×

Լուսանկարը՝ Արթուր Ալթունյանի արխիվից

Ijevan Mixfood Tour. Արթուր Ալթունյանի սիրով լցված ռեստորանը

Իջեւանում ռեստորան որոնելիս՝ եթե որոշեք մտնել Google-ի քարտեզը եւ ուսումնասիրել մոտակա վայրերն ու դրանց վարկանիշը, առաջինը կնկատեք Արթուր Ալթունյանի էկո-թարմ սննդի ռեստորանը։ Իջեւանում ռեստորանների ընտրությունը մեծ չէ, իսկ Արթուրի ուտեստները կարողացել են նվաճել ոչ միայն տեղացի, այլեւ զբոսաշրջիկ այցելուների սրտերը։ Քարտեզում «րիվյուներից» բացի՝ կտեսնեք նաեւ Արթուրի ավանդական սելֆիները զբոսաշրջիկների եւ տեղացի այցելուների հետ։ Այս սելֆիներն էլ Ijevan Mixfood Tour-ում սնվելու «ծիսակարգի» անբաժան մասն են։ Այս նկարները «պտտվում են» նաեւ ռեստորանում՝ էկրանին, այնպես որ եթե ձեր այցից հետո ընկերները գնան այնտեղ, անպայման էկրանին կտեսնեն ձեզ։

Մի քանի մասնագիտությունների տեր Արթուր Ալթունյանը ժամանակին աշխատում էր Իջեւանի ավտոդպրոցում, որի հարեւանությամբ էլ այժմ գտնվում է նրա փոքրիկ ռեստորանը։ Երբ ավտոդպրոցը ժամանակավորապես փակվեց, Արթուրը մեկնեց Ռուսաստան։ Երկու տարի անց վերադարձավ Իջեւան, եւ իմացավ, որ ավտոդպրոցի բուֆետի շենքը վաճառվում է։ Գնեց ու հենց այդ տարածքում էլ սկսեց նոր ռեստորանի հիմնումը։

Լուսանկարը՝ Արթուր Ալթունյանի արխիվից


«Զրոյից սկսեցի այս գործը։ 1000 դրամով մտա այս շենք ու սկսեցի աշխատել։  Հանրային սննդի ոլորտում պատասխանատվությունն ու դժվարությունները մի քանի անգամ շատ են։ Ճիշտ է՝ մեծ ու ճոխ ռեստորան չենք, բայց ամեն ինչ սիրով եմ անում եւ ամեն այցելուին յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերում, այդ վերաբերմունքն ու միջավայրը մարդիկ գնահատում են, դրա շնորհիվ վերադառնում են ինձ մոտ: Ինձ համար կարեւոր է, որ այցելուներն այստեղ ազատ լինեն եւ զգան իրենց ինչպես տանը»,- GastroVino-ին պատմել է Արթուրը։   

Ամեն մի նոր կամ վերադարձող այցելուի հետ Արթուրի ոգեւորությունը մեծանում է եւ նա սկսում է մտածել՝ ինչպես կատարելագործել ռեստորանը, որպեսզի մարդկանց էլ ավելի լավ սպասարկի։

Ռեստորանի ինտերիերից մինչեւ մենյու՝ ամենը Արթուրի մտածածն է, ճաշատեսակներն էլ անձամբ է պատրաստում։

Լուսանկարը՝ Արթուր Ալթունյանի արխիվից


«Բոլոր ուտեստներն ինքնուրույն եմ մտածել, դրա համար էլ մարդիկ միշտ ասում են, որ յուրատեսակ համ ունեն։ Տարբեր նախասիրություններ ունեցող այցելուների համար մեզ մոտ համեղ մի բան կգտնվի, եթե անգամ մենյուում էլ չի լինում, արագ մի բան մտածում եմ։ Ինձ համար չափազանց կարեւոր է սննդի որակը։ Հենց մեր Տավուշի մարզում արտադրված ապրանք եմ վերցնում։ Օրինակ, խոզի ամենահամով միսը Տավուշինն է»,- ասում է Արթուրը։

Լուսանկարը՝ Արթուր Ալթունյանի արխիվից


Այս ռեստորանում ճաշատեսակի ստեղծումը կարող է անգամ ամիսներ տեւել։ Արթուրի խոսքով՝ իր ռեստորանի հավի մսի խորովածի համը մի քանի ամսում է կարողացել ստանալ՝ բաղադրատոմսերի համբերատար փորձարկումների արդյունքում։

Լուսանկարը՝ Արթուր Ալթունյանի արխիվից


«Կան գաղտնիքներ, որոնք կապված են աղի չափաքանակի, համեմունքների ընտրության եւ դրանց համադրությունների, եփման տեւողության հետ։ Իմ խոզի խորովածն իսկապես բացառիկ համ ունի»,- ասում է Արթուրը։

Լուսանկարը՝ Արթուր Ալթունյանի արխիվից


Միաժամանակ մեծ թվով մարդկանց ընդունելիս երբեմն դժվար է լինում, բայց հավատարիմ հաճախորդները գիտեն դա ու գալուց առաջ նախապես ամրագրում են։ Զբոսաշրջիկներին ոչ միայն այստեղի ուտեստներն են դուր գալիս, այլեւ Արթուրի հետ զրույցները։

Մարի Թարյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին