×

Հովհաննես Մկրտչյանը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Հայ խոհարարը դարձել է ռեստորանային սպորտի աշխարհի փոխչեմպիոն


Հայ խոհարար, շեֆ-հրուշակագործ Հովհաննես Մկրտչյանը ռեստորանային սպորտի համաշխարհային առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Երրորդ անգամ անցկացվող մրցույթն այս տարի պետք է տեղի ունենար Բուլղարիայում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել էր Սանկտ Պետերբուրգ։

Սեպտեմբերի 11-13-ն անցկացված մրցույթում 1-ին տեղը գրավել է Ուզբեկստանի ներկայացուցիչը, 2-րդ տեղը հայազգի խոհարարի հետ կիսել է Ռուսաստանի ներկայացուցիչը, 3-րդը Իսրայելի ներկայացուցիչն է եղել։


21-ամյա խոհարար Հովհաննես Մկրտչյանը GastroVino-ին պատմել է, որ մասնակցության հրավերը ստացել է մրցույթից 10 օր առաջ։ Սահմանափակումների պատճառով հայ խոհարարը չի կարողացել մեկնել Ռուսաստան եւ ստիպված է եղել մասնակցել առցանց։

Մրցույթի ժյուրին առաջարկել է բաղադրիչներ, որոնցով հայ խոհարարը պատրաստել է հեղինակային երեք ուտեստ՝ ավոկադոյով ու քինուայով (սագախոտ) աղցան, գրիլ արված հավի կրծքամիս՝ դեմիգլաս սոուսով ու բանջարեղենով եւ տավարի սուկիով (կրծքամսի մի հատված) ուտեստ։ Հայ խոհարարի պատրաստած ուտեստները ժյուրին գնահատել է հեռավար տարբերակով։

«Անհանգստանում էի, որ ժյուրին չի զգալու իմ պատրաստած ուտեստների բույրը, չի համտեսելու, բայց դա էլ չխանգարեց, որ զբաղեցնեմ 2-րդ տեղը»,- ասել է խոհարարը։

Հովհաննես Մկրտչյանը նաեւ պատմել է, որ իր հետաքրքրության համար է մասնակցել խոհանոցային առաջնությանը, հաղթանակի չի սպասել։ Ընկերները նախ համացանցից տեղեկացել ու հայտնել են, որ Հովհաննեսը եզրափակիչ անցած չորս մասնակիցների թվում է, ապա, կրկին ծանոթներից, իմացել է փոխչեմպիոն դառնալու մասին։

«Եզրափակչում հայտնվելուց հետո էլ ավելի մեծ պատասխանատվություն զգացի, քանի որ Հայաստանը ներկայացնում էի գրեթե 40 երկրի մասնակցությամբ մրցույթին։ Երկու տեղ աշխատելու պատճառով լուրերին հետեւելու ժամանակ չունեի։ Երզրափակչում հայտնվելու լուրից ուրախացա, բայց միանգամից անցա գործերիս։ Հետո կրկին ուրիշներից իմացա, որ փոխչեմպիոն եմ դարձել»,- պատմել է Հովհաննես Մկրտչյանը։

Հովհաննես Մկրտչյանը Լուսանկարը՝ անձնական արխիվից


Նա աշխատանքային 8 տարվա փորձ ունի, խոհարարությամբ զբաղվում է 12 տարեկանից, երբ սկսել է սովորել Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ-ի եւ Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սեդրակ Մամուլյանի մոտ։

Խոհարար, շեֆ-հրուշակագործ Հովհաննես Մկրտչյանն այժմ աշխատում է Seasons ռեստորանում, նաեւ հրուշակագործության դասընթացներ է անցկացնում եւ առաջիկայում սեփական հրուշակագործության կենտրոնն է բացելու։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին