×

Իրինա Սաֆարյանն ու Աշխեն Նազինյանը

Տավուշի գինիներն ու Շամշադինի համերը՝ Այգեպանի տնակում

1980-ականների Տավուշի գինեգործների հավաքատեղի Այգեպանի տնակը տարիների ընդմիջումից հետո 2020-ին վերաբացել է դռները խաղողագործների, գինեգործների ու ընդհանրապես՝ գինի սիրող յուրաքանչյուր մարդու համար: Այստեղ հյուրերին սպասում են տեղում պատրաստված գինիները՝ Շամշադինի համերի ուղեկցությամբ:

Այգեպանի տնակի (Gardener’s House) գործունեության, Տավուշի գինիների ու տեղի գինեգործների հետ համագործակցության մասին GastroVino-ն զրուցել է հյուրընկալությունների կազմակերպման ղեկավար Իրինա Սաֆարյանի եւ ծրագրերի զարգացման ու համագործակցության զարգացման ղեկավար Աշխեն Նազինյանի հետ:

Խորհրդային տարիներից ժառանգած տնակն ու Յուրիկ պապը

Իրինա Սաֆարյան. Տավուշի Աչաջուր գյուղի Այգեպանի տնակն իր նպատակային գործունեությունը սկսել է դեռեւս 1980-ական թվականներին եւ դրա գործունեության ականատեսը մեր ծնողներն են եղել: Այդ տարիներին տնակը բերքահավաքից առաջ ու հետո գեղեցիկ հավաքատեղի է եղել տարածաշրջանի գինեգործների համար:


Տնակը պատկանել է Աչաջուրի բնակիչ Յուրիկ պապին (Երեմ Օթարյան) եւ սպասարկել տարածաշրջանի գինեգործներին, խաղողագործներին ու գյուղատնտեսներին: Յուրիկ պապը շատ լավ խաղողագործ ու գինեգործ է եղել, որը թե այն ժամանակ, թե հիմա խաղողի այգիներ ունի:

Յուրիկ պապը


Նա հիմա էլ է այցելում Այգեպանի տնակ, հյուրերի հետ զրուցում, խորհուրդներ տալիս, նրանց ուղեկցում խաղողի այգիներ, մասնակցում գինու պատրաստման ընթացքին:

Յուրիկ պապը՝ հյուրերի հետ


ԽՍՀՄ փլուզումից հետո Այգեպանի տնակը դադարել էր գործել, կիսավեր էր եւ վերակառուցվեց միայն 2010-ականներին՝ պահպանելով հնի արտաքին տեսքն ու ֆունկցիոնալ նշանակությունը: Իսկ գաստրոոլորտում Այգեպանի տնակը սկսել է իր հիմնական գործունեությունը 2020-ի ամռանը՝ Ագրոտրենդ կազմակերպության նախաձեռնությամբ՝ մարզի խաղողագործության եւ գինեգործության լավագույն ավանդույթները ներկայացնելու ու շարունակելու նպատակով:


Խաղողի այգին, մինի գինեգործարանն ու համտեսի սրահը

Աշխեն Նազինյան. Gardener’s House-ը բաղկացած է երկու հիմնական մասից՝ մինի գինեգործարան եւ գինու համտեսի սրահ: Գործարանում ժամանակակից ստանդարտներին համապատասխան սարքավորումներ կան, որտեղ թե աչաջուրցիները, թե հարակից գյուղերի բնակիչները հնարավորություն ունեն բերել իրենց այգու խաղողն ու որակյալ գինի ստանալ: Ի տարբերություն տնային պայմաններում պատրաստվող գինու՝ այստեղ բնակիչները կարողանում են պահպանել գինու որակական եւ քանակական հարաբերակցությունը:

Օրինակ՝ եթե 1 տոննայից տնային պայմաններում կարելի է ստանալ 500լ գինի, այս դեպքում 250 լիտր գինի ավելի է ստացվում:

Իրինա Սաֆարյան. Այգեպանի տնակն ունի նաեւ իր խաղողի այգին, որտեղ մեր խաղողագործը՝ Արտուշ Կարապետյանը, մշակում է ամերիկյան ու ֆրանսիական շուրջ 6 խաղողի տեսակ, որոնք շատ լավ «փոխհարաբերություն» ունեն Տավուշի հողի ու արեւի հետ: Խաղողի այս տեսակները գինեգործին թույլ են տալիս ստեղծել հետաքրքիր խառնուրդներ:

Իրինա Սաֆարյանը


Տնակի այգում աճեցվող խաղողի գինին դեռեւս բրենդավորված չէ, այցելուները դրանց կարող են ծանոթանալ, համտեսել ու գնել մեր համտեսի սրահում: Ի դեպ՝ հենց տեղում հյուրերը հնարավորություն ունեն մասնակցել գինետուրի, իրականացնել գինու շշալցում եւ պիտակավորում։


Այգեպանի տնակում, բացի տեղում պատրաստված գինուց, ներկայացված է նաեւ մարզի այլ արտադրողների տեսականին:

Մեզ մոտ պարբերաբար հանդիպում են սկսնակ ու փորձառու գինեգործները, փոխանակվում փորձով, լսում խորհուրդներ գինու պատրաստման նորարական տեխնոլոգիաների մասին:

Շամշադինի համերը կամ արտադրված է Տավուշում

Իրինա Սաֆարյան. Տավուշյան արտադրանքը այցելուների մոտ հայտնի դարձնելը Այգեպանի տնակի կարեւոր նպատակներից մեկն է: Շամշադինի չրերի, պանրի ու մսի տեսականին լավագույնս համադրվում են գինու հետ:

Մեզ մոտ ներկայացված են Տավուշում ամենատարբեր համեմունքով արտադրվող պանիրները՝ ռեհանով, ուրցով, ընկույզով, ինչպես նաեւ Նավուր գյուղի հայտնի բիչինան (խոզապուխտ): Այս ամենից գինու հետ համադրվող սեթեր ենք պատրաստում:


Այգեպանի տնակում բացի տեղում պատրաստված գինուց՝ բերքահավաքից հետո հնարավորություն կլինի համտեսել խաղողի թարմ քամված հյութը:

Ձմեռային ճաշացանկի գլինտվեյնը

Իրինա Սաֆարյան. Gardener's House-ի ձմեռային մենյուի մաս է կազմում գլինտվեյնը (տաք գինին):


Գլինտվեյնի համար կարմիր գինին եռացնում ենք, համեմում ենք խնձորով, նարինջով, ավելացնում Իջեւանում արտադրված կոմպոտներից եւ ստանում ենք տաք, թեթեւ ալկոհոլային ըմպելիք:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Այգեպանի տնակի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին