբացվենք մինչեւ այս տարվա վերջ։

- Կարո՞ղ ենք ասել, որ յուրաքանչյուր Hard Rock Cafe-ն եզակի է, չնայած միջազգային ցանցի անդամ լինելուն:

- Յուրաքանչյուր սրճարան ունի իր յուրահատուկ դիզայնը, քանի որ բոլոր շենքերը, վայրերը տարբեր են, եւ Երեւանի դեպքում եկեղեցական ոճի այս ճարտարապետությունը շատ-շատ հետաքրքիր է, եւ մենք ցանկանում ենք պահպանել եւ հարգել այն:

Անիբալ Ֆերնանդեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դիզայնը համատեղ մշակել են հայաստանյան գործընկերը եւ մեր դիզայներական թիմը: Սրճարանը ֆանտաստիկ եւ անակնկալ տեսք է ունենալու: Նորույթ է լինելու Հայաստանի համար: Այլ նման բան Երեւանում չեք գտնի, հավատացեք ինձ:

- Hard Rock Cafe Yerevan-ի համահիմնադիրներն են Food Republic-ը եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների Ֆոնդը (ԱՆԻՖ), որը պետության կողմից հիմնված կառույց է: Ունե՞ք այլ օրինակներ, երբ տեղական գործընկերը մասամբ պատկանում է կառավարությանը:

- Ոչ, սա առաջին դեպքն է։ Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ բացման համար կառավարությունից որոշակի աջակցություն ենք ստացել։ Այս դեպքում կառավարությունը ներդրումներ է կատարում Hard Rock Cafe-ում եւ դա առաջին անգամն է։

Անիբալ Ֆերնանդեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր ապրանքանիշը շատ հզոր է: Եվ այս հանգամանքը կգրավի այլ բիզնեսների: Դա լավ է երկրի համար։ Ամեն անգամ, երբ մենք բացում ենք Hard Rock Cafe-ն նոր երկրում, դա մեծ «բում» է առաջացնում:

- LinkedIn-ում ձեր էջը գտա եւ պարզեցի, որ Hard Rock International-ում աշխատում եք ավելի քան 18 տարի: Ի՞նչն է ձեզ այդքան երկար պահում այս ընկերությունում:

- Եթե նայել եք իմ էջը, ապա տեսել եք, որ այդ ընթացքում ես տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել: Hard Rock-ը յուրահատուկ է, երբեք չես ձանձրանում:

Չկա մեկ այլ կոնցեպտ, որը միավորվում է այս ամենը՝ սնունդ, բար, երաժշտություն, զվարճանք, հուշանվերներ: Աշխատելով ֆրանչայզինգի բաժանմունքում՝ ես ճանապարհորդել եմ աշխարհի բոլոր մասերով՝ բացելով բազմաթիվ սրճարաններ, հանդիպելով շատ մարդկանց, եւ ինձ դա դուր է գալիս: Ես սիրում եմ հանդիպել մեր հյուրերին եւ մեր գործընկերներին:

Արա Թադեւոսյանը զրուցում է Անիբալ Ֆերնանդեսի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առաջիկայում շատ նախագծեր ունենք։ Այս տարի 9 սրճարան ենք բացել եւ մինչեւ տարեվերջ կբացենք եւս երկուսը՝ Իտալիայի Վերոնա քաղաքում եւ Մալայզիայի Ջոհոր Բահրու քաղաքում: Հաջորդ տարի նույնպես շատ սրճարաններ ենք բացելու։

- Ի՞նչ երաժշտություն եք սիրում:
 
- Իմ սիրելի խումբը Linkin Park-ն է: Բայց ես լսում եմ շատ տարբեր երաժշտություն՝ ջազից մինչեւ փոփ: Կարիերայիս ընթացքում հնարավորություն եմ ունեցել ներկա լինել կենդանի շատ համերգների եւ միջոցառումների: Ես պետք է շատ լայնախոհ լինեմ, այլապես այս պաշտոնում չէի լինի (ժպտում է-խմբ):

Անիբալ Ֆերնանդեսի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին