Երեւանի ժամանցի ու զբոսանքի ամենասիրելի վայրերից մեկի՝ արդեն «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կազմում գործող SEASONS նախագծի շրջանակում ստեղծվել է ընկերության ֆիրմային SEASONS SWEETLAND ռեստորան-հրուշակարանը, որն ունի նաեւ պաղպաղակի սրահ՝ SEASONS GELATERIA-ն։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հրուշակարանի ստեղծման գաղափարի, հյուրերին առաջարկվող տեսականու եւ այլ հետաքրքրիր մանրամասների մասին զրուցել ենք «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանի հետ։
Շեֆ-հրուշակագործի հրաշագործ ձեռքերով ստեղծված անմոռանալի համերի եւ էմոցիաների սիմֆոնիան այսուհետ երեւանցիներն ու քաղաքի հյուրերը վայելելու են SEASONS SWEETLAND-ում: Մասնագիտությամբ դաշնակահար Անահիտ Միքայելյանն իր համար շատ սիրելի երաժշտության աշխարհն արտացոլում է հրուշակագործությունում՝ միավորելով երկու արվեստները: Երեւանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայից՝ հրուշակագործության ոլորտում մասնագիտացում ու վերապատրաստումներ, արտադրամասից՝ ռեստորանային ոլորտ, իսկ այսօր արդեն տարիների կուտակած փորձն ու վարպետությունը նա կիրառում է «Երեմյան Փրոջեքսթ»-ի «ամենաքաղցր» նախագծում:
«Հրուշակագործությունն իմ տարերքն է, իսկ հաջողության բանաձեւը՝ նոր մարտահրավերներին ընդառաջ գնալն ու դրանք պատվով հաղթահարելը: Ես միշտ փնտրում եմ ոգեշնչման նոր աղբյուր:
Անահիտ Միքայելյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Առաջին քայլերս արտադրամասից եմ սկսել։ Այնուհետեւ ինձ հնարավորություն ընձեռվեց դառնալ «Երեմյան Փրոջեքթս»-ի մի մասնիկը։ Բացահայտեցի հրուշակագործությունը նաեւ ռեստորանային ոլորտում, քանի որ այն ունի իր առանձնահատկությունները՝ սկսած աղանդերի պատրաստման աշխատանքների կազմակերպումից մինչեւ մատուցում։ Եվ այսօր «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմով ներկայացնում ենք մի նախագիծ, որը եւ՛ ռեստորան է, եւ՛ հրուշակարան, որտեղ միավորել ենք մեր փորձն ու խենթ գաղափարները։
Նոր վայր, նոր ձեւաչափ եւ նոր մոտեցումներ. այս նախագծի իրականացումը, ինչ-որ առումով, մեր սիրելի հյուրերի համառության արդյունքն է: «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորաններում մատուցվող աղանդերն այնքան էր դուր գալիս մեր հյուրերին, որ նրանք հաճախ ցանկություն էին հայտնում իրենց հետ տանելու, սակայն դրա յուրահատկությունը հենց ռեստորանում մատուցելու ու համտեսելու մեջ էր: Այդպես ծնվեց հրուշակարան ունենալու գաղափարը:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Նոր մոտեցման շնորհիվ մեր հյուրերը կկարողանան ինչպես տեղում վայելել բազմատեսակ հրուշակեղենը, այնպես էլ, ցանկության դեպքում, ընտրել եւ տանել իրենց հետ»։
Համային բազմազանությունը SEASONS SWEETLAND-ի կարեւորագույն շեշտադրումներից է լինելու: Հրուշակարանի հյուրերից յուրաքանչյուրը կգտնի իր նախընտրելի բաղադրիչներով ու համերով թխվածքաբլիթներ, տորթեր, աղանդեր, պաղպաղակ եւ շոկոլադե կոնֆետներ:
«Նույնիսկ ամենախստապահանջ քաղցրասերներն ու գուրմանները մեզ մոտ կգտնեն իրենց քիմքին հաճելի համերը։ Վստահ եմ, որ ամենակարճ ժամանակահատվածում SEASONS SWEETLAND-ը կդառնա Երեւանի ամենասիրելի «քաղցր անկյուններից» մեկը։ Մենք ներկայանալու ենք տարբեր երկրների ամենաճանաչված ու սիրված աղանդերի տեսականիով՝ տարտ, միլ ֆեյ, պրոֆիտրոլ, շու, էկլեր, տիրամիսու, եւ այս ամենը մեր ձեռագրով եւ մոտեցումներով։ Կլինեն նաեւ այլ բիսկվիտային, փխրուն, շերտավոր, եփովի խմորներից ու տարատեսակ կրեմային, մրգահատապտղային, շոկոլադե նրբահամ միջուկներով աղանդեր, ինչպես նաեւ տորթերի լայն տեսականի։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Ի դեպ, SEASONS SWEETLAND-ի տեսականիում ներառված են շատերի կողմից սիրված ֆրանսիական մակարոնները: Վստահեցնում եմ՝ քչերը կդիմակայեն մեր «ստեղծագործությունների» բույրերին ու համերին (ծիծաղում է,-հեղ.)։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
SEASONS SWEETLAND-ն առաջարկելու է նաեւ կոնֆետների, սալիկների եւ տրյուֆելների ու տարբեր միջուկներով բոնբոնների լայն ընտրանի, որոնց պատրաստման համար մենք օգտագործում ենք բելգիական բարձրորակ շոկոլադ։ Դրանք իրենց գրավիչ եւ յուրահատուկ փաթեթավորմամբ կլինեն ցանկալի եւ հրաշալի նվեր յուրաքանչյուրի համար:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Մեր ռեստորաններում ձեւավորված է ուտեստների յուրահատուկ մատուցման ավանդույթ, որը կներդրվի նաեւ այս նախագծում:
Մի փոքր բացեմ փակագծերը՝ SEASONS SWEETLAND-ի հյուրերը, հաճախորդներն ու այգու այցելուները հնարավորություն կունենան հետեւելու հրուշակեղենի պատրաստման մոգական գործընթացին, ինչը, կարծում եմ՝ կգրավի ու կհետաքրքրի նրանց, քանի որ Հայաստանում նման մշակույթ, կարծես թե, դեռ չկա: Բացի դա SEASONS SWEETLAND-ի հյուրերը նաեւ հնարավորություն կունենան տարբեր բաղադրիչներով տեղում իրենց ձեռքերով աղանդեր պատրաստել եւ համտեսել»։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
SEASONS նախագիծը հաճելի անակնկալ ունի նաեւ պաղպաղակի սիրահարների համար՝ SEASONS SWEETLAND հրուշակարանին կից SEASONS GELATERIA-ն։
«Մենք չէինք կարող անտեսել նաեւ պաղպաղակասերներին՝ հատկապես մեր փոքրիկ հյուրերին, ուստի որոշեցինք մեր հյուրերին առաջարկել նաեւ «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշի եվրոպական չափանիշներին համապատասխան, բարձրորակ բնական կաթից պատրաստվող վանիլային, շոկոլադե, մրգահատապտղային, ընդեղենով պաղպաղակը։ Հյուրերը պաղպաղակը տուն տանելու հնարավորություն եւս կունենան»:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Երեմյան Փրոջեքթս» թիմի համար առաջնահերթություն է ինչպես համեղ եւ որակյալ հրուշակեղենով ներկայանալը, այնպես էլ իր գործունեությամբ այս ոլորտի զարգացմանը նպաստելը։ Ինչպես նշում է Անահիտ Միքայելյանը՝ այդ ամենին կարելի է հասնել թիմային քրտնաջան եւ նպատակադրված աշխատանքի ու առողջ մրցակցության շնորհիվ:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Երբ ես նոր էի այս ոլորտում, շատ քիչ էին վայրերը, որտեղ կարելի էր համտեսել համեղ, թարմ եւ որակյալ հրուշակեղեն։ Ինձ համար ուրախալի է, որ այսօր Հայաստանում զարգանում է այս ոլորտը. հրուշակագործները հնարավորություն են ստանում սովորելու, աշխատելու, ստեղծագործելու եւ իրենց համարձակ գաղափարներն իրագործելու։ Ինքս պատրաստ եմ ներդնել տարիների փորձն ու գիտելիքներս: Գնահատելով մեր մեծ թիմի աշխատանքը, վստահ եմ, որ այս նախագիծը եւս հաջողության կունենա, եւ մեր ներդրումը կունենանք նաեւ այս ոլորտի զարգացման գործում։
Անահիտ Միքայելյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
SEASONS SWEETLAND-ը «Երեմյան Փրոջեքթս» թիմի «քաղցր երազանքն» է, որի իրականացման համար ներդրել ենք մեր ջանքերն ու պրոֆեսիոնալիզմը եւ, ինչպես այսօր, այնպես էլ տարիներ անց մեր արտադրանքը պահպանելու է կայուն համը, տեսքը եւ որակը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: